Լրահոս
Օրվա լրահոսը

Զորքերի հետքաշման առաջարկի, Թաթոյանի մոտեցման ու իրատեսականության մասին. Դանիել Իոաննիսյան

Հունվար 12,2022 15:53

«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանի ֆեյսբուքյան գրառումը

Զորքերի հետքաշման առաջարկի, Թաթոյանի մոտեցման ու իրատեսականության մասին

Դա նորմալ է, որ ՀՀ ՄԻՊ-ը խոսում է ադրբեջանական բանակի կողմից Հայաստանում մարդու իրավունքների ոտնահարումների մասին և ասում է, որ Ադրբեջանի զինված ուժերը պետք է դուրս գան ՀՀ տարածքից: Դրա հետ բոլորս ենք համաձայն:

Բայց ինչպե՞ս հասնել նրան, որ ադրբեջանական զինված ուժերը դուրս գան Հայաստանից ու հեռու մնան մեր բնակավայրերից (և չխախտեն բնակիչների իրավունքները): Ուժո՞վ վռնդենք, թե՞ դաշնակիցների միջոցով ստիպենք, որ հեռանան… Է, ոչ բավարար ուժ ունենք, ոչ էլ, առավել ևս, դաշնակից (եթե այդ երկուսից մեկը ունենայինք, ադրբեջանցիները չէին հասնի այնտեղ, որտեղ հասան):

Հետևապես, այդ նպատակին պետք է փորձել հասնել փոխադարձ խաղաղասիրական քայլերի միջոցով: Այդպիսի մի առաջարկ էլ հենց արել է Երևանը. երկու կողմերի զորքերը ետ են քաշվում հիմնական տեղակայման վայրեր (ու յուրային բնակավայրեր), իսկ սահմանին կանգնում են երկու երկրների սահմանապահները:

Կհարցնեք՝ ո՞ր սահմանին: Դա առանձին թեմա է, բայց կարճ ասեմ՝ ցանկացած սահմանին: 2021 թվականի մայիսի 1-ի դե-ֆակտո սահմանին կամ սովետական սահմանին:

Սա է մեր դառը իրականությունը, որից պետք չի փախչել: Եվ երբ Հայաստանի ՄԻՊ-ը հայտարարում է, որ պետք է հետ քաշվեն միայն Ադրբեջանի զինծառայողները (ու քննադատում է սիմետրիկ հետքաշվելու առաջարկը)՝ բոլորս ծափահարում ենք: Ո՞վ չէր ուզի, որ այդպես լիներ, բայց մենք անգամ չենք հասկանում, որ այս հայտարարությունը, իրատեսականության առումով, «Բաքվում չայ ենք խմելու»-ից չի տարբերվում:

Զարմանալին այն է, որ ՄԻՊ Թաթոյանի մոտեցումը աջակցում են ՀԱԿ-ի շատ կողմնակիցներ, ովքեր կարծում են, որ մեր մաքսիմալիզմը մեզ հասցրեց այս տխուր օրվան:

Հ.Գ. Այդուհանդերձ նշեմ, որ անընդունելի է Հ1-ի կողմից Թաթոյանին չլուսաբանելը: Հ1-ը չի կարող ֆիլտրել հանրային դեմքերի ու ինստիտուտների հայտարարությունները՝ ըստ կառավարության համար դրանց հաճելիության կամ օբյեկտիվության սեփական գնահատման:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31