Գյումրեցի Ավետիսյանների սպանությունից անցել է 7 տարի, սակայն այս քաղաքի բնակիչներին այդպես էլ անհայտ մնաց՝ իրականում ո՞վ սպանդի ենթարկեց 7 հոգանոց այս ընտանիքը՝ չխնայելով անգամ երկու փոքրիկներին, ո՞րն էր շարժառիթը, ո՞վ էր պատվիրատուն։
Ռուսական ռազմաբազայում քննված քրեական գործը ոչինչ չբացահայտեց, հակառակը՝ նոր հարցեր առաջացրեց, խորացրեց գյումրեցիների կասկածները։
Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար, Ավետիսյանների իրավահաջորդի ներկայացուցիչ Արթուր Սաքունցը մեզ հետ զրույցում ասաց, որ այն իր համար չբացահայտված սպանություն է, քանի որ անհայտ է թե՛ շարժառիթը, թե՛ իրական հանցագործություն կատարած անձը․ այս ամենը բացահայտելու ուղղությամբ օբյեկտիվ, բազմակողմանի քննություն չի ընթացել։
Կարդացեք նաև
Ըստ նրա, եթե սպանության շարժառիթը հայտնի չէ, ինչպես կարելի է հանցագործությունը համարել բացահայտված։
Արթուր Սաքունցը նաև տեղեկացրեց, որ որպես Ավետիսյանների հարսի և երեխաների իրավահաջորդի ներկայացուցիչ՝ իրենք դիմել են Եվրոպական դատարան՝ կյանքի իրավունքի խախտման փաստով ոչ արդյունավետ քննություն իրականացնելու հիմքով։ Դիմումը ուղարկված է, սակայն դեռ նորություն չկա, սպասում են Եվրոպական դատարանի վճռին։
Ավետիսյանների սպանության մեջ մեղադրված ռուսական ռազմաբազայի զինծառայող Վալերի Պերմյակովից ևս նորություն չունեն, նրան տեղափոխել էին Ռուսաստանի Դաշնություն՝ պատիժը կրելու, սակայն անհայտ է՝ որտե՞ղ է կրում պատիժը կամ կրո՞ւմ է, թե՞ ոչ։
«Մենք մի անգամ դիմել էինք, ոչինչ չէին ասում, հայտնի չէ՝ պատիժ կրո՞ւմ է, չի՞ կրում, ողջ է, թե ոչ, ոչ մի բանից տեղյակ չենք, նրան տեղափոխեցին Ռուսաստան, միայն այսքանը գիտենք»,-ասաց Արթուր Սաքունցը։
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ