Ֆինանսների փոխնախարար Արմեն Հայրապետյանը ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովի նիստում քննարկման ներկայացրեց «Գովազդի մասին» օրենքում փոփոխությունների նախագիծը: 2009-ից «Գովազդի մասին» օրենքով շահումով խաղերի գովազդի արգելքը հանվել էր ու կառավարության մշտադիտարկման արդյունքում պարզել են, որ մինչեւ 2020-ը տեղի էր ունեցել 6 անգամ խաղադրույքի աճ եւ 3 անգամ խաղացողների աճ:
Փոխնախարարն ասաց, որ առաջարկվել է վերանայել օրենքը ու արգելել շահումով խաղի կամ ինտերնետ շահումով խաղի, խաղատան, խաղասրահի, տոտալիզատորի կամ դրանց կազմակերպիչների ցանկացած տեսակի գովազդը, այդ թվում՝ ռադիոյով, հեռուստատեսությամբ կամ համացանցով, բացառությամբ իր պաշտոնական կայքի կամ խաղատների կամ շահումով խաղերի կամ ինտերնետ շահումով խաղերի կամ տոտալիզատորի (խաղասրահ, բուքմեյքերային գրասենյակ) շենքերի, շինությունների կամ սրահների մեջ կամ ճակատային մասին: Գովազդը կթույլատրվի նաեւ ՀՀ սահմանային մուտքի կետերում, ինչպես նաեւ առնվազն չորսաստղանի հյուրանոցներում: Իսկ խաղարկությունով կամ համակցված վիճակախաղի գովազդը թույլատրվում է նաեւ խաղարկությունով կամ համակցված վիճակախաղի վաճառակետերում:
Տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովը գտնում է, որ կարգավորումից դուրս են մնում արտասահմանյան դոմեյնները եւ կարող են նախագծով կարգավորումները ամբողջական դաշտը չկարգավորեն, խնդիրը չլուծվի: Կստեղծվի անհավասար իրավիճակ տնտեսվարողների նկատմամբ:
Կարդացեք նաև
Արմեն Հայրապետյանն ասաց, որ գովազդային գործակալությունները կտուժեն, բայց խաղամոլության ռիսկը մեծ է ու պետք է դաշտը փորձեն կարգավորեն: Ինչ վերաբերվում է օտարերկրյա կազմակերպիչներին, «Գովազդի մասին» օրենք կարգավորումը երկու կողմ ունի՝ պատասխանատվություն ինչպես գովազդատուի, այնպես էլ գովազդակրի համար, ուստի եթե դրսի կազմակերպությունը պատվիրել է գովազդ որեւէ ԶԼՄ-ով, սահմանափակումը գործելու է:
ՔՊ խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանն ասաց, որ բուքմեյքերական ընկերությունները նամակ են գրել ու հղում են անում «Օտարերկրյա ներդրումների մասին» օրենքին, ասում, որ իրենք օտարերկրյա ներդրող են, այս կարգավորումները իրենց վրա չեն կարող տարածվել: Փոխնախարարը պատասխանեց, որ դա ընդամենը իրավական կարծիք է, որը կփոխանցեն ֆիննախի իրավաբանական վարչությանը: Բայց հարց է առաջանում՝ եթե վաղը այդպիսի գործունեությունն արգելվեց, ինչպես Վրաստանում են փորձում անել, նույն բուքմեյքերական ընկերությունը պետք է շարունակի գործե՞լ՝ ասելով, թե ես օտարերկրյա ներդրող եմ, չէ՞ որ ազգային օրենսդրությունը պետք է տարածվի նաեւ իրենց վրա:
Հանձնաժողովի նախագահ Վահե Հակոբյանն ասաց, որ որպես ՀՀ քաղաքացի՝ ինքը կողմ է, որ այս խնդիրը մեր երկրում կարգավորվի: Թունյանն ասաց, որ եթե ԶԼՄ-ներին հնարավորություն չեն տալիս շահումով խաղերի գովազդը տեղադրել, դա կլցվի քաղաքական պատվերներով ու ավելի մեծ բացասական ազդեցություն կունենա. «Այն ԶԼՄ-ները, որոնք սկզբունքորեն դեմ չեն պատվերով գովազդ գրել, իրենք հա՛մ կգովազդեն բուքմեյքերական ընկերություններին, համ էլ ձեռքի հետ մյուս հարցով կզբաղվեն, դրա համար պետք է հնարավոր անցնցում ճանապարհ գտնել»:
Նախագիծը դրական եզրակացություն ստացավ՝ մինչեւ երկրորդ ընթերցում այն լրամշակելու պայմանով:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ