«Այս քննարկումները նաեւ նրա համար են, որ, օրինակ, Մեսրոպ Առաքելյանը լսի, որ երբ ինքը գալու է հանձնաժողովի նիստին, հասկանա, որ ես իրեն հարցնելու եմ՝ ՀՀ քանի՞ քաղաքացի է շահառու եղել»,-«Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից հավաքագրված եւ ՀՀ պետական բյուջե փոխանցված միջոցների օգտագործումը ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողովի այսօրվա նիստում հայտարարեց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Հայկ Մամիջանյանը։
«Ինչո՞ւ, ինչպե՞ս եւ ի՞նչ ծավալով ՀՀ քաղաքացիներ են գումար ստացել Հայաստան համահայկական հիմնադրամից»,-աշխատանքի եւ սոցիալական հարցերին նախկին նախարար Առաքելյանին նման հարցադրումներ հղեց Մամիջանյանը։ «Ծախսային տողը նույնպես։ Այլ բան է, երբ հյուրընկալ ընտանիք են եղել։ Մինչեւ ո՞ր ամիսն են եղել։ Այդ ժամանակ ՀՀ-ում արցախցի ընտանիք կա՞ր, թե ոչ։ Բացահայտ հարցեր եմ տալու։ Այս ամենը ասում ենք նրա համար, որ եկողները պատրաստված լինեն, իմանան, թե ինչ ենք հարցնելու»,-նշեց պատգամավորը։
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ