Թշնամու ակտիվությունը կապված է գեոքաղաքական իրողությունների հետ և անմիջապես կապ ունի Ղազախստանում կատարված վերջին իրադարձությունների հետ, ՀԱՊԿ նախագահող ՀՀ դիրքորոշման հետ։ «Ա1+»-ի հետ զրույցի ժամանակ նման տեսակետ հնչեցրեց Արցախի Հանրապետության ԱԺ պատգամավոր, արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամ Արամայիս Աղաբեկյանը՝ ի պատասխան հարցին, թե ինչո՞ւ է թշնամին կրկին ակտիվացել։
«Ադրբեջանական կողմը առաջին անգամ չէ, որ ցույց է տալիս իր դեմքը՝ կրակ բացելով խաղաղ բնակիչների և բնակավայրերի ուղղությամբ։ Մեծ առումով սա առանձնահատուկ դեպք չէ։ Ե՛վ Կարմիր շուկայի դեպքը, և՛ Ասկերանի դեպքերը՝ կրակել խաղաղ բնակիչների վրա, ադրբեջանական քաղաքականության և հաշվարկների մեջ մտնող սառը և ընդունելի մարտավարություն է։
Կարծում եմ՝ թուրքական և ադրբեջանական մամուլի և պետական պաշտոնյաների առանձին հայտարարությունները փաստում են, որ իրենք բավականին ծանր են տարել Ղազախստան խաղաղապահ ուժեր ուղարկելը և Հայաստանի մասնակցությունը այդ գործընթացներին, և սա փորձ է ՀԱՊԿ վարկանիշը ևս մեկ անգամ վարկաբեկել։ Վստահ եմ՝ այս ամենն իր կաշվի վրա զգում է ռուսական քաղաքական էլիտան և հասկանում է՝ ՀՀ-ի սահմանների և Արցախում ռուս խաղաղապահների ուղղությամբ կրակած փամփուշտները նաև իրենց են ուղղված»,-ասաց Աղաբեկյանը։
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: