Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը քիչ առաջ լրագրողների հետ զրույցում ուշագրավ արձանագրում արեց: Հարցին՝ Ամանորից հետո մարդիկ աշխատանքի գնացին ամսի 3-ին, տնտեսական ի՞նչ էֆեկտի եք սպասում՝ նա պատասխանեց. «Ես կես կատակ արտահայտություն անեմ՝ հունվարի 3-ին, ժամը 4-ին հանդիպում ունեի ու այն մարդը, որը պետք է գար, 10 րոպե ուշացավ: Եկավ ասաց՝ խցանում էր, դրա համար էլ ուշացա, որը երբեք Հայաստանում չէր եղել հունվարի 3-ին: Եվ ես կարծում եմ, այն տնտեսական աշխուժությունը, որը մենք արդեն տեսնում ենք, հույս է տալիս ասել, որ մենք բավական լավ, առույգ կսկսենք տարին»:
Մեր զարմանքին՝ փաստորեն, խցանումները տնտեսական ակտիվության ցուցի՞չ են՝ Քերոբյանը պատասխանեց. «Հա, իհարկե»: Է՛լ ավելի զարմանքին՝ ո՞նց՝ նախարարը պատասխանեց. «Շատ հանգիստ»:
Aravot.am-ի դիտարկմանը՝ մեր երկրում ամեն օր ժամը 18-ից մինչեւ 20-ը խցանումներ են, կարո՞ղ ենք ասել, որ տնտեսական ակտիվությունն այդ ժամերին բարձր է՝ նախարարը պատասխանեց. «Ես օրինակ բերեցի, դուք մանիպուլացնում եք: Օրինակ բերեցի, որը կես կատակ, կես լուրջ էր, բայց նաեւ ցույց էր տալիս մի բան, որը երբեք Հայաստանում չէր եղել հունվարի 3-ին: Այդ օրինակով կարող ենք ցույց տալ, որ կա որոշակի տարբերություն նախորդ տարիների համեմատ: Հիմա, երբ դուք բերում եք ժամը 6-8-ի օրինակը, ամեն օր եթե ժամը 6-8-ը խցանում կա ու դա եղել է նախորդ տարի ու դրանից մի քանի տարի առաջ, դա աննախադեպ չի»:
Կարդացեք նաև
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ