«Գորիսի պետական համալսարան» ՊՈԱԿ-ի նախկին ռեկտոր Արտուշ Ղուկասյանը, որը պաշտոնանկությունից հետո ՝ 2021 թվականի դեկտեմբերի 20-ին նշանակվել էր կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի (ԿԳՄՍ) նախարարի խորհրդական, հունվարի 12-ին ընտրվեց համալսարանի խորհրդի նախագահ։
Խորհրդի 20 անդամներից 6-ը մասնակցում էին առցանց։ Խորհրդի անդամ Գորիսի պետական համալսարանի դասախոսներից մեկը նախագահի պաշտոնում առաջադրեց Արտուշ Ղուկասյանի թեկնածությունը։ Այլ առաջադրումներ չեղան։ Քվեարկությանը նա ստացավ 19 կողմ, մեկ հոգի ոչ թե չքվեարկեց, այլ քվեարկության պահին, ինչպես մեր աղբյուրներն են նշում՝ «կորավ»։
Արտուշ Ղուկասյանը Aravot.am-ի հետ զրույցում ասաց, որ չի հետաքրքրվել, թե ով չկար այդ պահին։ «Գիտեք, հիմա մարդ էր, գուցե կարիք կար դուրս գալու, չգիտեմ՝ ես չեմ կարեւորում այդ փաստը»,-ասում է Ղուկասյանը։
Անդրադառնալով Գորիսի պետական համալսարանի արհեստակցական կազմակերպության նախագահ Համլետ Հովսեփյանի այն տեսակետին, որ իր ընտրվելուց հետո Գորիսի պետական համալսարանը կդառնա դժգույն ու դժբախտ՝ Ա․ Ղուկասյանն ասաց․ «Հարցրեք ուրիշների կարծիքները, կարծում եմ, եթե վատ աշխատեի, չէի գնահատվի ու նոր աշխատանք չէին առաջարկի ինձ»։
Կարդացեք նաև
Արտուշ Ղուկասյանը հերքեց նաեւ այն տեղեկությունները, որ խորհրդի անդամները ուղղորդվել էին վարչապետի գլխավոր խորհրդական Արայիկ Հարությունյանի կամ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանի կողմից։ «Կաշխատեմ, եթե զգամ, որ չի ստացվում իմ մոտ, որ չեմ կարողանում օգտակար լինեմ այս պաշտոնում, որ զգամ լիազորություններս չի ներում համալսարան բերեմ նորարական ծրագրեր, ապա ես չեմ աշխատի որպես խորհրդի նախագահ»,-նշում է Արտուշ Ղուկասյանը։
Ըստ մեր զրուցակցի, բացի խորհրդի նախագահ ու քարտուղար ընտրելուց, խորհուրդը հաստատեց նաեւ կանոնակարգն ու տարվա բյուջեն։ Առաջիկա նիստում նախկին ռեկտորի հաշվետվությունը կհաստատվի, ինչպես նաեւ կհայտարարվի նոր ռեկտորի ընտրություն։
Արմեն ԴԱՎԹՅԱՆ