Լրահոս
Օրվա լրահոսը

«Ես այն անձանցից չեմ, որ ցեղասպանության զոհ լինելն իբր դրոշ բռնած գնում է, բայց կա կարմիր գիծ, որը չի կարելի անցնել». Սարգիս Շահինյանը՝ հայ-թուրքական հարաբերությունների մասին

Հունվար 12,2022 14:13

«Ես այն անձանցից չեմ, որ ցեղասպանության զոհ լինելն իբր պարտության դրոշ է համարում և դա բռնած գնում: Բայց կա կարմիր գիծ, որը չի կարելի ընդհանրապես անցնել, երբ խոսվում է մեր ինքնության մասին»,- Aravot.am-ի հետ զրույցում ասաց Շվեյցարիա-Հայաստան ասոցիացիայի պատվավոր նախագահ և Շվեյցարիա-Հայաստան բարեկամության խմբի գլխավոր քարտուղար Սարգիս Շահինյանը՝ անդրադառնալով հայ-թուրքական բանակցությունների համատեքստում Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման հարցին:

Սարգիս Շահինյանը մտահոգություն ունի, որ եթե այս իրավիճակում նման հապճեպությամբ բանակցություններ ընթանան ՀՀ-ի և Թուրքիայի միջև, չի բացառվում, որ Թուրքիան նաև դնի պահանջ գոնե ՀՀ կառավարության առաջ, որ դադարեցվի Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացը: Մեր այն դիտարկմանը՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր տարեվերջյան ասուլիսի ժամանակ հայտարարեց՝ հայկական կողմը երբեք Թուրքիայի՝ Հայոց ցեղասպանության ճանաչումը որպես նախապայման չի դիտարկել, Սարգիս Շահինյանն արձագանքեց. «Այս անգամ մենք պիտի մյուս կողմից սկսենք. «Դիմացինն՝ ի՞նչ նախապայման պիտի դնի: Մենք պիտի հասկանանք, որ Հայոց ցեղասպանությունը մեր ինքնության  կարևորագույն կետերից մեկն է: Մենք այդ տրավմայի ժառանգորդներն ենք բոլորս՝ ներառյալ այս հանրապետությունը»:

Հայ-թուրքական սահմանի բացման առիթով հնչող մտահոգությունների կապակցությամբ Սարգիս Շահինյանը որոշ վերապահումներ ունի: Նա պարզաբանեց. «Վախը ո՞րն է, որ եթե Թուրքիայի հետ սահմանը բացենք, թուրքը պիտի գա ու պաշարի՞ մեզ: Թուրքը կարող է գալ ու պաշարել ցանկացած ժամանակ: Փաստը պատերազմն է: Իրենց արբանյակային բոլոր համակարգերը գործածեցին, որպեսզի միլիմետրանոց ճշգրտությամբ մեր զինվորներին և մեր ռազմամթերքը ոչնչացնեն, այն էլ 200-300 կմ հեռավորությամբ: 20 կմ-ից պիտի վախենա՞նք, Էջմիածնի կամ Երևանի համա՞ր: Երբ ուզի, թուրքը դա կանի: Դա չէ խնդիրը: Վախենում ենք, որ թուրքը պիտի գա ու տնտեսությո՞ւնը պաշարի, բա քիչ է պաշարե՞լ: Երբ փակ էին սահմանները, երբ ամբողջ թուրքական իրերով լցված է Երևանն ու Հայաստանը: Խնդիրն այն է, որ իրենց իրերի որակն ավելի բարձր է, և իրենք կարողանում են իրենց գործն ավելի լավ անել»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31