Լրահոս
Օրվա լրահոսը

«Արման Թաթոյանը միակ ՄԻՊ-ն է, որը պաշտոնավարել է մինչև իր ժամկետի ավարտը». Թագուհի Թովմասյան

Հունվար 12,2022 14:38

«ՄԻՊ գրասենյակն ամեն տարի կատարելագործվել է, ունեցել ենք մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում աճող դինամիկա»,- «Մեդիա կենտրոնում» «Կառավարելի ՄԻՊ ունենալու միտումներ. կա՞ նման վտանգ» թեմայով քննարկման ժամանակ վստահեցրեց ՀՀ ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանը:

Նրա փաստմամբ՝ Արման Թաթոյանը միակ ՄԻՊ-ն է, որը պաշտոնավարել է մինչև իր ժամկետի ավարտը: Ըստ պատգամավորի՝ համակարգի զարգացումը մեծապես կախված է անձերից: Նա նշեց, որ շատ ափսոս կլինի, եթե ՄԻՊ-ի գրասենյակը հետագայում առանց Արման Թաթոյանի՝ հեղինակության նահանջ ունենա, քանի որ այժմ միջազգային ատյաններում, ՀՀ հանրության շրջանում այդ գրասենյակը մեծ հեղինակություն ունի:

Նշենք՝ ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի պաշտոնավարման ժամկետը լրանում է 2022 թվականի փետրվարի 23-ին: Մարդու իրավունքների պաշտպանի՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության թեկնածուն ՀՀ արդարադատության փոխնախարար Քրիստինե Գրիգորյանն է:

Թագուհի Թովմասյանի համար քննադատելի են իշխանության այն ձգտումները, որ բոլոր ոլորտներում պետք է իշխանությունը թելադրող լինի, դրա ապացույցն էին նաև ՏԻՄ ընտրությունները, թե հետո ինչպես վարվեց իշխանությունը ժողովրդի քվեի հետ, ինչ ճնշումներ եղան ոչ իշխող ուժի ներկայացուցիչ, բայց ընտրություններում հաղթած անձերի նկատմամբ:

Հարցին՝ նորմալ համարո՞ւմ է օմբուդսմենի և պետական մյուս ինստիտուտների՝ միմյանց ժխտող գնահատականները, օրինակ, սահմանային իրավիճակի հետ կապված, Թագուհի Թովմասյանը պատասխանեց. «Դա նորմալ չէ: Եթե խոսում ենք պետականության մասին, ունենք ընդհանուր պատկերացում մեր երկրի ապագայի վերաբերյալ, պիտի լինի միասնական մոտեցում: Ուստի զարմանալի է, որ ՊՆ-ն փորձում է հերքել ՄԻՊ-ին: Օրինակ` հիմարություն է հերքել ՄԻՊ-ի այն հայտարարությունները, որ սահմանում Ադրբեջանը ինժեներական աշխատանքներ է իրականացնում: Դա Վարդենիսի՝ իմ հայրենիքի մասին է: Կարող եք գնալ այդ գյուղեր, տեսնել՝ ինչ են անում: Ոչ տեխնիկա, ոչ հմտություն պետք չէ: Անհասկանալի է՝ ակնհայտ տեսածը հերքել»:

Խոսելով ՀՀ խորհրդարանական ընդդիմության հասցեին հնչող մեղադրանքների մասին՝ Թագուհի Թովմասյանն ասաց. «Արձանագրենք՝ այսօր իշխանության դեմ ուղիղ կանգնած կռիվ է տալիս միայն խորհրդարանական ընդդիմությունը»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Լուսանկարը՝ «Մեդիա կենտրոն»-ի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31