Այսօր Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տուն-մարզադպրոցում մեկնարկող շախմատի Հայաստանի տղամարդկանց 82-րդ առաջնության գլխավոր մրցավար, միջազգային կարգի մրցավար Աշոտ Վարդապետյանը Aravot.am-ին ասաց. «Այս առաջնությունը ՀՀ նախորդ առաջնություններից չի տարբերվում այն առումով, որ բոլորն էլ վերջին տարիներին շատ ուժեղ կազմ են հավաքում: Առաջնության նպատակն անցած տարի կատարած աշխատանքներն ամփոփելն է, մեր առաջատար շախմատիստների մարզավիճակը տեսնելը:
Այս անգամ էլ հաղթողը կհրավիրվի ազգային հավաքական: Տարբերությունը միայն այն է, որ առաջին անգամ կա մասնակից, որն արդեն իսկ տեղ ունի հավաքականում եւ այս առումով հանդես է գալիս հաշվարկից դուրս: Խոսքը գրոսմայստեր Սամվել Տեր-Սահակյանի մասին է: Սա նշանակում է, որ եթե չեմպիոնի կոչումը Սամվելը նվաճի, հավաքականի թափուր՝ 5-րդ տեղը, կլրացնի երկրորդ հորիզոնականն զբաղեցրած շախմատիստը»:
Մեր զրուցակիցը նաեւ տեղեկացրեց, որ թե տղամարդկանց, թե կանանց առաջնություններին մասնակցող շախմատիստները ՊՇՌ թեստի բացասական պատասխան են ներկայացրել, ինչը ՀՇՖ պահանջն է: Ու ելնելով հակահամաճարակային միջոցառումների անհրաժեշտությունից՝ պայքարն անցնելու է առանց դահլիճում հանդիսականների ներկայության: «Սակայն առաջին անգամ կազմակերպվել է օնլայն հեռարձակում, որի ժամանակ պարտիաները կմեկնաբանի գրոսմայստեր, Եվրոպայի չեմպիոն Էլինա Դանիելյանը»:
Կարդացեք նաև
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ