Լրահոս
Օրվա լրահոսը

Կարեն Անդրեասյանն իրեն վերաբերող հարցը գցել է ՊՆ-ի գրպանը. Պահեստազորի զինծառայողների նախաձեռնություն

Հունվար 12,2022 15:12

Արդարադատության նախարարությունը պատասխանել է պահեստազորի զինծառայողներին, որոնք ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության միջոցով հարց են բարձրացրել՝ իրենց աշխատանքային իրավունքները վերականգնելու, կորցրած գումարները վերադարձնելու համար: Չնայած նրան, որ առկա խնդիրը վերաբերում է նաեւ քրեակատարողական հիմնարկների աշխատակիցներին, խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանին նախարարությունից հայտնել են՝ խնդրի քննարկման եւ հնարավոր լուծումների առաջադրման համար պատասխանատու մարմին է հանդիսանում ՀՀ պաշտպանության նախարարությունը:

Որպես հիմնավորում՝ ՀՀ արդարադատության նախարարությունից նշել են, որ զինվորական ծառայության եւ պահեստազորային պատրաստության կազմակերպման եւ իրականացման, ինչպես նաեւ զինծառայողների, նրանց ընտանիքի անդամների ու զինծառայողներին հավասարեցված անձանց իրավական եւ սոցիալական երաշխիքների հետ կապված հարաբերությունները կարգավորվում են «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքով:

Պահեստազորի զինծառայողների նախաձեռնության անդամները, որոնք արդեն քանի տարի է պայքարում են իրենց չվճարած գումարները վերադարձնելու համար, Aravot.am-ի հետ զրույցում արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանի պատասխանը «խուսափողական» են որակում՝ նշելով, որ նախարարությունն իրեն անմիջականորեն վերաբերող հարցը «գցել» է պաշտպանության նախարարության գրպանը՝ մինչդեռ ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայողներին, որոնք հավասարեցված են զինծառայողներին եւ 2015 թվականից չեն ստանում իրենց՝ օրենքով հասանելիք արձակուրդային գումարները հենց արդարադատության նախարարությունն է պարտք 2 միլիոն դոլարին համարժեք գումար: Նախաձեռնության անդամների խոսքով, բյուջետային համակարգի մասին ՀՀ օրենքի համաձայն՝ Կարեն Անդրեասյանը հանդիսանում է արդարադատության նախարարության բյուջետային հատկացումների կարգադրիչը:

Հիշեցնենք, որ Պահեստազորի զինծառայողների նախաձեռնությունը դիմել էր ՀՀ իշխանություններին, Ազգային ժողովի խմբակցություններին՝ վերականգնել զինծառայողների եւ նրանց հավասարեցված անձանց իրավունքները, որոնց 2005 թ-ից չի վճարվել արձակուրդային վճարները եւ անտեսվել են նրանց սոցիալական իրավունքները: Խնդրին արձագանքել էին միայն «Քաղաքացիական պայմանագրից»՝ նշելով, որ պաշտպանության նախարարության դիրքորոշումն ունենալու նպատակով դիմումը վերամակագրվել է ՀՀ ՊՆ, եւ «Հայաստան» դաշինքից: «Պատիվ ունեմ» խմբակցության ներկայացուցիչը նախաձեռնության անդամներին հեռախոսով հայտնել էր, որ այդ հարցով չեն ցանկանում զբաղվել:

Բանն այն է, որ ՀՀ Աշխատանքային օրենսգրքի 169-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ ամենամյա արձակուրդի համար գործատուն աշխատողին վճարում է միջին աշխատավարձ, որը հաշվարկվում է աշխատողի միջին օրական աշխատավարձը տրամադրվող արձակուրդի օրերի թվով բազմապատկելու միջոցով, մինչդեռ զինծառայողներին և զինծառայողներին հավասարեցված անձանց վճարում են նրանց դրույքաչափին հավասար հիմնական աշխատավարձը, որն ամենամյա արձակուրդային վճարումից մոտ 40 %-ով պակաս է օրենքով հասանելիք վճարումներից:

Նախաձեռնության անդամների համոզմամբ, արդարադատության նախարարությունը փորձում է կոծկել խնդիրը, հակառակ դեպքում հենց ինքը՝ նախարար Կարեն Անդրեասյանը, կփորձեր խորանալ հարցի էության մեջ եւ իր իրավական դիրքորոշումը հայտնել, քանի որ հարցը հենց իր ենթակայության տակ գտնվող ՔԿՀ աշխատակիցների իրավունքներին է առնչվում: Փոխարենը, նախարար Անդրեասյանն, ըստ պահեստազորի զինծառայողների նախաձեռնության անդամների, հարցը քողարկում է՝ նշելով, թե խնդիրը վերաբերում է զինծառայողներին:

2018 թվականին մեր երկրում տեղի ունեցած իշխանափոխությունից հետո ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն այս խնդրին անդրադարձել է: ՄԻ պաշտպանն իր 18.06.2018 թ-ի որոշումով արձանագրել էր, որ ՀՀ ԱՆ ՔԿԾ նախկին ծառայող Էդգար Հովհաննիսյանի մոտ առկա են վերոնշյալ աշխատանքային իրավախախտումները՝ պատրաստակամություն հայտնելով խորհրդարանական քննարկումների ժամանակ օրենքով սահմանված կարգով ներկայացնել համապատասխան դիտարկումները վերոնշյալ իրավախախտման շուրջ:

Նախաձեռնության անդամների խոսքով, հարցն այն է, որ, երբ Կարեն Անդրեասյանը Մարդու իրավունքների պաշտպանն էր, շատ ծանր էր տանում, որ մարդկանց իրավունքները ոտնահարվում էին եւ անհնար էր լինում այդ իրավունքները վերականգնել կոռումպացված դատական համակարգում: Մինչդեռ այսօր, երբ նախարարը հնարավորություն ունի այդպիսի խախտումները վերացնելու, արդարությունն ու ոտնահարված իրավունքները վերականգնելու, քայլեր չի ձեռնարկում, եւ համապատասխան տեղեկատվություն չի տրամադրում «Հայաստան» խմբակցության ղեկավարին:

Հարցին անդրադարձել է նաեւ Հանրային խորհուրդը՝ գալով եզրահանգման, որ ՔԿՀ աշխատողների իրավունքները ոտնահարված են:

«Ո՞վ պետք է պաշտպանի մարդկանց իրավունքները, եթե ոչ Արդարադատության նախարարը, որը հաշվի չի առնում ո՛չ ՄԻՊ-ի ինստիտուտը, ո՛չ Հնարային խորհրդի ինստիտուտը: Էլ չենք ասում, որ դատական համակարգն էլ մինչեւ այսօր կարգավորված չի»,-ասում են նախաձեռնության անդամները՝ նշելով, որ վերջին հույսը ընդդիմությունն է, որը կբարձրաձայնի իրենց խնդիրների մասին, մասնավորապես՝ «Հայաստան» դաշինքը:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31