«Ռուբեն Ռուբինյանը մտավոր տեսակետից խելացի անձնավորություն է, բայց, ինչ խոսք, ինքն այդ փորձառությունը չունի, ինչպես իր զրուցակիցը: Այդ տեսակետից այս կացության մեջ պարտվելու վտանգը սարսափելի մեծ է»,-Aravot.am-ի հետ զրույցում Ռուբեն Ռուբինյանին Հայաստան-Թուրքիա երկխոսության գործընթացում Հայաստանի հատուկ ներկայացուցիչ նշանակելու որոշման առիթով կարծիք հայտնեց Շվեյցարիա-Հայաստան ասոցիացիայի պատվավոր նախագահ և Շվեյցարիա-Հայաստան բարեկամության խմբի գլխավոր քարտուղար Սարգիս Շահինյանը:
Հիշեցնենք՝ Թուրքիայի կողմից հատուկ ներկայացուցիչ է նշանակվել թուրք դիվանագետ, արտակարգ և լիազոր դեսպան Սերդար Քըլըչը, նա երկու տարի եղել է Թուրքիայի անվտանգության խորհրդի նախագահը:
Սարգիս Շահինյանը կարծում է, որ եթե հայկական կողմի հատուկ ներկայացուցիչը պատրաստակամություն ունենա այսքան քիչ ժամանակի ընթացքում սովորելու, իմանալու, փորձառություն կուտակելու փորձ ունեցող անձնավորություններից, մենք կարող ենք հասնել արդյունքի: Միևնույն ժամանակ նշեց. «Ճիշտ է՝ օրակարգը բանակցողը չի ստեղծում, սակայն բանակցողից ահագին բան է կախված: Բանակցությունից հետո ստեղծված իրավիճակում ահագին բան կարելի է քաղել, բայց նաև դա բխում է բանակցողի փորձից: Երբ դիմացինդ, թույլ տվեք ասել, կատարյալ կոկորդիլոս է, դու պիտի իմանաս՝ նրա հետ ոնց վերաբերվես, և դրա համար պետք է թե՛ հաստ մաշկ, թե՛ փորձ, թե՛ անուշ խոսք, բայց նաև պետք է պատրաստ լինես: Եթե այս ամենը հաշվի չի առնվել, իհարկե, վտանգը շատ մեծ է»:
Սարգիս Շահինյանը շատ է ուզում իմանալ՝ Ռուբեն Ռուբինյանն ինչ տեսակ կարմիր գծեր է ստացել, կամ ստացե՞լ է արդյոք, ստացե՞լ է այն լծակները, որոնց միջոցով կարողանա կանխել դիմացինի ճնշումը:
Կարդացեք նաև
Հիշեցրինք՝ իշխող ուժի կողմից որոշ մեկնաբանություններ եղել են այն մասին, որ ՀՀ-ի կողմից հատուկ բանագնաց նշանակելիս հաշվի է առնվել այն հանգամանքը, որ այդ անձի նկատմամբ երկրի ղեկավարի կողմից լինի մեծ վստահություն: Այս առիթով մեր զրուցակիցն արձագանքեց. «Ես էլ վստահում եմ՝ ասենք այս հյուրանոցի աշխատակազմի ղեկավարին: Բայց նրա գործը բանակցությունը չէ, քաղաքականությունը չէ, արտաքին հարաբերությունները չեն: Ռուբեն Ռուբինյանը եղել է փոխնախարար որոշ հատվածում, բայց ինքն ունեցե՞լ է փորձ բանակցություններում, կամ կարդացել, գրե՞լ է, մի գործ տվե՞լ է հայ-թուրքական հարաբերությունների մեջ, ինքը գիտի՞, թե ինչ են հայ-թուրքական հարաբերությունները, դիվանագիտական գործընթացի պատմությունը գիտի՞»:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ