Լրահոս
Օրվա լրահոսը

Չծխելը եւ պատվաստվելը մշակույթի հարց է

Հունվար 12,2022 10:00

Հունվարի 22-ից հանրային որոշ վայրեր մուտքն այլեւս չի թույլատրվելու առանց պատվաստվելու կամ PCR թեսթի մասին համապատասխան տեղեկանքի: Իսկ այս տարվա մարտից կարգելվի ծխելը հասարակական փակ եւ բաց տարածքներում: Գիտեմ, որ շատերն ինձ հետ համաձայն չեն լինի, բայց կարծում եմ, որ դրանք քայլեր են ճիշտ ուղղությամբ: Բացառություն է, ինձ թվում է, PCR թեսթի պահանջը. սոցիալական այս ծանր վիճակում, շեշտակի թանկացումների պայմաններում չի կարելի մարդկանցից հավելյալ ծախսեր պահանջել: Թեսթերը կա՛մ քաղաքացիների համար պետք է անվճար լինեն (պետության կամ/եւ գործատուների միջոցով), կա՛մ ընդհանրապես պարտադիր չլինեն:

Այդ բոլոր որոշումներն ունեն միայն մեկ թերություն. դրանք կյանքի չեն կոչվելու: Հիշեցնեմ, որ այս պահին էլ ուժի մեջ են առողջապահության նախարարի հրամաններն այն մասին, որ, օրինակ, տրանսպորտում եւ փակ տարածքներում պետք է դիմակ կրել: Քանի՞ տոկոսով են կատարվում այդ պահանջները: Ինչո՞ւ պիտի այս նոր հրամանների պարագայում իրավիճակը տարբեր լինի: 2-3 օր սրճարանների տերերը ձեւ կանեն, իբր ստուգում են QR կոդերը, իսկ այնուհետեւ ամեն ինչ կվերադառնա ի շրջանս յուր: Հայաստանում չկա այդքան ոստիկան կամ տեսչական մարմինների աշխատակից, որ կարողանան բոլոր սրճարաններին հետեւեն: (Ոստիկանները հազիվ հասցնում են հետեւել, թե ով ինչ է ֆեյսբուքում գրում բարձրաստիճան պաշտոնյաների հասցեին):

Մինչեւ չփոխվի մշակույթը, այսինքն՝ մինչեւ մարդիկ, օրինակ, չհասկանան, որ ուրիշ մարդկանց ներկայությամբ ծխելը տգեղ, անդաստիարակ վարքի դրսեւորում է, այդքան ժամանակ որեւէ բան չի փոխվի: Ոստիկանները չեն հետեւում, չէ՞, որ մարդիկ, ասենք, ներքնաշորերով փողոցում ման չգան: Որովհետեւ մեր հասարակության մեջ կա որոշակի կոնսենսուս, որ նման վարքն անընդունելի է: Իսկ մարդու դեմքին ծուխ չփչելու վերաբերյալ նման համաձայնություն չկա:

Չկա համաձայնություն ավելի կարեւոր խնդիրների, այդ թվում՝ պետական ծառայության վերաբերյալ: Ինչ էլ ասեն նախահեղափոխական եւ հետհեղափոխական իշխանավորները, պետական ծառայությունը վերջին առնվազն 50 տարում եղել եւ մնում է սոցիալական խնդիրները «միջինից բարձր» մակարդակով լուծելու միջոց: Ինչո՞ւ ուսուցիչը կամ համալսարանի դասախոսը կարողանում են ապրել 100-200 հազար դրամ աշխատավարձով: Որովհետեւ, ըստ այդ տրամաբանության (որն, իհարկե, պաշտոնապես չի բարձրաձայնվում), ուսուցիչն ու դասախոսը «անբաշար» են: Եթե «բաշարեին», կդառնային հարկայինի կամ ՄՌՈՒ-ի աշխատակից: Իսկ վերջիններս, քանի որ «բաշարել են», պիտի օգտվեն իրենց դիրքից՝ թե չէ, ինչի՞ համար են «պետական գործի մեջ մտել»: Հենա ուսուցիչ կդառնային: Կարծում եմ, տրամաբանությունը պարզ է, ու դա մշակութային խնդիր է:

Չծխելը եւ պատվաստվելը նույնպես կապված է մշակույթի հետ: Եթե օրենքները ներդաշնակ չեն մարդկանց մեծամասնության մտածողության հետ, դրանք (ոչ տոտալիտար համակարգի դեպքում) չեն գործի:

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (4)

Պատասխանել

  1. Հայ says:

    Դիմացինի դեմքին ծուխ փչել չի կարելի,բայց չգիտեմ թե ինչու է ծխելը ուրիշի ներկայությամբ տգեղ։
    Դեռ մի 30 տարի առաջ ֆիլմերում շատ դրական հերոսներ ծխոխ էին,դա համարվում էր գեղեցիկ և խորհրդավոր։
    Այսօր Դուք ասում եք,որ դա անդաստիարակություն է։Իհարկե կան տարբեր ձևեր,մեկը ծխում է խուլիգանի նման,իսկ մյուսը Չերչիլի,էն մյուսը Մերիլին Մոնրոյի,իսկ այն մյուսը ծխելու իր հետաքրքիր ու յուրահատուկ ոճն ունի։Իհարկե, փակ տարածքներում ծխել չի կարելի հասկանալի պատճառով,բայց կոնկրետ ծխելու երևույթը և անդաստիարակ լինելը բացարձակ իրար հետ կապ չունեն։

  2. Aha says:

    The question of smoking being inappropriate does not relate to the aesthetics of the act but rather to the substance. It is indeed inappropriate to blow smoke in someone’s face (if the latter has not agreed) – outside or inside – if that smoke is proven to be detrimental to health. It’s a similar logic to drinking and driving, you can harm (kill) people with that behavior so it’s inappropriate. Drink and drive alone on an empty private road, all good, but not on public roads.

  3. Ruben says:

    Հին ու նոր կառավարիչների կառավարության երևացող անդամները և զանգվածային սիրո արդյունքում օրենսդիրի մարմնում հայտնված կուսակցական բջիջները պետք է անհապաղ ընդունեն օրենքներ, որոնք արգելում են ծխախոտի, ալկոհոլի, ծխախոտի և ալկոհոլային արտադրանքի արտադրությունն ու ներմուծումը։
    Ծխախոտը, ալկոհոլն ու սեքսը վնասակար են ՀՀ-ի քաղաքացիների ու գյուղացիների առողջությանը և հատկապես ուղեղի ճիշտ զարգացմանը։

  4. Լավատես says:

    Կարծում եմ, իսկական նորմալ քոչվոր ցեղերը պետք է քոչվոր կյանք վարեն եւ ժամանակ առ ժամանակ պետք է իրար հետ գոյության կռիվ տան արոտավայրերի եւ իրենց այլ գոյաբանական արժեքների համար եւ ամենաուժեղն ու առողջը պետք է անցնի ապագա: Իսկ նորմալ նստակյաց ցեղերը պետք է իրենց բնօրրան ամրոցները անառիկ պահեն ամեն տեսակ նորմալ թե այլասերված նստակյաց թե քոչվոր ցեղերի ոտնձգություններից: Քոչվորները ժամանակին որոշեցին, թե ինչո՞ւ իրար դեմ կռվենք, լավ է միավորվենք քոչվորներով ու գնանք գրավենք նստակյացների հողերը, առավել եւս, որ նստակյացները այդքան խելք չունեն, որ միավորվեն իրար հետ ինչպես քոչվորները, որ արդյունավետ դիմագրավեն քոչվորների հերթական ասպատակությունները: Այսօր արդեն ակնհայտ է, որ նորմալ նստակյացների ու նորմալ քոչվորների դեմ, նրանց տեսակների, նրանց ինքնության դեմ համաշխարհային գլոբալ արշավ է սկսվել այլասերվածների կողմից’ այլասերված նստակյացների, որոնք քոչվոր են դարձել եւ այլասերված քոչվորների, որոնք նստակյաց են դարձել: Ոչնչացվում է նորմալ նստակյացների եւ նորմալ քոչվորների դարավոր կենսակերպերը, որը սպառնում է նրանց ֆիզիկական գոյությանը, կոպիտ օրինակ բերեմ’ նույնն է արջին փոքր տարիքից անտառից կրկես բերես օգտագործես եւ մեծ տարիքում բաց թողնես գնա անտառ, նա բնական է չունի այդ պայմաններում ապրելու հմտություններ, որը միայն փոքր տարիքում է ներարկվում: Կարճ ասած, մեր երեխաներին ու ջահելներին փորձելու են կտրել իրենց բնական դարավոր կենսակերպից, ստեղծելով նրանց համար հարմար գլոբալ կրկեսային արհեստական պայմաններ, իսկ մի երկու սերնդից հետո բոլորին կուղարկեն իրենց հարազատ ‘անտառը’, որտեղ էլ ‘բնական’ պայմաններում կվերանան: Այլասերվածությունը’ դա նորմալների հիվանդությունն է, որին եթե ադեքվատ արդյունավետ գոծողությունների դիմես, դա էլ հենց կլինի առողջ դիմադրողականության ձեւավորման եւ բնական էվոլյուցիայի գրավականը, մենք պարզապես պետք է ավելի լուրջ վերաբերվենք երեխաների դաստիարակությանն ու կրթությանը’ գլոբալ կրկեսային բաներից բացի, երեխային պետք է ներարկվի ազգային կենսակերպի ‘անտառում’ ապրելու հմտություններ, որ երբ նրանք մեծանան եւ կրկեսը վերանա, նրանք կարողանան զարգանալ եւ բարգավաճել: Նորմալ նստակյացներն ու նորմալ քոչվորները միասին պետք է հաղթահարեն այլասերված նստակյացներին եւ այլասերված քոչվորներին, ինչքան բարին ու նորմալը շատ ու ուժեղ լինի, այնքան չարն ու այլասերվածությունը կլինեն քիչ ու թույլ: Բոլոր նորմալներ, միացե՛ք:

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31