Լրահոս
Օրվա լրահոսը

«Գնում եմ, որ գամ». Հերոս Ռուդիկ Ղարիբյան

Հունվար 12,2022 17:02

Երեկ՝ հունվարի 11-ին հայ-ադրբեջանական սահմանի արեւելյան ուղղությամբ ադրբեջանական ստորաբաժանումների իրականացրած սադրանքից հետո սկսված ինտենսիվ փոխհրաձգության արդյունքում հայկական կողմն ունեցավ 3 զոհ:

ՀՀ ՊՆ N զորամասի զինծառայողներ՝ 2002 թվականին ծնված շարքային Արթուր Արտյոմի Մխիթարյանը, կրտսեր սերժանտ Ռուդիկ Ռաֆիկի Ղարիբյանը եւ 2003 թվականին ծնված շարքային Վահան Վաչագանի Բաբայանը զոհվեցին հանուն հայրենիքի:

Ռուդիկ Ղարիբյանը Լոռու մարզի Ալավերդի համայնքից է: Տղայի զոհվելու լուրն իմանալուց հետո, ամբողջ ֆեյսբուքյան հարթակում տարածվեցին Ռուդիկի բանակ մեկնելուց առաջ արված գրառումները:

«Գնում եմ, որ գամ, ժպիտով, միշտ ժպիտով», պարտադիր զինվորական ծառայության ծանուցագրին կից այսպես էր գրառել Ռուդիկը: Ժպիտով գնաց, բայց, ցավոք, չվերադարձավ:

 

Ռուդիկին Ալավերդիում շատ լավ են ճանաչում: Դեռ մանկուց ակտիվ մասնակցություն է ունեցել համայնքի զարգացման գործում, կատարել տարբեր կամավորական աշխատանքներ:

«Ռուդիկը Ալավերդու քաղաքացիական հասարակության վառ երիտասարդ ներկայացուցիչներից էր: Ակտիվ էր, հասնող, բոլորին օգնող ու աջակցող: Ուզում էր իր մասով փոխել աշխարհը, Հայաստանը, իր երկիրը տեսնել զարգացած ու ուժեղ երկիր: Ինքը ոչ միայն զարգացող էր, այլեւ զարգացնող էր»,- պատմում է «Համայնքային համախմբման եւ աջակցության կենտրոն» ՀԿ ղեկավար Օլեգ Դուլգարյանը:

Ռուդիկն ուներ մի շարք նպատակներ ու երազանքներ, որոնք ցավոք մնացին կիսատ: Միշտ ձգտում էր ավելի կրթվել ու ավելի կրթել իր շրջապատը. «Ինքը նպատակներ ուներ: Քանի որ վաղ տարիքից էր ակտիվ մասնակցություն ունեցել, այդպես էլ մեծացել էր: Քաղաքացի էր՝ բավականին բարձր գիտակցությամբ եւ հասկանում էր, որ հրամայական կա, որպեսզի նաեւ իր շուրջն ապրողները դառնան այդպիսին: Մեղք են բոլոր մեր տղաները: Բայց Ալավերդու համար Ռուդիկի մահը հարված է»,- եզրափակեց Օլեգը:

Տաթեւիկ ՂԱԶԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31