Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Եթե պարզվի, որ հիմնադրամի գումարների ծախսումը բոլորիս բավարարում է, բայց բյուջեից 100 միլիարդ դրամ մսխվել է, այդ դեպքում դուք օքե՞յ եք»

Հունվար 12,2022 17:46

«Պետական միջոցներով հնարավոր էր տեղավորել 3500 անձի։ Նկատի ունենալով, որ  90 000-ից ավելի արցախցիներ էին Երեւան ժամանում, այլ տարբերակ չունեինք, քան ապավինել հասարակության աջակցությանը։ Ի պատիվ մեր հայրենակիցների եւ հատկապես մասնավոր հատվածի՝ կարողացանք այնպես անել, որ որեւէ արցախցի չգիշերի դրսում, որեւէ խնդիր չունենա»,-«Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից հավաքագրված եւ ՀՀ պետական բյուջե փոխանցված միջոցների օգտագործումը ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողովի այսօրվա նիստում հայտարարեց ՔՊ-ական պատգամավոր, աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախկին նախարար Զարուհի Բաթոյանը։

Նա հանձնաժողով է հրավիրվել՝ պատերազմի ընթացքում իրականացված որոշ ծրագրերի հետ կապված հարցերի պատասխանելու։

Հովիկ Աղազարյան եւ Զարուհի Բաթոյան

«Իհարկե, շատ-շատ էին դժվարությունները։ Չեմ կարող ասել, որ խնդիրներ չեն եղել, բայց մենք համակարգում էինք նաեւ առողջապահական ծառայությունների ուղղորդումը, սնունդը փորձում ապահովել։ Այս ամենը հիմնականում իրականացվում էր մասնավոր հատվածի եւ բարեգործական կազմակերպությունների միջոցով։ Այս ծրագրերին համահայկական հիմնադրամը որեւէ ֆինանսական աջակցություն չի իրականացրել։ Եթե դիմում էր բարերար, ուղղորդում էինք, որ աջակցությունը լինի ուղղակիորեն»,-ասաց նա։

Արծվիկ Մինասյան

Հանձնաժողովի նախագահ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը հետաքրքրվեց՝ երբեւէ մասնակցե՞լ եք որեւէ քննարկման, որում խոսք է եղել հիմնադրամի միջոցների հաշվին որոշակի ծրագրեր իրականացնելուց։ Զարուհի Բաթոյանը պատասխանեց, որ նախարարությունը համակարգման աշխատանք է արել, բայց կառավարության շրջանակներում եղել են քննարկումներ, որոնք ուղղված են եղել առողջապահական ծրագրերին․ «Բաց քննարկումներ են եղել։ Նշել ենք հիմնադրամի աջակցության մասին։ Հիշում եմ, որ շտապօգնության մեքենաների եւ առողջապահական այլ ծառայությունների միջոցառումների մասին խոսելիս հիշատակվել է հիմնադրամի աջակցությունը։ Նախարարությունը բովանդակության վրա է աշխատել․․․որոշ ծրագրեր ֆինանսավորվեցին հիմնադրամից, որովհետեւ բավարար միջոցներ չունեինք։ Խոսքը գերեզմանատների եւ հուղարկավորությունների մասին է»։

Այնուհետեւ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադեւոս Ավետիսյանը նշեց, որ պարզաբանման ենթակա է հետեւյալ իրավիճակը․ «360 անձի համար ժամանակավոր կացարանով ապահովման ծրագիրը ֆինանսավորվել է հիմնադրամից՝ 28 միլիոն 200 000 դրամով։ Պետբյուջեով հաստատված մեկ այլ՝ կովիդի ծրագրից 31 միլիոն դրամ է վերցվել՝ օբյեկտիվ իրավիճակից բխող, եւ դրվել է մեկ այլ՝ պետբյուջեով հաստատված ծրագրի վրա։ Ի՞նչ կապ ունի այստեղ հիմնադրամի 52, 7 միլիարդ դրամից 28 միլիոն դրամ վերցնելը»։

Արծվիկ Մինասյանը հստակեցրեց, թե ինչի մասին է խոսքը․ «Կառավարության որոշման եւ դրա հիմքում դրված հավելվածներում գրված է, որ այդ ֆինանսավորումը մեկ ծրագրի վերաբաշխումն է մեկ այլ ծրագրի վրա։ Չեմ ուզում ենթադրություններ անել, բայց սա է արձանագրված։ Կառավարության որոշման մեջ պետք  է երեւար, որ ֆինանսավորումն այլ եկամուտներից է։ Այս պահի դրությամբ մեկ ծրագրի վերաբաշխում է եղել մեկ այլ ծրագրի վրա։ Առաջարկում եմ արձանագրել, որ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունը 360 արցախցու կարիքները հոգալու համար ծրագիրը ֆինանսավորել է կովիդի ծրագրի վերաբաշխման միջոցով»։

Արծվիկ Մինասյան եւ Հայկ Մամիջանյան

«Պատիվ ունեմ» խմբակցությունից Հայկ Մամիջանյանը Զարուհի Բաթոյանին հարցրեց․ «Եթե ճիշտ հասկացա, ՀՀ քաղաքացին կամ հյուրընկալ ընտանիքները գումար ստացե՞լ են այս ծրագրից»։ «Այո, ստացել են ՀՀ քաղաքացիները որպես հյուրընկալ ընտանիքներ»,-պատասխանեց նախկին նախարարը։

Հայկ Մամիջանյան․ «Կամ հիմնվում ենք այն տրամաբանության վրա, որ գումարները եղել հիմնադրամից կամ բյուջեի ընդհանուր կաթսայի հետ գործ ունենք։ Կառավարությունը եւ հանձնաժողով գալ պատրաստվող պաշտոնյաները պետք է հասկանան հետեւյալ տրամաբանությունը։ Եթե կառավարությունն ասում է, որ գումարները մտել են ընդհանուր կաթսա, ապա առհասարակ տարվա բյուջեի մեջ ինչքան վատնում եւ ոչ արդյունավետ ծախս գտնենք, ստացվելու է,  որ այդ գումարները վատնվել են։ Բաբկեն Թունյանը հիմա կասի, թե հիմնադրամի վարկանիշի հետ եմ խաղում, բայց այդպես չի։ Այսինքն, կամ միայն մեկ գումարն ենք վերլուծում, կամ բյուջեի ողջ կաթսան, ինչն ավելի մեծ խոցելիություն ունի»։

Հովիկ Աղազարյան, Զարուհի Բաթոյան եւ Ծովինար Վարդանյան

ՔՊ-ական Հովիկ Աղազարյան․ «Եթե պարզվի, որ հիմնադրամի գումարները  ծախսվել են այնպես, որ բոլորիս բավարարում է, բայց բյուջեից 100 միլիարդ դրամ մսխվել է, այդ դեպքում դուք օքե՞յ եք։ Ինչ վերաբերում է 31 միլիոնին, ապա այն նախատեսված է եղել երկու հարյուր հոգու համար։ Հետո պարզվել է, որ 360 հոգու համար է գումար պետք։ Ուստի չկա հակասություն։ Ենթադրաբար, 28 միլիոնը հիմնադրամի գումարն է, 31 միլիոնը՝ կովիդի ծրագրինը»։

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Էլինար Վարդանյան․ «Նույն ծրագրի համար երկու տարբեր թվեր են։ Դա մեկ ծրագիր է։ 31 միլիոնն արդեն նախատեսված էր բյուջեով, ուստի չէր կարող հիմնադրամից հետո 28 միլիոն դրամ տրամադրվեր»։

Արծվիկ Մինասյան․ «Կառավարությունը ներկայացրել է  տեղեկանք, որ կովիդի համար նախատեսված 31 միլիոն դրամը վերաբաշխվել է մյուս ծրագրի վրա, ինչը կառավարությունը ներկայացրել է որպես հիմնադրամից ֆինանսավորում»։

Հայկ Մամիջանյան «Կենցաղային օրինակ բերեմ․ անձը ծախսում է գումար ուտել-խմելու վրա, հետո հիվանդություն է լինում, ընկերոջից գումար է խնդրում, բայց այդ գումարը եւս ծախսում է ուտել-խմելու համար։ Ձեր տրամաբանությամբ ստացվում է, որ 52 միլիարդը ծախսվել է պարգեւավճարի վրա։ Կառավարությունն ասում է, որ բյուջեի ընդհանուր կաթսայի տրամաբանություն չկա, այլ առանձին ծրագրեր են եղել, մինչդեռ դուք ընդհանուր կաթսայի տրամաբանությունն եք շարունակում, հարգելի գործընկերներ»։

ՔՊ-ական Գեւորգ Պապոյան․ «2020թ․-ի բյուջեն հաստատվել էր այն ժամանակ, երբ պատերազմ ու կորոնավիրուս դեռ չկային։ Երբ խոսում ենք ծրագրերի վերաբաշխումների մասին, ապա դա սովորական աշխատանք է, ոչ թե աշխարհացունց գործընթաց։ Պատերազմով պայմանավորված՝ պետության առաջ նոր սոցիալական, առողջապահական ծախսեր ի հայտ եկան։ Այդ ծախսերի մի մասը պետությունը ֆինանսավորեց այլ ծախսեր կրճատելով, այդ թվում՝ հավելավճարներ չտալով, ճանապարհ չկառուցելով․․․հետո պարզվել է, որ էլի է պետք, եւ հիմնադրամը ձեռք է մեկնել պետությանը եւ ինչ-ինչ ծախսեր հոգալու համար լուծել է մի շարք խնդիրներ։ Այդ գումարը թղթերով եկել է։ Այդ թղթերի մեջ, 52 միլիարդի մեջ միայն 28 միլիո՞նն է հարց առաջացնում»։

Արծվիկ Մինասյան․ «Մենք տիկին Բաթոյանի պաշտոնավարման ժամանակ եղած երկու ծրագրերի մասին ենք խոսում»։

Գեւորգ Պապոյան․ «Մենք ի՞նչն ենք կասկածի տակ դնում, որ այսքան մարդու համար տրվել է այսքան գումա՞ր»։

Արծվիկ Մինասյան․ «Կասկածի տակ չենք դնում։ Կառավարությունն ասում է, որ 28 միլիոն դրամով, որը հիմնադրամի գումարն է, 360 արցախցու օգնություն է տրվել։ Արձանագրեցինք, որ դա վերաբաշխում է»։

Գեւորգ Պապոյան․ «Գուցե պարզաբանող հարցո՞ւմ ուղարկենք»։

Արծվիկ Մինասյան․ «Եղավ»։

ՔՊ-ական Բաբկեն Թունյան․ «Հարցերի մեծ մասը տիկին Բաթոյանին չէր վերաբերում»։

Արծվիկ Մինասյան․ «Այո, ֆինասների նախարարությունը պետք է տա կարծիք, բայց կառավարությունը ներկայացնում է այն նախարարը, որի ոլորտով ծրագիր է ներկայացվել»։

ՔՊ-ական Ծովինար Վարդանյան․ «Անորոշ բան եք հնչեցնում օդում, պարոն Մամիջանյան, ու լրատվականներով հիմնականում ձեր խոսքն է տարածվում։ Իշխանական խմբակցության խոսքերը չեն մեջբերվում։ Սա անարդյունավետ քննարկում է, որովհետեւ հարցերը ֆինանսների նախարարին են ուղղված, որն այս պահին այստեղ չէ»։

Արծվիկ Մինասյան․ «Տիկին Վարդանյան, կոչ եմ անում հարգել մեր աշխատանքը։ Դուք չափազանց սխալվում եք։ Իմ ասած ծրագիրը տիկին Բաթոյանի կառավարման շրջանին է վերաբերում։ Մյուս հարցերն այսպես թե այնպես ուղղելու ենք ֆինանսների նախարարին։ Չի բացառվում, որ կառավարության աշխատակազմի ղեկավարին հրավիրենք։ Շատ որոշումների տակ իր ստորագրությունն է»։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31