Լրահոս
Օրվա լրահոսը

2020թ. պատերազմը պետք է մանրակրկիտ հետաքննվի. «Սպիտակ թուղթ»

Հունվար 12,2022 14:00

Սկիզբը՝ այստեղ:

«Նույնիսկ լավատեղյակ դիտորդներն էին ակնկալում, որ հայկական ուժերը կկարողանան ավելի լավ օգտագործել տեղանքն ու պաշտպանողական դիրքը, քան այն, ինչ նրանք արեցին 2020թ. հոկտեմբերին ու նոյեմբերին»

Առաջարկություններ Հայաստանի Զինված ուժերի բարեփոխումների համար

1. Հետաքննող հանձնաժողով. 2020թ. Ղարաբաղյան պատերազմը

Անհրաժեշտ է համապարփակ հետաքննություն, որը լույս սփռի 2020 թ. պատերազմի տարբեր երեսների վրա: Այդ հետաքննության արդյունքում պետք է պատրաստվի զեկույց, որի մի տարբերակը պետք է հրապարակվի հանրության համար, իսկ պետական տարբերակը կմնա գաղտնի, քանի դեռ Հայաստանը չի կարգավորել իր ազգային անվտանգության ներկայիս խնդիրները: Հանձնաժողովը պետք է լիովին անկախ լինի՝ իր գործունեության, փորձագետների ընտրության եւ ինստիտուցիոնալ կարգավորման առումով: Չնայած ռազմական գաղտնիքների զգայունությանը պատշաճ ուշադրություն դարձնելուն, թափանցիկությունն առաջնային է: Առանց խորհրդարանի եւ քաղաքացիական հասարակության տեղեկացվածության վրա հիմնված ճնշումների՝ զինվորականները, որպես բյուրոկրատական քաղաքականության մասնակիցներ եւ ունենալով իրենց սահմանափակ շահերը, կամովին չեն փոխվի:

Միեւնույն ժամանակ, այդ հետաքննությունը թույլ կտա գնահատական տալ 1994 թ. հաղթանակին՝ հետադարձ կերպով (ex-post): Հայ ազգայնականությունը ոչ օրինաչափ (abnormal) կապ ունի պատմության հետ: Քանի որ այն սնուցվում է հուսահատությամբ եւ հիասթափությամբ, հայ ազգայնականությունը պատճառ դարձավ, որ 1994 թ. հաղթանակի պատճառները չկարողանանք եւ չկամենանք անաչառորեն գնահատել: Այդ հաղթանակը սկսեց ընկալվել որպես փոխհատուցում՝ նախորդ բոլոր պարտությունների, զրկանքների եւ անարդարությունների, ու որպես վերականգնում՝ դրանց պատճառած հետեւանքների: Նույնքան վտանգավոր կլիներ 2020 թ. պարտությունը էականացնելը (essentialize): 2020թ. պատերազմը պետք է մանրակրկիտ հետաքննվի, որպեսզի չառաջանա զոհարկություն եւ (կամ) անկարողություն:

Հարկ է նշել, որ Հայաստանում նման նախաձեռնության օգտին մի շարք ձայներ են լսվում. ներառյալ (բայց ոչ միայն) Գլխավոր շտաբի (ԳՇ) նախկին պետ Օնիկ Գասպարյանի եւ նախորդ կառավարության որոշ բարձրաստիճան անդամների:
Հայաստանից դուրս հաջողված դեպքեր են եղել, երբ նման հետաքննությունները տվյալ հասարակությանն օգնել են հաղթահարելու ներքին ցնցումը եւ խոր բեւեռացումը: Կա նաեւ միջազգային բավականաչափ փորձ՝ «ինչ չանել»-ու առնչությամբ, Հայաստանի պարագայում նման մի նախաձեռնություն դյուրացնելու համար:

2. Տեսության բարեփոխում

Հայկական նախընտրությունները, որոնք ժառանգվել են խորհրդային ռազմական տեսությունից (այսինքն՝ պատերազմելու եղանակներն ու մեթոդները), հակված են դեպի հյուծիչ պատերազմի. մարդկային ռեսուրսների կառավարում, մեծ քանակությամբ զրահատեխնիկայի կիրառում եւ ուժեղ հենարան՝ ի դեմս հակաօդային պաշտպանության ու հրետանու, եւ ի վնաս օդային գերազանցության ու կենսունակ հետեւակի:

Սակայն սա աչք է փակում շարժունակ եւ ճկուն ինքնապաշտպանական խմբերի վրա, որոնք հանգուցային դեր ունեցան Լեռնային Ղարաբաղի առաջին պատերազմում: Ասես՝ բանակի կառուցման ընթացքում հայկական ռազմական ավանդույթի օգտակար կողմերը կորել էին ԳՇ-ի համար: Նույնիսկ լավատեղյակ դիտորդներն էին ակնկալում, որ հայկական ուժերը կկարողանան ավելի լավ օգտագործել տեղանքն ու պաշտպանողական դիրքը, քան այն, ինչ նրանք արեցին 2020թ. հոկտեմբերին ու նոյեմբերին:

2020թ. Ղարաբաղյան պատերազմը չի փաստել, որ տանկերը անգործածելի են, եւ ոչ էլ ապացուցել է, որ հաջորդ պատերազմները միայն ռոբոտներն են ղեկավարելու: Բայց այն, անշուշտ, ցույց տվեց, որ շարժական, միավորված սպառազինության ու հրետանային ստորաբաժանումների բացակայությունը կարեւոր թերություն հանդիսացավ ճակատամարտի եւ հնարավորությունների ենթադրյալ դասավորությունում:

Այն դեպքում, երբ ակնհայտ է, որ պատերազմով սպառված զսպման կարողությունները պետք է վերակառուցվեն եւ ուժեղացվեն, հարցը, թե արդյո՞ք պետք է վերանայվի գնումների քաղաքականությունը, կախված կլինի տեսության բարեփոխումների ընտրությունից:
Պաշտպանության նախարարության եւ ԳՇ-ի տարրերի միջեւ կա տեսական դիմակայություն: Այն դեպքում, երբ բարեփոխումների ներդրումը եկել է ՊՆ-ից, ԳՇ-ն դրանք ընդունել է միայն մակերեսորեն (եւ ոչ գործնականում), կամ ընդհանրապես չի ընդունել: Այս խնդիրը տեսանելի դարձավ քառօրյա պատերազմից հետո Ազգ-բանակ հայեցակարգի հրապարակմամբ եւ երկու համապարփակ փաստաթղթերով, որոնք ներկայացնում են «Պաշտպանության նախարարի վերանայումը»՝ հրապարակված 2018 եւ 2020 թվականներին: Այս վերջին երկու փաստաթղթերում թվարկվում էին զինված ուժերի արդիականացման եւ բարեփոխման կարեւոր տարրեր: Իրականացված բարեփոխումներից ոչ մեկը, սակայն, բավարար չէր 2020 թ. պատերազմի ելքի վրա ազդեցություն ունենալու համար: Հավանաբար, ԳՇ-ն գործել է այն ենթադրությամբ, որ կնախընտրեր սպասել խաղաղության՝ զանգվածային բարեփոխումներ իրականացնելու համար: Պարզվեց, որ սա խելամիտ չէր: Այժմ Հայաստանը պետք է անհապաղ սկսի այդ բարեփոխումները:

3. Անհամաչափ եւ հիբրիդային պատերազմ

Պետք է մշակվեն ոչ գծային պատերազմի տեսություններ, որոնք օգտագործում են տնտեսական, քաղաքական, հոգեբանական եւ կիբեր ազդեցությունները թշնամու սպառնալիքների կամ թիրախների վրա: Տեղեկատվության սպառազինումը շարունակում է մնալ լուրջ թերություն՝ ինչպես հայկական պետության պաշտպանական, այնպես էլ հարձակողական զինանոցում, իսկ ուժեղ անհամաչափ եւ հիբրիդային պատերազմի տեսության մշակումը վճռորոշ նշանակություն ունի հանրապետության անվտանգության ճարտարապետության համար:

4. Հայաստանի ռազմական կրթական համակարգի բարեփոխում

Հայաստանի ռազմական ակադեմիաները դեռեւս հնացած են, սահմանափակ միջոցներով, անբավարար քանակի որակյալ հրահանգիչներով եւ գիտական հետազոտությունների ու ռազմական ակադեմիկոսների պակաս ունեն: Ինչպես լայնածավալ բարեփոխումներ են պահանջվում Հայաստանի կրթական համակարգում, այնպես էլ նույն լայնածավալ բարեփոխումներն անհրաժեշտ են նաեւ երկրի ռազմական կրթական համակարգում:

Հայաստանի երեք հիմնական ռազմական ակադեմիաները չունեն գերժամանակակից ռազմական հարմարություններ, ակադեմիական պատրաստվածություն, ընդլայնված ռազմավարական եւ մարտավարական պատրաստվածություն, առաջատար մասնագետներ եւ հրահանգիչներ, ու որակյալ հետազոտություններ: Հայաստանի ռազմական ակադեմիաների՝ համեմատաբար ցածր որակի պատճառով կրտսեր սպայական կազմը, ռազմական ծրագիր կազմողները եւ ռազմավարները, որոնց պատրաստում է այդ կրթական համակարգը, մնում են Հայաստանի անվտանգության ճարտարապետության կարիքներին անհամապատասխան եւ թերի: Հայաստանի ռազմական կրթական համակարգը պետք է բարեփոխվի եւ մոդելավորվի առաջադեմ ռազմական ակադեմիաների օրինակով. այն պետք է ներառի ճշգրտություն՝ հետազոտությունների եւ ռազմական գիտության մեջ, քաղաքականության մշակում եւ ռազմավարական հրամանատարության կատարելագործում:

5. Ղեկավարման եւ կառավարման (Command and Control, C2) համակարգ

2015թ. Սահմանադրությամբ սահմանված՝ ղեկավարման եւ կառավարման մեխանիզմները թուլանում են: Փոփոխությունները, որոնք նրանք պատկերացնում են խաղաղության եւ պատերազմի միջեւ, պատերազմի ժամանակ անհաջողության աղբյուր դարձան:

Սկզբունքորեն, զինված ուժերը ենթարկվում են կառավարությանը: Հետեւաբար, ՊՆ-ն հետեւում է Անվտանգության խորհրդի սահմանած պաշտպանական քաղաքականության հիմնական ուղղություններին, այնուհետեւ դրանք փոխանցում է Զինված ուժերին: Խաղաղության պայմաններում՝ ԳՇ պետը, ռազմական ամենաբարձր պաշտոնյան, ենթարկվում է ՊՆ-ին: Սակայն պատերազմի ժամանակ գլխավոր հրամանատարը դառնում է վարչապետը, իսկ ԶՈՒ-ն զեկուցում է վարչապետին:

2008թ.-ից սկսած ռազմավարական պաշտպանության երկու տեսություն է ներկայացվել, ուր հատկապես շեշտադրված է այն, որ առաջադրանքով հրամանատրումը (mission command) C2 համակարգի հիմնական փիլիսոփայությունն է եւ առաջնորդող սկզբունքը: Այդ նույն հարցը վերաձեւակերպվեց 2018 եւ 2020 թվականների նախարարական վերանայման մեջ:

Հրամանատրում առաջադրանքով հայեցակարգի առավելությունները կարող են լինել.
1.Էական քայլ կատարելը դեպի պատերազմի նկատմամբ մանեւրային մոտեցում,

2.Հաղթահարելը մարտադաշտի անկայունությունը եւ հաղորդակցության հավանական խափանումը,

3.Կողմնորոշում-որոշում-կատարում կապը կրճատելը,

4.Նախապատվություն տալը առաքելության տիպի պատվերներին, որոնք լավ կհամապատասխանեն լեռնային եւ անտառային ռազմական գործողությունների թատերաբեմին,

5.Հրամանատարի մտադրության ըմբռնումը եւ փոխվստահության ձեւավորումն ընդգծելը, որը հնարավորություն կտա ավելի լավ հակազդելու ցանկացած սպառնալիքի եւ հնարավորություններն օգտագործելու ռազմի դաշտում:

Ամփոփումը՝ վաղվա համարում:

«Սպիտակ թուղթ». 2020թ. Ղարաբաղյան պատերազմը եւ Հայաստանի ապագա արտաքին ու անվտանգության քաղաքականությունները

ՌՈԲԵՐՏ ԱՅԴԱԲԻՐՅԱՆ (Փարիզ)

ԺԻՐԱՅՐ ԼԻՊԱՐԻՏՅԱՆ (Բոստոն)
ԹԱԼԻՆ ՓԱՓԱԶՅԱՆ (Էքս ան Պրովանս)

«Առավոտ» օրաթերթ
11.01.2022

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31