Լրահոս
Օրվա լրահոսը

«Գրականությունը փրկություն որոնելու աշխարհ է»

Հունվար 13,2022 12:00

Ասում է գրող, մանկավարժ Նաիրա Աբրահամյանը

– Մեր զրույցը չենք կարող սկսել՝ չխոսելով գրականության մասին։ Այս ծանր շրջանում գրականությունն ինչքանո՞վ է կարողանում գրավել մարդուն։

– Գրականությունը համարվելով հասարակության հոգեւոր կյանքի կարեւոր բնագավառներից մեկը, իրականության ճանաչման, արտացոլման ձեւերից երեւի թե կարեւորագույնը՝ ինձ համար դարձավ ու մնաց նաեւ արդարամիտ ու ազնիվ խորհրդատու, համբերատար ու շիտակ հոգեբան, ով քեզ լսում է՝ վատնած ժամերի համար խութ ու արգելանք չսահմանելով, ում համարձակորեն վստահում ես անլուծելին, խճճվածը, օտարոտին։ Այն փնտրտուքների ու անհայտության բացահայտման ակունք է։ Գրականության անեզրության մեջ հոգիդ ու միտքդ միշտ կուշտ աչքով են ապրում, օր օրի դառնում են ընչավոր ու լրջամիտ։ Գրականությունն այն ազնիվ հոգեկիցներից է, ում անթաքույց համարձակությամբ կարող ես արթնացնել անգամ գիշերը՝ խորը քնի ամենահաճելի պահերին։ Գրականությունը «իմ տեսակ» հոգիների ճար ու ճանակն է, փրկանքներից՝ լավագույնը։ Ցավում եմ նրանց համար, ովքեր գեղարվեստ բառն իրենց հոգուն ու մտքին մոտիկ թողնելու փափագ, ցանկություն երբեւէ չեն ունեցել ու չունեն։ Գրականությունը փրկություն որոնելու անվերջանալի աշխարհ է։

– Վերջին տարիներին հատկապես թարգմանական գրականությունը նոր թափ է առել։ Հաճա՞խ եք ընթերցում արտասահմանյան արձակ ու չափածո։

– Իսկապես, այսօր մեր գրականության վերընթաց զարգացումներից մեկն էլ համարվում է թարգմանական գրականությունը։ Այսօր ընթերցողին մնում է միայն ընտրություն կատարել ու վայելել հրատարակչություններից շատերի, նաեւ անհատ թարգմանիչների հրատարակած արտասահմանյան հայտնի ու դեռեւս անհայտ հեղինակների գրագետ թարգմանված գործերը։ Թարգմանչական վարպետությամբ ինձ համար առանձնացնում եմ հատկապես Ռուզաննա Պետրոսյանի, Մարգարետ Ասլանյանի, Զավեն Բոյաջյանի, Շամրիկ Խաչատրյանի մատուցած ստեղծագործությունները։

– Նաեւ դասավանդում եք դպրոցում։ Ձեր աշակերտներին հորդորո՞ւմ եք օտարագիր գրողների գրքեր ընթերցել։

– Աշակերտին ընթերցանության մղելն ինձ համար արդեն իսկ հաղթանակ է։ Ամեն գնով փորձում եմ սովորողների համար մի խթան, միջոց, հնար գտնել, հետաքրքիր դեպք ու դիպված ստեղծել ընթերցանության նկատմամբ հետաքրքրություն առաջացնելու համար։
Հատկապես ամառային ընթերցանության համար առաջարկվող գրքերի շարքում միշտ երկու-երեք գիրք առաջարկում եմ արտասահմանյան գրականությունից։ Օրինակ՝ նախորդ տարի Բալզակի «Հայր Գորիո» ստեղծագործության վերաբերյալ կազմակերպած դաս-քննարկումն ազդակ հանդիսացավ, եւ երեխաներից ոմանք մեծ հետաքրքրություն ցուցաբերեցին հատկապես ֆրանսիական գրականության նկատմամբ։ Բայց արտադասարանային ընթերցանության ընթացքում ոչ հաճախ եմ անդրադառնում օտարագիր գրողներին։ Կարծում եմ՝ պատանի ընթերցողը նախ պետք է հաղորդակից դառնա, ընթերցի իր ազգային, դասական գրականությունը, ապա հետաքրքրություն փնտրի ու գտնի օտար հեղինակների ստեղծագործություններ ընթերցելով։ Ասեմ նաեւ՝ աշակերտական շրջանում եւս անվրեպ չեմ թողնում ժամանակակից գրականության անդրադարձը։ Մեկ ուստարվա ընթացքում փորձում եմ հասցնել գոնե չորս-հինգ ժամանակակից գրողի ստեղծագործություններին անդրադառնալը։ Անչափ տպավորիչ ու արդյունավետ է ստացվում, երբ տվյալ դաս-միջոցառումներին ներկա են լինում քննարկվող գործերի հեղինակները։ Ամենաչնչին հնարավորության դեպքում հանդիպումները կազմակերպում եմ ինքնատիպ ու միմյանցից տարբերվող ձեւաչափով՝ փորձելով մատաղ սերնդի հոգում գտնել ու հատկացնել գրականության համար մի ուրույն անկյուն։

– Գրական մամուլում հրատարակված մի շարք պատմվածքներ ունեք, իսկ պոեզիան ձեզ չի՞ գրավում։

– Գրականության հետ իմ լրջագույն մտերմությունը սկսվեց պոեզիայով։ Դեռ մանկությանս տարիներին հեքիաթը, ցավոք, շատ շուտ լքեց իմ հետաքրքրությունների սահմանագիծը։ Ինձ ուշագրավ մտերմությամբ գրավում էր գեղարվեստական չափածո խոսքն իր ռիթմական միավորներով, տաղաչափական կազմությամբ ու օրինաչափություններով, որը, իհարկե, այդ տարիներին լիովին հասկանալ ու ըմբռնել չէի կարողանում։ Բերանացի արված բանաստեղծությունների թիվը տասնյակների էր հասնում (երանի թե հիմա էլ կարողանայի)։ Փակվում էի սենյակում, զիլ ձայնով կարդում ու ապրում էի պոեզիայով։ Հետո ինձ գրավեց թատերգությունը։ Ապրելով գյուղում՝ թատրոն հաճախելու հնարավորություն չունեի։ Այդ ամենը լրացնում էի հեռուստա-ռադիո ներկայացումներ դիտելով ու ունկնդրելով։ Միանշանակ ակնառու էր. հոգիս արվեստի հետ մտերմանալու «միջնորդներ» էր փնտրում։

Մամուլում առաջին անգամ տպագրվեցի չափածո ստեղծագործություններով։ Անասանելի ոգեւորություն էր ինձ համար «Գարուն» ամսագրի ինձ հատկացրած էջում տպագրված տեսնել անհանգ, սպիտակ բանաստեղծություններիս փունջը։ Գյուղագրությանը սկզբում ծառայեցնում էի բանաստեղծական տողեր, բայց հետո դուրս եկա չափի բերված գեղարվեստ խոսքի սահմաններից՝ թեւածելով արձակի անջրպետ ու երկնապատիկ տարածություններում։

– Ձեր պատմվածքներում մշտապես գյուղական միջավայր ենք տեսնում, հյութեղ պատկերներ ու պահեր։ Ինչո՞ւ է ձեզ գյուղը գրավում ու ե՞րբ եք զգում, որ ձեր գրած տողն ուժ ունի ոչ միայն ընթերցողի համար, այլեւ՝ ձեզ համար։

– Ճիշտ եք նկատել, իմ գործերում փորձում եմ «վրձնել» գյուղագրության կենդանի ու խոսուն պատկերներ՝ ապրեցնելով մտացածին, ինձ համար ծանոթ ու անհայտ կերպարներին։ Իմ բառն ասֆալտի վրա ապրել չի կարողանում։ Այստեղ առվի քչքչոց չկա, հնձվորի ու ռամիկի քրտինքի կաթիլ չկա, նեկտարաթեւ բզեզի ճախր չկա, այստեղ աղոթարանի հետ արթնացող գառների մայուն չկա, բանջար հանող հարս ու աղջկա երգ չկա, այստեղ տատս չկա, գոգնոցից բուրող ռեհանի ու դաղձի բույր չկա… Իմ բառերին ես ծնունդ եմ տալիս, օծում ու օրհնում եմ հանդ ու հողի գրկում, հետո երազի թեւով ինձ մոտ եմ բերում ու դասդասում թղթին։

– Երբեւէ ձեր հեղինակային ստեղծագործության շուրջ քննադատություն լսե՞լ եք։ Գրաքննադատությունն ինչքանո՞վ է օգնում գրողին ճիշտ ուղու վրա կանգնել ու սեփական ստեղծագործությունները հղկել։

– Ինչ խոսք, գրաքննադատությունը նպաստում է գրականության զարգացմանը, օգնում եւ լուծումներ առաջարկում նրա առջեւ ծառացած խնդիրների իրագործմանը։ Այն ստեղծագործությանն ընդհանուր գնահատական տալու միտում ու պահանջ ունի։ Գրաքննադատությունը, ինչպես ասում են՝ ծանր գալիս է, օգտավետ նստում։

Ինձ համար անգամ հաճոյություն է, երբ գրականության մեջ մեծ խոսք ու կշիռ ունեցող մարդիկ հետաքրքրվում են իմ արձակով։ Այս դեպքում նրանց կողմից հնչեցրած յուրաքանչյուր դիտարկում, քննադատություն՝ միայն սպեղանի ու դարման է դառնում իմ ստեղծագործությունների կայունության ու ամրության համար։ Այսինքն՝ գրականությանս մեջ դուրս ցցված մի քիվ, բաց մնացած ճեղք ու անցք արդարամիտ խոսք ու խրատի միջոցով ստանում է իր բաժին ծեփը, եւ դրսից ներս թափվող ձնհալի ու անձրեւաջրերի կաթոցների համար էլ տեղ չի մնում։

Զրուցեց Վովա ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆԸ

«Առավոտ» օրաթերթ
12.01.2022

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել