Լրահոս
Օրվա լրահոսը

«Եկեք, տեսեք՝ փլուզման եզրին գտնվող շենքում քանի երեխա կա, որ վաղը, մյուս օրը սահման են գնալու». Լենուղիի վթարային շենքերի բնակիչներ

Հունվար 12,2022 16:16

«Մեր գյուղում մանկապարտեզ են սարքում, դպրոցի համար գումար են տրամադրում, շատ լավ է, բայց, եկեք, տեսեք՝ փլուզման եզրին գտնվող շենքում քանի երեխա կա, որ վաղը, մյուս օրը սահման են գնալու, նախ՝ էդ երեխաների անվտանգությունը ապահովեք, հետո կրթական հարցերը լուծեք»,-Aravot.am-ի հետ զրույցում ասաց Լենուղի գյուղի վթարային շենքի բնակիչ Մկրտիչ Սահարյանը, որը 4 անչափահաս երեխա ունի:

Նրա խոսքով, այդ երկու շենքերում, որոնք կառուցվել են 1932 թվականին եւ ծայրահեղ վթարային վիճակում են, չկա ընտանիք, որը 2-3 անչափահաս երեխաներ չունենա: Շենքը վթարային է արդեն մի քանի տասնամյակ, սակայն, բնակիչների խոսքով, 1988 թվականի երկրաշարժից հետո վթարայնության աստիճանը մեծացել է եւ այժմ ուղիղ սպառնալիք է մարդկանց անվտանգությանը:

Ասում են՝ վախենում են անգամ՝ իրենց տանը կամ մուտքերում մի քիչ ռիսկով քայլել:

Այսօր վթարային շենքերի բնակիչներն առավոտյան հանդիպել են Արմավիրի մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանին: Բնակիչների խոսքով՝ նախազգուշացրել են, որ, եթե իրենց հարցին լուծում չլինի, ծայրահեղ միջոցների են դիմելու: Մարզպետն, ըստ Լենուղիի բնակիչների, ասել է, որ խնդրին ծանոթ է եւ առավել մանրամասն հարցը քննարկելու համար հանդիպում է նշանակել առաջիկա ուրբաթ:

Բնակիչների խոսքով շենքում 22 ընտանիք է ապրում՝ մոտ 130 բնակչով:

Ի սկզբանե վթարային երեք շենքերից մեկի բնակիչներին 2015 թվականին փոխհատուցել են՝ նշելով, որ եռամսյակը մեկ-երկու շենքերի հարցը նույնպես կլուծեն, սակայն, ինչպես բնակիչներն են ասում՝ «գրել սառույցին»:

«Շենքում անմարդկային պայմաններ են, կոմունալ ոչ մի պայման գոյություն չունի, անգամ զուգարան, բաղնիք չկա, մարդիկ դրսում են հոգում իրենց կարիքները: Բոլոր բնակարաններում 6-7 անձ է ապրում՝ բոլորն էլ անչափահաս երեխաներով: 1932 թվականին այս շենքում ֆաշիստների ժամանակ գերիներ են պահվել, հետո դարձել է բնակելի»,-պատմում էին բնակիչները:

Նրանց խոսքով, սենյակներում պատերը մեծ ճեղքերով են, մութ, խոնավ ու ապրելու համար «սարսափելի» պայմաններով:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31