«ՀՀ գործող պետական քաղաքականությունն, իմ կարծիքով, ընթանում է սխալ ուղղությամբ եւ անտեսում է մարդու իրավունքների պաշտպանության մեխանիզմները»,-լրագրողների հետ ճեպազրույցում այսօր անդրադառնալով շփման գծում ադրբեջանական զինված ուժերի կողմից երեք հայ զինծառայողի սպանության դեպքին՝ ասաց ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը։ «Այս բոլոր խախտումների իրական պատճառն ու իրական աղբյուրն ադրբեջանական իշխանության կողմից հայատյացության հովանավորության, թշնամանքի քարոզի պետական քաղաքականությունն է»,-շեշտեց նա։
ՄԻՊ-ի խոսքով՝ սա հռետորաբանություն չէ, ինչպես տարբեր դեպքերում ասում են, այլ երկար տարիների եւ կյանքում կենսագործվող պետական քաղաքականություն է․ «Կրթությունից սկսած՝ կարմիր թելի պես անցնում է հայատյացությունը, թշնամանքը։ Այս քաղաքականությունը չի վերջանալու, քանի որ այն Ադրբեջանի իշխանության քաղաքական կյանքի, սնուցման աղբյուրն է, քաղաքական կյանքի երաշխիքը»։
Թաթոյանն ասաց, որ նշյալ քաղաքականությունը երկու ժողովուրդներին թշնամանքի մեջ է պահում ամբողջ աշխարհում․ «Քանի դեռ նման գործոնները կան, Ադրբեջանի կողմից հնչող բոլոր խաղաղասիրական հայտարարությունները կեղծ են։ Դրանք միջազգային հանրության համար կեղծ շղարշ են։ Գործին նայեք, ոչ թե խոսքերին։ Սահմանին ապրող բնակիչների իրավունքների խախտումներ, խաղաղ բնակիչների սպանություններ, զինծառայողների սպանություններ, սպառնալիքներ, գողություններ․․․այս ամենը փաստեր են եւ ապացուցում են իմ խոսքերը, որ գործ ունենք կեղծ խաղաղասիրության հետ։ Պատերազմից հետո մի գրամ անգամ չի պակասել հայատյացությունը։ Խաղաղությունը բարձրագույն արժեք է, բայց երբ մենք չունենք մեր իրավունքների պաշտպանության երաշխիքներ, ավելի մեծ խնդիրների մեջ ենք հայտնվելու։ Գլխավոր երաշխիքն ադրբեջանական զինված ծառայողների հեռացումն է, որը պետք է հիմնավորվի մարդու իրավունքների պաշտպանության գաղափարով»։
Արման Թաթոյանն ընդգծեց․ «ԱԳՆ կայքում երեկ նորից տեսա զորքերի հայելային հետքաշման գաղափարը։ Նորից ասեմ, որ դա սխալ քաղաքականություն է, մարդու իրավունքներն անտեսող առաջարկ է։ ԱԳՆ գործընկերների աշխատանքը հարգում եմ, բայց կարծում եմ, որ սա քաղաքական մոտեցում է, սխալ կենսագործվող, որը հակասում է մարդու իրավունքների պաշտպանության մեխանիզմներին։ Մենք ո՞ւր պետք է քաշվենք, որտեղի՞ց։ Ամբողջ շփման գիծը շատ դեպքերում անցնում է մեր քաղաքացիներին պատկանող տների եւ հողերի միջով։ Մարդիկ չեն կարողանում հող մշակել այն պատճառով, որ ադրբեջանական զինվորներն իրենց հողերում են։ Ուստի նշյալ մոտեցումը չի ապահովում մարդու իրավունքները։ Ենթադրենք՝ հետ քաշվեցինք, բա հետո ինչպե՞ս ենք ապահովելու մարդկանց իրավունքները։ Անգամ թիկունք չունենք, իսկ ադրբեջանական կողմից էլ խաղաղ բնակչություն չկա։ Այդ ինչի՞ հաշվին պետք է հետ գնանք, առավել եւս, որ սահմանազատում-սահմանագծում չի եղել։ Դրա համար ամենայն վստահությամբ եմ ասում, որ մարդու իրավունքների խախտման փաստերը պետք է որպես հիմք վերցնել։ Անընդհատ քարտեզների մասին են խոսում։ Մարդու իրավունքների տեսանկյունից շարժվելու դեպքում կա անտառների օգտագործման հարց, գեոդեզիական քարտեզներ, որոնք հողերի օգտագործմանն են վերաբերում, կադաստրային քարտեզներ, մարդկանց բնականոն կյանքի վերականգնման հարցեր։ Զորքերի հայելային հետքաշումը վերականգնելո՞ւ է մարդկանց բնականոն կյանքը։ Ինչպե՞ս։ Մարդիկ հողեր են կորցրել, վերադարձվելո՞ւ են դրանք»։
Կարդացեք նաև
ՄԻՊ-ը վստահեցրեց՝ իր միջազգային բոլոր հանդիպումները վկայում են, որ ապառազմականացված գոտի ստեղծելու առաջարկը կստանա միջազգային լայն աջակցություն, որովհետեւ այն ՄԱԿ-ի, ԵԱՀԿ եւ այլ կառույցների առաջարկների չափանիշների հիման վրա է․ «Հարց է բարձրաձայնվում, թե սա իրատեսական է, թե ոչ, քաղաքական առումով ադրբեջանական զորքերը կհեռանան, թե ոչ։ Այո, որովհետեւ մենք չենք ասում, թե ապառազմականացված գոտի ունենալու դեպքում դա դառնում է ՀՀ կամ Ադրբեջան։ Ոչ, ասում ենք, որ դա լինում է չեզոք գոտի, որպեսզի մարդիկ շնչեն, կարողանան ապրել, անվտանգություն ապահովել։ Դա կորոշվի սահմանազատման-սահմանագծման արդյունքում։ Թե ինչպես դա կորոշվի, թե կողմերն ինչպես կպայմանավորվեն, դա կարող է տասնյակ տարիներ տեւել։ Ի՞նչ է, այդքան ժամանակ մեր բնակիչները պետք է զրկանքներ կրե՞ն։ Մարդիկ ամեն օր տանջվում են»։
Արման Թաթոյանի խոսքով՝ քաղաքական եւ ռազմական ոլորտի պաշտոնյաները պետք է դադարեցնեն սահմանային անվտանգության, բնակիչների իրավունքների պաշտպանությանը վերաբերող հարցերը դիտարկելը բացառապես ռազմաքաղաքական տեսանկյունից․ «Բավական է։ Չի կարելի ռազմաքաղաքական տեսանկյունից բացառապես մոտենալ։ Չի կարելի մարդուց կտրել անվտանգության հարցը։ Անվտանգությունը բոլորին է վերաբերում։ Պետական քաղաքականության հիմքում պետք է դրվի մարդու իրավունքների պաշտպանությունը։ Օրինակ՝ միջազգային իրավաբանությունն ասում է, որ եթե սահմանային հարցերում կան կադաստրային փաստաթղթեր, մենք պետք է դա հիմք ընդունենք։ Ուստի մեր հնարավորությունները լայն են։ Եթե շարունակենք անվտանգությունը կտրել մարդուց, կզրկվենք անվտանգությունից։ Իմ նշած մոտեցումները հնարավորություն կտան պաշտպանել նաեւ մեր սահմանապահներին ու զինծառայողներին»։
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ