Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Պատերազմում զավակ կորցրած մայրերից 27-ը հղի են, երկու ընտանիքում երեխաներ են ծնվել

Հունվար 12,2022 14:25

44- օրյա պատերազմում զոհվածների ծնողները դիմում են անպտղության հաղթահարման պետական ծրագրի աջակցությանը։ Այսօր «Արմենպրես»-ի մամուլի սրահում ՀՀ առողջապահության նախարարության Մոր եւ մանկան առողջության պահպանման վարչության պետ Նունե Փաշայանն ասաց, որ պատերազմում զոհվածների ընտանիքներում այս ծրագրի աջակցությամբ արդեն 2 ծնունդ կա եւ 27 հղիություն։

«Շուրջ երկու հարյուր շահառու դիմել են այս ծրագրով։ Կարծում եմ՝ ցուցանիշները կավելանան։ Այս մայրերը նույնչափ հերոս են, որքան իրենց զավակները, որովհետեւ կայացրել են այս որոշումը, կյանք են տալիս եւ կյանքը վերաիմաստավորում են»,-ասաց Նունե Փաշայանը։

Նա նշեց, որ ծրագրով, ի տարբերություն այլ խմբերի, պատերազմում զավակ կորցրած զույգերի համար որեւէ սահմանափակում չկա։

Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունը շրջանառության մեջ է դրել որոշման նախագիծ, որով նախատեսվում 44-օրյա պատերազմում զավակ կորցրած ծնողներին անվճար կամ արտոնյալ պայմաններով վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաների կիրառմամբ բժշկական օգնություն ստանալու ընթացքում դոնորական ձվաբջջի եւ փոխնակ մոր ծառայության արժեքի փոխհատուցում տրամադրել։ Առողջապահության նախարարությունը, ինչպես ասաց Նունե Փաշայանը, այս նախագծին դրական կարծիք է տվել։

Ասուլիսի մեկ այլ մասնակից «Հայկական վերարտադրողական բժշկության ասոցիացիայի» նախագահ Էդուարդ Համբարձումյանն էլ ասաց, որ զոհված զինվորների ընտանիքները բավականին ակտիվորեն են դիմում այս ծրագրին․«Նրանք ծանր խումբ են, պահանջվում են արտակարգ մոտեցումներ՝ բուժական, դիագնոստիկ, հոգեբանական, ֆինանսական եւ այլն։ Կառավարությունը ֆինանսավորում է, սա մեծ փորձ է, երկրագնդում նման բան չկա, որ պետությունը 40-53 տարեկան կանանց ֆինանսավորի, այն էլ այսպիսի սթրեսային եւ տարիքային պայմաններում։ Այս ընթացքում երկու կանանց մոտ քաղցկեղ ենք հայտնաբերել, բարեբախտաբար վաղ փուլում էր, եւ նրանք առողջացել են։ Հույս ունենք, որ նորից կդիմեն մեզ՝ ծրագիրը շարունակելու համար։ Մենք այս զույգերին հատուկ մոտեցումներ ենք ցուցաբերում, առանց շտապելու, եւ հաջողությունները այս տարի սկսում ենք ստանալ։ 2020 թվականին մեկնարկածը չենք ավարտել, զույգերի 26%-ը հղիացել է, զույգերի 50%-ից ավելին դեռ շարունակում են գործընթացը, սաղմիկներ ունենք ստացած։ Ակնկալիքներն ավելին են, քան սպասում էինք»։

Նունե Փաշայանի ներկայացմամբ՝ ընդհանուր առմամբ այս ծրագրի շրջանակներում դեկտեմբերի 31-ի դրությամբ ծնվել է 76 երեխա, արձանագրվել է 211 հղիություն։ Ցուցանիշն, ըստ Փաշայանի, ավելացել է․«Սա կապված է նաեւ նրա հետ, որ ավելացվել է ամբողջ ծրագրի ֆինանսավորումը։ 2020-ին ֆինանսավորումը եղել է 300 միլիոն դրամ, 2021-ին՝ 500 միլիոն։ 2021 թվականին 857 շահառու ենք սպասարկել։ Ծրագրի արդյունքները 34% է, եւ այն տարեցտարի բարելավվելու է»։

Էդուարդ Համբարձումյանն էլ հիշեցրեց, որ մեր երկրում պտղաբերության ցուցանիշը բարձր չէ, ինդեքսը 1.6 է․ «Պտղաբեր կանայք, զույգերը պետք է փորձեն 2-րդ, 3-րդ, 4-րդ երեխան ունենալ։ Այսօր անպտղության հաղթահարման ծրագրով զույգերի տարիքային շեմը 35 է, կուզենայի այդ շեմը բարձրացվեր գոնե մինչեւ 38 տարեկանի, որովհետեւ ըստ մեր կենտրոնի տվյալների, մինչեւ 35 տարեկանները հղիության բարձր ցուցանիշներ ունեն։ Նաեւ շատ կուզենայի ծածկույթը ավելի լայն լիներ, բոլորին տային պետպատվեր, ինչպես օրինակ Իսրայելում կամ եվրոպական երկրներում։ Դա, իհարկե, ֆինանսական խնդիր է»։

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31