Լրահոս
Օրվա լրահոսը

«Արարատ Միրզոյան, չի կարելի կրկնել նույն քաղաքական տհասությունը». Նաիրա Զոհրաբյան

Հունվար 12,2022 19:11

«Սա այլեւս տպավորություն չէ, մենք ապրում ենք բացարձակ անիշխանության պայմաններում: Գյուղացին չգիտի՝ տան բակում կանգնած է, մտնի՞ տուն, թե՞ չէ: Տեղական իշխանությունները որեւէ տեղից տեղեկություն չէին կարողանում ստանալ, թե ինչ անեն, ո՞րն է լինելու իրենց հաջորդ քայլը»,- այսօր «Հայելի» մամուլի ակումբում կայացած ասուլիսում հայտարարեց ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը՝ անդրադառնալով երեկ Վարդենիսում տեղի ունեցածին, ինչի արդյունքում հայկական կողմն, ըստ պաշտոնական տեղեկությունների, երեք զոհ ունի:

Նաիրա Զոհրաբյանին զարմացրել է այն, որ իրենից բացի այլ քաղաքական գործիչ երեկ Վարդենիսում չի եղել: Խոսքը ընդդիմության ներկայացուցիչների մասին է, քանի որ իշխանության ներկայացուցիչներից ինքը սպասելիքներ չունի, քանի որ անգամ այս պայմաններում, «նախկին ռազմական ադմիրալը, ով դարձել է իշխանության խոսնակը», հայտարարում է, որ Թուրքիայից եւ Ադրբեջանից այլեւս վտանգ սպասել չենք կարող: Դիմելով ընդդիմադիր գործիչներին էլ ասաց. «Եթե շատ գործիչների թվում է, որ իրենց ռազմաճակատը ֆեյսբուքյան ստատուսներն են, ապա հանրությունը շատ լավ ֆիքսում է, ձեր ֆեյսբուքյան մարտերի ՕԳԳ-ն՝ զրո»:

«Հայաստանի սուվերեն սահմանին տեղի են ունենում ռազմական գործողություններ: Ըստ էության, սա պատերազմ է, եւ այսօր, երբ որ դու պատերազմի մեջ ես, երբ որ դու Ադրբեջանի հետ ունես ոչ թե սահման, այլ ճակատ, ռազմականացված գոտի եւ ռազմականացված գոտում սկսել սահմանազատման եւ սահմանագծման գործընթաց՝ սա պետական դավաճանություն է: Իմ վերլուծությունը շատ պարզ է. Նիկոլ Փաշինյանը Սոչիում եւ Բրյուսելում բանավոր ստանձնած պարտավորություններ ունի՝ սկսել սահմանազատման եւ սահմանագծման գործընթաց, իմ տպավորությամբ, ինքը փորձում է հերթական անգամ ֆռռացնել խոշոր խաղացողներին եւ ձգել այդ գործընթացը: Ադրբեջանը չի սպասելու, Թուրքիան չի սպասելու, տարածաշրջանով շահագրգիռ խոշոր խաղացողները չեն սպասելու եւ Հայաստանի սուվերեն սահմանին այս գործողությունները պատասխանն են սրա»,- ասաց Նաիրա Զոհրաբյանը՝ հիշեցնելով քանիցս հայտարարված ինչ-ինչ բանավոր պայմանավորվածությունների մասին եւ Սոչիում կայացած հանդիպումից հետո, թե ՌԴ նախագահի, թե Ալիեւի, թե Փաշինյանի կողմից արված հայտարարությունները՝ սահմանազատման-սահմանագծման գործընթացի մասին:

«Նիկոլ Փաշինյանը հասկանում է, որ ադրբեջանական նախիրը 2021թ. մայիսի 12-ից գտնվում է ՀՀ սուվերեն տարածքում… Երեկ ԱԳՆ տարածած հաղորդագրությունը ես համարում եմ քաղաքական բռակ: Արարատ Միրզոյան, չի կարելի կրկնել նույն քաղաքական տհասությունը, ասել՝ հայելային, երկկողմանի հետ քաշեք զորքերը: Մենք մտել ենք Ադրբեջանի սուվերեն տարա՞ծք: Ադրբեջանը 41 կմ ներխուժել է ՀՀ տարածք»,- ասաց Նաիրա Զոհրաբյանը՝ հավելելով, որ համամիտ է ՀՀ ՄԻՊ-ի գնահատականին՝ այդ հայտարարության քաղաքական վտանգների մասով:

Ինչ վերաբերում է Ղազախստան զորք ուղարկելու ՀԱՊԿ որոշմանը, որի կազմում է նաեւ հայկական ստորաբաժանումը, բանախոսն ասաց, որ, որպես ՀԱՊԿ նախագահող երկիր՝ Փաշինյանը չէր կարող չստորագրել զորքերը Ղազախստան ուղարկելու համար. «Դրա համար մեր խորհրդարանական ընդդիմությունը լռում է, ավելին, պաշտպանում է այդ քայլը: Համենայնդեպս, առաջին դեմքերից չեմ լսել հակադրվեն: Բայց որ Հայաստանն իր զորամիավորումներից ոչ 70, ոչ 100 հոգի չպետք է ուղարկեր Ղազախստան, դրա համար քաղաքական եւ ռազմական հստակ հիմնավորում կար. Հայաստանն այսօր գտնվում է պատերազմի մեջ: 2020 թվականի նոյեմբերի 9-ի խայտառակ, կապիտուլյացիոն, ստրկաբարո, թրքահաճո, ճորտատիրական կապիտուլյացիոն պայմանագրով պատերազմը չի ավարտվել»:

Նա նաեւ հավելեց, որ այս օրերին սոցիալական ցանցերում հազարավոր օգտահաշիվներ են բացվել թուրքական եւ ադրբեջանական սկզբնաղբյուրներից՝ հայերի անուններից, որտեղով ղազախական ժողովրդի դեմ տարբեր բացասական բաներ են տարածվում՝ վտանգելով Ղազախստանի հայերի կյանքը: Թե ինչ զարգացումներ կլինեն Ղազախստանում, ամիսների ընթացքում պարզ կլինի, բայց նա ահազանգում է, որ վտանգված է տեղի հայ բնակչության ֆիզիկական անվտանգությունը եւ հայաստանյան պատկան մարմիններին կոչ է անում՝ զբաղվել այդ խնդրով:

Գլուխ խոնարհելով զոհերի առջեւ, Նաիրա Զոհրաբյանը նաեւ նկատեց. «Այն մայրերը, ովքեր ինձ ասում էին՝ լավ էր Ղարաբաղը տվեցինք, պրծանք, մեր տղաներն էլ չեն զոհվի, հիշո՞ւմ եք, ես ինչ ասացի ձեզ, ասացի՝ ձեր տղաներն այլեւս զոհվելու են Հայաստանի տարածքում, որովհետեւ Նիկոլ Փաշինյանը պատերազմը բերեց Հայաստան, Ադրբեջանին բերեց Հայաստան, Արցախը մեր անվտանգության գոտին էր եւ երբ դուք հրճվագին հավատում էիք ապուշությունների՝ նա փրկեց 25 հազար զինվորի կյանք…»:

«Տասնքանի տարի մենք պատանդ էինք մարտի 1-ին, տասնքանի տարի ԵԽ-ու եւ Եվրոպական պառլամենտում թքում էին մեր երեսին, բայց այսօր, կարող ենք արձանագրել, որ 2008 թվականի մարտի 1-ին կանխվեց այն, ինչը ցավոք, հնարավոր չեղավ կամ չստացվեց կանխել 2018 թվականին»,- ասաց Նաիրա Զոհրաբյանը՝ ասելով, որ եղել է մարտի 1-ի հարցով խորհրդարանական հանձնաժողովի անդամ, ծանոթացել է այդ հարցով բոլոր գաղտնի փաստաթղթերին եւ կարծում է, որ գալու է այդ Նյուրնբերգի ժամանակը, ճշմարտությունը բացահայտվելու եւ պատասխան են տալու բոլոր նրանք, ովքեր Հայաստանը սարքել էին մարտի 1-ի պատանդ:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31