Թուրքական ապրանքների ներկրման արգելքը հանվել է: Այսօր էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն այս առնչությամբ լրագրողների հետ զրույցում ասաց, որ ինքը կողմ էր արգելքի երկարացմանը, բայց կառավարությունը կոլեգիալ մարմին է ու միասնական այդ որոշումն են ընդունել՝ առաջնորդվելով քաղաքական նկատառումներով:
Նախարարն ասաց, որ իրենք հետեւելու են ու եթե տեսնեն, որ ներդրողների բիզնեսները վտանգված են, չեն կարողանում մրցակցել թուրքականի հետ, կմիջամտեն:
Հարցին՝ կառավարությունը թուրքական ապրանքների ներմուծման արգելքը հանել է խաղաղության դարաշրջանի բացմա՞ն հետ կապված՝ Քերոբյանը պատասխանեց. «Իսկ դուք գիտե՞ք ինչ արժի խաղաղությունը: Ես գիտեմ…Խաղաղության բացակայության պատճառով Հայաստանը հնարավորություն չի ունեցել զարգանալ այնպես, ինչպես մրցակից այլ երկրները, որտեղ երկարաժամկետ խաղաղություն է եղել»:
Երբ փոխանցեցին ընդդիմության քննադատությունը, որ ասֆալտ փռելով՝ տնտեսություն չեք զարգացնի՝ Քերոբյանը պատասխանեց. «Այն մարդիկ, ովքեր մեզ քննադատում են, ավելի լավ է իրենք իրենց հարցեր տան, թե ինչի են Հայաստանից բոլոր գիտնականները գնացել, ինչի են բոլոր մարդիկ հիվանդ, ինչի է մեր կրթական համակարգը գտնվել բարձիթողի վիճակում, երբ երեխաները, դպրոցն ավարտած մարդիկ Ամպերից Օհմին չեն տարբերում»:
Կարդացեք նաև
Ըստ նախարարի, խաղաղությունը փոխկապակցված է կոռուպցիայի հետ, որովհետեւ այն մարդիկ, ովքեր կոռուպցիայի մեջ թաթախված են եղել, իրենց ձեռնտու է եղել խաղաղության բացակայությունը, որովհետեւ դա է եղել իրենց՝ իշխանության լինելու հենարանը: Հիմա փորձելու են մրցունակ դաշտ վերադարձնել մեր երկիրը:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ