Ադրբեջանագետ Արմինե Ադիբեկյանը հրավիրվել է Նոր Նորքի ոստիկանության բաժին: Նրա շահերը ներկայացնող Ռուբեն Մելիքյանը լրագրողներին ասաց. «Մենք այստեղ հրավիրվել ենք հարցաքննության՝ ծանր վիրավորանքի գործով, որը արդեն տեւական ժամանակ դարձել է Հայաստանում խոսքի ազատության, բողոքելու ազատության ճնշման մի գործիք: Եվ զավեշտն այն է, որ առհասարակ վիրավորանքի, զրպարտության համար քրեական պատասխանատվությունը վերացնելը դեռ 2000-ականների սկզբին եղել է Հայաստանի՝ Եվրոպայի Խորհրդին անդամակցելու պայման: Եվ հիմա այն մարդիկ, ովքեր այս պայմանը դրել են, հետեւողական են եղել, Հայաստանն էլ վերացրել է դրա քրեական պատասխանատվությունը, իսկ այս նոր իշխանությունները դա վերականգնում են, հատկապես արեւմտյան շրջանակներից որեւէ արձագանք չկա: Ես չգիտեմ՝ դրա գինը որն է. Հայոց ցեղասպանության պահանջատիրությունի՞ց հրաժարվելն է, արցախահայության շահերն այլեւս չհետապնդե՞լն է… Ի՞նչ գին է վճարում ներկայիս իշխանությունը իր քաղաքական հակառակորդների դեմ պայքարելու այս գործիքը պահպանելու համար: Թեեւ մենք վստահ ենք, որ այս գործիքը երկար կյանք չունի, բայց ստիպված ենք, պարտավոր ենք ներկայանալ ոստիկանություն»:
Ռուբեն Մելիքյանը տեղեկացրեց, որ ֆեյսբուքյան գրառում է եղել: «Տիկին Ադիբեկյանը հայտնի մարդ է, այլ հայտնի մարդիկ կան, որ այս հոդվածով հետապնդման են ենթարկվում: Ես ձեզ հավատացնում եմ, որ հարյուրավոր մարդիկ էլ կան, որոնք հանրային դեմքեր չեն, մարդիկ են, որոնք իրենց ցասումն ու զայրույթն են արտահայտում այն խայտառակության վերաբերյալ, որը մեր երկրում վերջին մեկ-մեկուկես տարին կատարվում է: Այդ հարյուրավոր մարդկանց են կանչում, վախեցնում, պատասխանատվության կանչում: Մենք պետք է ամբողջական պատկեր ունենանք: Սա ահազանգ է ոչ միայն տիկին Ադիբեկյանի մասով, այլեւ առհասարակ»,- հավելեց Ռուբեն Մելիքյանը:
Լրագրողները Արմինե Ադիբեկյանից հետաքրքրվեցին, թե այդ ի՞նչ գրառում է արել, որ հետաքրքրել է իրավապահ համակարգին: «Կոնկրետ այն դրվագով, որի համար հրավիրվել եմ, ես ընդամենը ցիտել եմ Նիկոլ Փաշինյանի՝ իր գրքում օգտագործված բառամթերքը իր համախոհների եւ իր թիմակիցների հասցեին: Ես ուզում եմ նշել, որ մարդիկ, որ այս անպատվությունը բերին մեր գլխին եւ շարունակում են անպատիվ քայլեր կիրառել եւ կատարել հայ ժողովրդի ու հայոց պետականության դեմ, զոռբայությամբ եւ ապօրինի տեսքով փորձում են իրենց արժանապատվությունը հաստատել, կցանկանամ հայտնել. պարոնայք, արժանապատվությունը ձեռք է բերվում պատշաճ աշխատանքով, կերտվում է ամեն օր բարի գործերով, հայանպաստ եւ պետականաշեն գործողություններով, այլ ոչ թե իմ կամ իմ կոլեգաներին քաղմաս բերելով, քննչականով, քրեական գործ հարուցելով: Միգուցե, դուք ձեր արժանապատվությունը կրկին դրել եք վաճառքի եւ փորձում եք մեզանից փող պոկել: Անգամ ուզում եք ձեր անպատվության հաշվին փող աշխատել: Իմ համար դա անհասկանալի է: Նրանք առաջին հերթին չեն կարող ինձ եւ իմ նմաններին լռեցնել, ոչ մի հոդված չի կարող ինձ զրկել իմ զայրույթը արտահայտելու իրավունքից: Երկրորդ. խորհուրդ կտամ ուշադիր կարդաք ձեր առաջնորդի գրած գիրքը եւ այդ գրքում կիրառված բառամթերքը, որը ես իրավունք եմ վերապահում օգտագործել ձեր իսկ հասցեին, քանզի այդ իրավունքը ինձ տվել է ձեր առաջնորդը:
Եվ վերջապես, եթե ուզում եք արժանապատիվ վերաբերմունք ձեր հանդեպ ցուցաբերվի, ապա առաջին հերթին դուք պետք է արժանապատիվ լինեք մեր հայրենիքի, մեր ժողովրդի, մեր պետականության նկատմամբ»:
Կարդացեք նաև
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ