Լրահոս
Օրվա լրահոսը

«Մի փորձեք նսեմացնել իմ սկզբունքները». ՄԻՊ-ի թեկնածուն վիճեց պատգամավորների հետ ու կարեւոր հայտարարություններ արեց

Հունվար 12,2022 17:55

Վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձը մուրճը ձեռքին պտտվում էր համայնք առ համայնք ու սպառնալիքներ էր ներկայացնում իր քաղաքական հակառակորդների նկատմամբ, ինչը հետագայում իրականացվեց: Ինչպե՞ս եք գնահատում նրա այս պահվածքը, իրավունք ունե՞ր մուրճը ձեռքը վերցներ ու նման բան աներ»,- այսօր «Հայաստան» խմբակցության անդամների՝ Մարդու իրավունքների պաշտպանի թեկնածու, արդարադատության փոխնախարար Քրիստինե Գրիգորյանի հետ հանդիպման ժամանակ նրան այս հարցն ուղղեց պատգամավոր Արեգնազ Մանուկյանը:

Արեգնազ Մանուկյանը՝ աջից

Նա պատասխանեց, որ վերջին խորհրդարանական ընտրությունների քարոզչության ընթացքում հատկապես արձանագրում ենք, որ ունեինք ատելության խոսքի ծայրահեղ վտանգավոր մակարդակ. «Դա նաեւ արձանագրված է ՍԴ որոշմամբ»:

Արթուր Սարգսյան եւ Արամ Վարդեւանյան

Արթուր Սարգսյանը հարցրեց՝ նորմա՞լ է եղել, որ ինքը կալանավորված է եղել, իր պատգամավորական գործունեության իրավունքը չի՞ խախտվել՝ Քրիստինե Գրիգորյանը պատասխանեց, որ ՍԴ-ն էլ է արձանագրել, որ բնականաբար պետք է հաղթահարեին պատգամավորի անձեռնմխելիությունը, ինչը չեն արել: Իսկ թե ի՞նչ գնահատական ունի այդ ապօրինությունը թույլ տված դատավորներին՝ Գրիգորյանը պատասխանեց, որ նման գնահատական չի կարող տալ:

Արամ Վարդեւանյանն էլ հարցրեց. «137.1 հոդվածը՝ հայտնի ծանր վիրավորանքի հոդվածը ներկայացնելիս որպես հարակից զեկուցող էիք հանդես գալիս ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովում: ՄԻՊ Արման Թաթոյանը այս հարցով դիմել է ՍԴ: Այդ հոդվածը դարձրել են քաղաքական հետապնդման գործիք, դուք չէի՞ք կարող կանխել դա, միանալ նրան, որպեսզի այդ հոդվածն ուժը կորցրած ճանաչվեր՝ որպես հարակից զեկուցող»:

Քրիստինե Գրիգորյան

Գրիգորյանը պատասխանեց, որ որպես հարակից զեկուցող կառավարության ներկայացուցիչ է հանդես եկել ու կառավարության դիրքորոշումն է ներկայացրել, սակայն վստահեցրեց, որ ինքն իր մտահոգությունները ներկայացրել է կառավարությանը քննարկումների ընթացքում: Արեգնազ Մանուկյանը հարցրեց՝ այդ դեպքում ինչո՞ւ դուրս չեք եկել կառավարությունից ու չեք հրաժարվել ձեր պաշտոնից՝ Քրիստինե Գրիգորյանը պատասխանեց. «Որովհետեւ չեմ համարել, որ դա այն ծայրահեղ հարցն էր, որի համար պետք է դուրս գամ պաշտոնից»: Արեգնազ Մանուկյանը եզրակացրեց. «Փաստորեն, սկզբունքներ չունե՞ք»: Քրիստինե Գրիգորյանը վիրավորվեց. «Մի փորձեք նսեմացնել իմ սկզբունքները: Սկզբունքներ ունեմ ու շարունակել եմ աշխատել այն սկզբունքներով, որն ունեմ»:

Արամ Վարդեւանյան

Վարդեւանյանը դատավորների նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելուց հարցրեց՝ որպես ՄԻՊ թեկնածու, նո՞ր դիրքորոշում ունի, թե՞ նույն դիրքորոշումն է, ինչ՝ որպես արդարադատության փոխնախարար: Գրիգորյանը պատասխանեց, որ արդարադատության նախարարը վարույթ հարուցելիս հենվում է վարույթի իրականացման ընթացքում հավաքված հիմքերի վրա: Ինքն էլ, որպես փոխնախարար, չի առնչվել դրա հետ, դա իր գործառույթների մեջ չի մտել: Նա վստահեցրեց, որ փաստեր են եղել, որ կա կարգապահական վարույթ հարուցելու հիմք, հետագայում ԲԴԽ-ն մերժել է ու այդ որոշման հետ ինքը որեւէ խնդիր չունի թե՛ որպես արդարադատության նախարարի տեղակալ, թե՛ որպես Քրիստինե Գրիգորյան:

Վարդեւանյանն ասաց, որ դատավորներին բաժանել են սեւերի ու սպիտակների՝ առանձնացնելով իրենց «սրտի» դատավորներին, դուք անդրադարձ կկատարե՞ք դատարանների մուտքերի ու ելքերի շրջափակմանը, դրա իրավաչափությանը՝ Քրիստինե Գրիգորյանը պատասխանեց. «Բնականաբար, չեմ համարում, որ լավ որոշում էր»: Պատգամավորները ճշտեցին՝ լավ որոշում չէ՞ր, թե՞ հակաօրինական էր: Գրիգորյանը մնաց իր կարծիքին:

Խաչաձեւ հարցեր եղան դատարաններում գործերի մակագրման, տարաբնույթ խախտումների մասին, Քրիստինե Գրիգորյանն ասաց, որ ասես դատարանում լինի: «Ես ուղղակի չեմ հասկանում ձեր հեգնանքը»,- Վարդեւանյանին փոխանցեց թեկնածուն, վերջինս էլ ճշտեց. «Ինձ մոտ հեգնանք չէր, հոգոց էի հանում: Նորմա՞լ եք համարում, որ հունիսից այդ համակարգը վերականգնված չի, ինչ ԱԱԾ-ն առգրավել է համակարգիչները»: Գրիգորյանը պատասխանեց, որ իդեալական աշխարհում՝ չէ, նորմալ չէ, խնդիր է, որ չի վերականգնվել, բայց խախտումն արձանագրելու համար պիտի տեսնեն՝ այլընտրանքային մոտեցումը չե՞ն կիրառում:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31