Լրահոս
Օրվա լրահոսը

Քրիստինե Գրիգորյանին զգուշացրեցին, որ Նիկոլ Փաշինյանը զայրացած տոնով զանգելու է, նա վստահեցրեց՝ այդ զանգերին սիրալիր կարձագանքի, բայց կանի իր գործը

Հունվար 12,2022 17:15

Այսօր «Հայաստան» խմբակցության անդամները հանդիպում ունեցան Մարդու իրավունքների պաշտպանի թեկնածու, արդարադատության փոխնախարար Քրիստինե Գրիգորյանի հետ:

Պատգամավոր Գեղամ Նազարյանը հիշեցրեց, որ իրենց գործընկերներ Արմեն Չարչյանը, Արթուր Սարգսյանը, Մխիթար Զաքարյանը ապօրինի կալանավորված են եղել, քանի որ կա ՍԴ որոշումը պատգամավորի անձեռնմխելիության մասին. «Ես չեմ հիշում, որ դուք հրապարակային դատապարտած լինեիք այդ երեւույթը, չե՞ք կարեւորել, թե՞ այդ պահին ձեր պաշտոնից ելնելով՝ չեք կարողացել բարձրաձայնել»: Քրիստինե Գրիգորյանը պատասխանեց, որ անձանց ընտրական իրավունքի երաշխավորման տեսակետից՝ ընտրված անձի նկատմամբ որեւէ քրեական հետապնդում պետք է առնվազն ընտրողների համար հասկանալի ու հիմնավորված լինի: Նա ասաց, որ չի բարձրաձայնել, քանի որ պաշտոնի բերումով չի առնչվել դրա հետ:

Գերիների եւ անօրինական ձեւով պահվող անձանց վերադարձի մասով նա ասաց, որ ՄԻՊ մանդատը թույլ է տալիս Կարմիր խաչի ու միջազգային կազմակերպությունների հետ աշխատել, փաստահավաք առաքելություն իրականացնել, զեկույցներ հրապարակել ու այդ գործիքակազմն ընտրվելու դեպքում օգտագործելու է նաեւ ինքը:

Գեղամ Նազարյանը նաեւ հարցրեց. «Ես ձեզ չեմ ճանաչում, բայց շատ լավ եմ ճանաչում Նիկոլ Փաշինյանին, գիտեմ, որ ինքը ձեզ հաճախ զանգելու է, կաշկանդված չե՞ք լինի իր զայրացած տոնային զանգերից: Գիտեմ, որ դա հաստատ լինելու է, կարո՞ղ եք դա հաղթահարել, ասել՝ պարոն Փաշինյան, ես ձեզ լսեցի, բայց իրավունք չունեք այս հարցում միջամտելու»: Գրիգորյանը պատասխանեց. «Զանգելու հետ կապված բարձրաստիճան պաշտոնատար անձի կամ որեւէ քաղաքական ուժի՝ ես ունեմ բոլոր սահմանադրական երաշխիքները այդ զանգերին սիրալիր արձագանքելու, նրանց լսելու, բայց անելու իմ գործը»: Նա հորդորեց, որ եթե ինքը կողմնակալ լինի, որոշակի կաշկանդվածություն ունենա, թող իրեն քննադատեն:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31