Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Երեխային մենակ թողնել վիրտուալ աշխարհում, նույնն է, թե թողնել մութ անտառում»

Հունվար 12,2022 13:00

Հոգեբան Իրինա Ծատուրյանը՝ վիրտուալ շփումների, համացանցի դրական ու բացասական կողմերի մասին

– Գաղտնիք չէ, որ մարդկանց կյանքի անբաժան մասնիկ է դարձել սոցցանցը: Ինչո՞վ է սա պայմանավորված, ինչո՞ւ մարդիկ սկսեցին նախընտրել վիրտուալ շփումը:

– Այսօր մարդիկ հնարավորություն ունեն հանդես գալու այլ կերպարով` այլ լուսանկար, անուն եւ նույնիսկ այլ սեռով: Նրանք, այսպես ասած, ընտրում եւ հանդես են գալիս իրենց առավել նախընտրելի կերպարներով, իհարկե, սա տարբեր նպատակներ է հետապնդում, օրինակ՝ գումար շորթել, կամ նույնասեռ շփումներ:

Լինում են նաեւ կանանց խաբելու, ամուսնության սուտ խոստումներով գումարներ շորթելու փորձեր: Ռուսաստանում, օրինակ, շատ-շատ են լինում դեպքեր, երբ կանայք վստահում են, գումարներ փոխանցում, իսկ տղամարդը մեկ էլ անհետանում է: Բացի ֆինանսական կորստից, նման բաները նաեւ վատ ազդեցություն են թողնում մարդու հոգեկան առողջության վրա:

– Տարիքային ո՞ր խմբերն են առավել ռիսկային գոտում եւ ինչպիսի՞ ռիսկեր կան:

– Նախ սոցցանցերը մեծ ռիսկեր են պարունակում մարդկանց մեդիագրագիտության տեսանկյունից: Շատ պարզ օրինակ է պատվաստումների շուրջ պտտվող սուտ լուրերը: Սոցցանցերում մեծ աղմուկ բարձրացվեց` չիպավորումից մինչեւ անպտղություն: Իհարկե, սրանք միֆեր են, բայց շատերը արժանահավատորեն են վերաբերվում այս ամենին եւ առաջանում է վախ: Էլի ռուսական օրինակը քննարկենք. հակապատվաստումային միֆեր տարածող կայքերն այնտեղ արգելափակվում են: Թե ինչ են հետապնդում հակապատվաստումային քարոզ տարածողները, այլ խնդիր է, բայց մենք պետք է հստակ գիտակցենք, որ չի կարելի վախի մթնոլորտում ինչ-որ բան ստիպել մարդուն, որովհետեւ վախն էլ իր հերթին բացասական արդյունք կունենա:

Մյուս ռիսկը համացանցում անձնական տարածքի պահպանումն է, եղել են դեպքեր, երբ անձնագրի կամ բանկային քարտի տվյալներով մարդկանցից գումար են շորթել, կամ ինտիմ լուսանկարներով սպառնացել եւ սա գրանցվել է ոչ միայն կանանց, այլ տղամարդկանց շրջանում, բայց ամենաթիրախային գոտում դեռահասներն են:

Մի այսպիսի դեպք հիշեցի` 13-14 տարեկան աղջիկը իր մերկ լուսանկարներն էր ուղարկել ընկերոջը, ում հետ ծանոթացել էր համացանցով, հետո, իհարկե, ծնողները իմացան այս մասին, երբ ես հարցրի նրան, թե ինչպե՞ս է շատ ինտիմ նկարներ ուղարկել մեկին, ում նորմալ չի էլ ճանաչում, պատասխանեց, որ իրեն կարծես հիպնոսացրած լինեին: Իսկ դրա պատճառն այն է, որ այս տարիքում նրանք դեռ շատ հարցերի պատասխանները լիարժեք չունեն: Այ հենց այստեղ է, որ պետք է լինի ծնող-երեխա ուղիղ եւ ամուր կապը: Երեխաները մշտապես պետք է զգան ծնողի ներկայությունն ու ջերմությունը: Աղջիկ եւ թե տղա, պետք է վստահեն ծնողին: Իհարկե, ամեն ինչ ավելի խորքային է` դեռ փոքրուց մայրիկները երեխային կապում են հեռախոսների կամ համակարգչի հետ, թողնում նրանց ժամերով մենակ, իսկ իրենք հանգիստ իրենց աշխատանքն են կատարում: Ահա հենց սա է այն խորքային խնդիրը, որը նշեցի, իսկ իրականում երեխային համակարգչի կամ հեռախոսի առջեւ առանց վերահսկողության թողնելը նույնն է, ինչ մութ անտառում մենակ թողնենք:

Առաջին հայացքից ամեն ինչ այդքան էլ վտանգավոր չի թվում` երեխան խաղում է, մուլտֆիլմ դիտում ու չի աղմկում, բայց իրականում նա մենակ է վիրտուալ աշխարհում, այնպես, ինչպես մութ անտառում: Երբ մայրը գրկում է իր բալիկին, հեքիաթ պատմում, երեխան զգում է նրա ջերմությունը, անընդհատ լսում ձայնը, որն էլ ամրացնում է նրանց կապը, իսկ երբ մայրիկի փոխարեն այս ամենն անում են հեռախոսը կամ համակարգիչը, ակամայից ծնողի այս գլխավոր դերը անցնում է համակարգչին, որի առջեւ էլ երեխան դեռ փոքրուց անցկացնում է օրվա մեծ մասը: Այդ պատճառով էլ պետք է շատ ժամանակ տրամադրել երեխային: Իհարկե, ես հասկանում եմ, որ շատ պարագաներում ծնողները ֆիզիկապես հոգնում են, ստիպված են այդպես վարվում, բայց եթե մենք ուզում ենք լավ արդյունք, պետք է շատ ջանք ներդնել:

– Եթե բանը հասավ կախվածությանը, ինչպե՞ս հասկանալ, որ առկա է կախվածություն եւ ի՞նչ քայլերի դիմել:

– Եթե մարդը օրական 1 ժամ է հատկացնում, սա նորմալ է, օրը 2 ժամի պարագայում արդեն անհանգստանալու կարիք կա, իսկ եթե 3 եւ ավելի ժամ, ապա սա արդեն խնդիր է:

Կախվածության մեջ գտնվող երեխան սովորաբար դիտողություններին կոպիտ է արձագանքում, ագրեսիվ է դառնում: Հաճախ պատահում է, որ նման պարագայում ծնողը կոշտ մեթոդներ է կիրառում, ինչը միանշանակ սխալ է: Բռնությունը առավել կխորացնի երեխա-ծնող անջրպետը: Այդ պատճառով պետք է երեխայի համար այլ հետաքրքրություններ գտնել: Այս ամենը նման է հիվանդության, երբ մարդը հիվանդ է, այդ հիվանդության համար կանխարգելիչ միջոցներ են ձեռք բերվում, ահա այս պարագայում էլ է նույնը: Պետք է երեխային առաջարկել այլ զբաղմունքներ, որոնք իր համար հետաքրքիր ու հաճելի կլինեն: Եվ պիտի նորից կրկնեմ՝ մշտապես պետք է պահել ծնող-երեխա կապը: Տղա երեխաները սովորաբար առավել կապված են լինում հայրիկների հետ, աղջիկները` մայրիկների: Երեխային կարելի է ժամանակ հատկացնել անգամ աշխատավայրում, օրինակ՝ 14 տարեկան տղա երեխայի հայրը իր հետ կարող է տանել աշխատավայր, որպեսզի երեխան տեսնի, թե ինչպես է անցնում հայրիկի օրվա մեծ մասը ու զգա իր նկատմամբ ջերմություն: Այսպիսով նա իրեն անպետք չի զգա: Այս տարիքի երեխաները սովորաբար այդ մութ անտառն են գնում, որովհետեւ իրենց անպետք են զգում:

– Եթե փորձենք առանձնացնել սոցցանցերի մի քանի դրական կողմերը, որոնք կլինեն դրանք:

– Ոչ միայն սոցցանցերը, սյլեւ համացանցը բավականին շատ դրական կողմեր ունեն: Սոցցանցերում մենք հնարավորություն ունենք շփվելու մեր մանկության ընկեր-ընկերուհիների հետ, մասնակցելու տարբեր ֆորումների, թրեյնինգների, այսօր նույնիսկ օնլայն դասավանդումներ են անցկացվում: Նույն հայացքներն ունեցող մարդիկ միասին քննարկումներ են ունենում տարբեր խմբերում եւ այսպես շարունակ:
Իսկ եթե դիտարկենք համացանցը առհասարակ, ապա սա սովորելու, նոր գիտելիքներ ձեռք բերելու հսկայական բազա է: Ես այն նմանեցնում եմ ատոմային էներգիայի, որը կարելի է կիրառել թե վատ, թե լավ նպատակներով, օրինակ՝ ատոմային էներգիայից կարելի է ռումբ ստանալ եւ հակառակը՝ կիրառել այն տնտեսության զարգացման համար:

Օրինակ, ինձ դիմում են տարբեր հարցերով եւ բնական է, որ այն գիտելիքները, որ ես ստացել եմ բուհում, չէր հերիքի եւ ես ինֆորմացիան քաղել եմ համացանցից մասնագիտական եւ լուրջ կայքերի հետեւելով: Բայց այստեղ էլ կա խնդիր: Պատկերացրեք, որ 13-14 տարեկան դեռահասը ինչ-որ կայքից օգտվելիս, օրինակ, քիմիայի խնդիրներ է ուսումնասիրում, մեկ էլ էկրանին հայտնվում է օնլայն խաղատների գովազդներ: Ես, բնական է, դա չեմ բացի, բայց դեռահասը, որին գրավում է գովազդում առկա էներգիան, այդ դրայվը նրան միանգամից կհետաքրքրի եւ նա կընկնի ծուղակը: Այստեղ եւս մեկ անգամ հարկ կա շեշտելու ծնողի ներկայության կարեւորությունը, ինչքան էլ վստահ լինենք, որ երեխան զբաղված է իր դասերով, այնուամենայնիվ, պետք է հետեւողական լինել: Տեսեք, ես օրինակ բերեցի օնլայն խաղատները, բայց սրանք կարող են ամենատարբեր տեսակի աղբ լինել, մինչեւ պոռնոգրաֆիկ գովազդներ, որոնք մանավանդ դեռահասների շրջանում թողնում են իրենց վատ ազդեցությունը:

Զրուցեց Տաթև ՍԱՐԳՍՅԱՆԸ

«Առավոտ» օրաթերթ
11.01.2022

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31