«Ներսում քննչական գործողություններ են կատարվել: Ծանր վիրավորանքի հոդվածով այսուհետ կասկածյալի կարգավիճակով Արմինե Ադիբեկյանը իմ հոբելյանական՝ 10-րդ վստահորդն է: Գործը որոշակի թղթաբանություն է ենթադրում: Նաեւ ստորագրություն չհեռանալու մասին խափանման միջոց կիրառվեց: Մեզ առաջարկվեց ցուցմունք տալ՝ մենք այս պահի դրությամբ ոչինչ չունենք ասելու: Ժամանակը կգա, դրա մասին կխոսենք, հատկապես, եթե խոսքը վերաբերում է հրապարակային դատավարությանը: Մեր ցուցմունք չտալն ամենեւին չի նշանակում, թե տիկին Ադիբեկյանը ընդունում է մեղքը: Լրիվ հակառակն է: Եվ ունենք կասկածներ, որ շուտով տիկին Ադիբեկյանը այս գործում մեղադրյալի կարգավիճակ ձեռք կբերի»,- Նոր Նորքի ոստիկանությունից դուրս գալով լրատվամիջոցներին հայտարարեց ադրբեջանագետ Արմինե Ադիբեկյանի շահերը ներկայացնող Ռուբեն Մելիքյանը:
Կասկածյալի կարգավիճակ ձեռք բերած Արմինե Ադիբեկյանը, պատասխանելով հարցին, թե շարունակելո՞ւ է իր ֆեյսբուքյան գրառումներում մեջբերել Նիկոլ Փաշինյանին, ասաց. «Նիկոլ Փաշինյանի որոշակի դիպուկ որակումներ, իհարկե, շարունակելու եմ կիրառել նրա համախոհների եւ թիմակիցների նկատմամբ: Եթե նրանք ունեն ինչ-որ բան ասելու կամ բողոքի ակցիաներ կազմակերպելու, ապա թող առաջինը պատասխանատվության հրավիրեն Նիկոլ Փաշինյանին: Եվ մենք բոլորս, վստահ եմ, պատրաստ ենք կիսել Նիկոլ Փաշինյանի այդ մեղավորության բեռը»:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ