Աշոտ Աղաբաբյանի վեպերի փիլիսոփայական արժեքը
Հավանաբար ժողովրդական այս իմաստությամբ եւ հայի հավերժ լինելիության համոզմունքով է առաջնորդվում ճանաչված գրող, լրագրող Աշոտ Աղաբաբյանը, որի հայ մեծերի, լեգենդների կյանքին ու գործունեությանը նվիրված թվով 5-րդ գրքին օրերս նվիրված մարդաշատ ու հիանալի կազմակերպված շնորհանդեսը տեղի ունեցավ: Նա իր վեպերով գրական ասպարեզ իջավ ժամանակի թելադրանքով եւ գալիս է ասելու, որ Նարեկացի եւ այսքան տաղանդներ ու անհատականություններ ունեցող ազգը չի կարող հավերժ չգոյատեւել, որ այս վիճակից դուրս գալու ելքը ազգային ազնվականության արժեւորումը կարող է լինել:
Իր վեպերում Աշոտ Աղաբաբյանը հաստատում է նշանավոր ինգուշ գրող Ալեհան Միտալիերորի այն միտքը, որ «Բնության մեջ ազնվական ազգեր չկան։ Կան անհատներ, որոնց ազնվականությունը յուրացնում է ժողովուրդ կոչված ամբոխը»: Այն, ինչ անում է Աշոտ Աղաբաբյանը, հայրենասիրության ու սերունդների դաստիարակության, իր երկրին ու ժողովրդին նվիրվածության յուրատիպ մի օրինակ է, ինչն ավելի է կարեւորվում այսօր, երբ հեռացել ենք մեր ազգային արժեքներից, հայտնվել ենք բարոյահոգեբանական ու արժեհամակարգային խորը ճգնաժամի առջեւ, երբ վտանգ է սպառնում մեր ազգային ինքնությանն ու պետականությանը:
Երբ ունենք կորսված ազգային արժանապատվություն, հուսալքված ժողովուրդ, փլուզված կրթական համակարգ, արժեզրկված են պետական ինստիտուտները, կոչումներն ու պարգեւները, գիտելիքն ու գիտությունը, մարդկանց վաստակն ու ծառայությունները: Այս իրավիճակում մտավորականների, գրողների, եկեղեցու, կրթության, մշակույթի, սպորտի գործիչների, լրատվամիջոցների հիմնական խնդիրը բարձր արժեքներ կրող մարդու՝ քաղաքացու դաստիարակությունն ու մեր ազնվական արմատներին վերադարձը պետք է լինի, առանց որի բոլորս՝ երկրի ղեկավարներից մինչեւ հողագործ, պարզապես շարունակելու ենք մնալ որպես խղճուկ ստրուկներ: Ի դեպ, Աշոտ Աղաբաբյանի հինգ վեպերն էլ աչքի են ընկնում գեղարվեստական ու փաստագրական բարձր արժեքով եւ վերջին տարիների ամենաշատ վաճառվող գրքերից են: Իսկ 5-րդ գիրքը, որը կոչվում է «Վերջին անգամ ենք ապրում», նվիրված է հայ դյուցազուն՝ ծանրամարտիկ, աշխարհի եւ ԽՍՀՄ ռեկորդակիր, 20-րդ դարի կեսերին մոլորակի ուժեղագույն մարդուն, մեծ հայրենասեր, հարուստ ու նուրբ հոգու եւ մեծ սրտի տեր մարդու՝ Սերգո Համբարձումյանի կերպարին: Մենք պետք է Նարեկացու, Կոմիտասի, Նժդեհի, մեր այլ մեծերի գենը արթնացնենք մեր ժողովրդի մեջ: Ավելի քան երբեք, հիմա մենք մեր մեծերի խորհրդի կարիքն ավելի շատ ունենք: Իսկ նրանց ապրած կյանքն ու գործունեությունը մեզ համար իսկական օրինակ կարող է լինել:
«Միակ բանը, որը կարող է մեզ ուղղորդել դեպի վեհ մտքեր եւ գործողություններ, մեծ եւ բարոյապես մաքուր անհատների օրինակն է»,- ասել է Նոբելյան մրցանակի դափնեկիր, հասարակական գործիչ Ալբերտ Էյնշտեյնը: Ո՞վ կիմանար հայի ու Հայաստանի տեղը, եթե մենք Տիգրան Մեծ, Մաշտոց, Նարեկացի, Կոմիտաս, Նժդեհ, Արամ Խաչատուրյան, Վիկտոր Համբարձումյան, Տիգրան Պետրոսյան, Սերգո Համբարձումյան ու նման շատ հայտնիներ չունենայինք ու ըստ արժանվույն աշխարհին նրանց չներկայացնեինք: Իսկ ազգերը, ժողովուրդներն աշխարհին ներկայանում են իրենց գիտության, մշակույթի, ռազմարվեստի ոլորտի հայտնիների, հերոսների ու սպորտի ականավոր գործիչների միջոցով:
Մեծերն են կերտում պատմություն ու երկրի ապագան, ապահովում պետության առաջընթացը, իսկ այն երկրները, որտեղ երախտամոռ են իրենց մեծերի նկատմամբ եւ ըստ արժանվույն չեն գնահատում իրենց տաղանդներին, նվիրյալներին, զորավարներին ու բարերարներին, պարզապես վերածվում են հետամնաց գաղութների:
Կարդացեք նաև
Պատմությունն էլ մեզ ապացուցում է, որ երկրներն ու ժողովուրդները հասել են փառքի, կայսրություններ են դարձել անհատների մեծ կամքի, տաղանդի ու նվիրվածության շնորհիվ կամ պարտվել ու կործանվել են նույնպես անհատների արկածախնդրության, ապաշնորհ կառավարման կամ դավադրության արդյունքում: Պատահական չէ, որ ֆրանսիացի ականավոր գրող Վիկտոր Հյուգոն ասում էր. «Մեծ տաղանդի առաջ գլուխս եմ խոնարհում, իսկ մեծ սրտի առաջ՝ ծնկի եմ գալիս»: Դժբախտ են այն ազգերը, ովքեր չունեն տաղանդներ ու վառ անհատականություններ, իսկ կրկնակի դժբախտ են նրանք, որոնք չեն գնահատում, չեն մեծարում իրենց մեծերին, իմաստուններին, ում նախասիրությունն ու համակրանքը միջակությունն ու գորշությունն է, իսկ հոգու սնունդը՝ ատելությունն ու չարությունը: Իսկ որպես կանոն գորշ ու փոքր մարդիկ ծնված են եւ միշտ փափագում են փոքր եւ ստոր արարքների համար:
Տաղանդներ ու հերոսներ չի կարող ծնել մի ազգ, ժողովուրդ, ով չի մեծարում, չի գնահատում նրանց: Ցավոք, մենք հենց այդպիսին ենք եւ պատահական չէ, որ լինելով տաղանդավոր, ձեռներեց ու խիզախ ազգ, տեղ ենք զբաղեցնում աշխարհի թույլերի ու հետամնացների շարքում, հիմա էլ հայտնվել ենք պարտվածի ու խղճուկի վիճակում: Իսկ մեր տաղանդները Հայաստանում տեղ չունեն, նրանք օտար երկրներում են դրսեւորվում, գիտության մեջ հայտնագործություններ անում, օտարների երկիրն են շենացնում, ուրիշների համար են հզոր զենքեր ստեղծում:
Թումանյանն ասում էր. «… իմաստուն ու հասուն ազգերը, իրենց ունեցած տաղանդների վրա ինչքան էլ առատ-առատ ծախսեն, լավ են իմանում, որ այսուամենայնիվ, շատ էժան գնով շատ թանկ բան են ձեռք բերում»: Որպես կանոն, մեր երկրում նրանք բոլոր ժամանակներում արժանանում են իշխանությունների ու ժողովրդի կողմից անտարբերության, երախտամոռության, նախանձի, ունենում են չհաջողված անձնական կյանք, դաժան ճակատագիր, անփառունակ վերջաբան ու վախճան: Իսկ լավագույն դեպքում գնահատվում են մահվանից հետո միայն: Մինչդեռ մեծերն են, որ օժտված են յուրահատուկ որակներով՝ անկոտրում կամքով, մեծ սրտով ու հարուստ ներաշխարհով, մեծ նվիրումով ու անսահման սիրելու կարողությամբ, ստեղծագործական ունակություններով, խիզախությամբ ու անձնազոհությամբ, նրանք են, որ կարող են նվիրաբերել իրենց անձնական կյանքը իրենց գաղափարներին ու հայրենիքին եւ այրվել ազգի ցավով:
ԱՄՆ նախագահ Ջոն Քենեդին գտնում էր, որ. «Ազգը իրեն դրսեւորում է ոչ միայն իր մարդկանցով, այլ նրանով, թե ինչպիսի մարդկանց է նա պատիվներ տալիս եւ ինչպիսի մարդկանց է նա հիշում»: Ոչ պատահականորեն հենց այս փիլիսոփայությամբ էր կառուցված գրքի հեղինակի՝ Աշոտ Աղաբաբյանի շնորհանդեսը եզրափակող եյույթը: «Մեծ նավերը անվտանգ ու ապահով են իհարկե ափին, նավահանգստում: Բայց նրանք դրա համար չեն ստեղծված: Ես ափի համար չեմ, պիտի լողամ օվկիանոսի ամենախորքում: Դու երբեք չես հաղթահարի օվկիանոսի խորխորատները, եթե համարձակություն չունենաս տեսադաշտից կորցնել ափը: Երբեք թույլ չպիտի տաս, որ քո վախերը կործանեն քո երազանքները…», իր կերտած հերոսի այս խոսքերով սկսեց իր ելույթը հեղինակը: Հետո նաեւ մի դրվագ կարդաց գրքից, երբ Սերգո Համբարձումյանը կյանքի վերջին օրերին հիշում է մի պատմություն իր խորտկարանում լեգենդար հետախույզ Հայկ Հովակիմյանի ու տաղանդավոր աստղագետ Գրիգոր Գյուրզադյանի հետ հանդիպումից: Ի՞նչ իմանար Սերգո Համբարձումյանը, որ շատ տարիներ անց հենց Աշոտ Աղաբաբյանն է իրենց՝ երեքի մասին էլ գիրք գրելու՝ «Ռեզիդենտը», «Մենակը» եւ «Վերջին անգամ ենք ապրում»:
Իսկ Մոսկվայում հիվանդասենյակում կյանքի վերջին օրերին Սերգոն այս մասին պատմում է իր կնոջը, թե ինչպես իրեն Գրիգոր Գյուրզադյանը պատմել է, որ դարեր առաջ Իսահակ Նյուտոնը Անգլիայում եւ Գերմանիայում՝ Գոթֆրիդ Լայպնիցը միաժամանակ իրարից անկախ ստեղծում են բոլորովին նոր, բայց եւ նույն մաթեմատիկայի տեսությունը, որը կոչվում էր դիֆերենցիալ-ինտեգրալ հաշիվներ, որոնք այսօրվա մաթեմատիկայի ու գիտության հիմքն են: Անգլիան ամենաբարձր փառքին ու պատվին է արժանացնում իր գիտնականին, իսկ Գոթֆրիդ Լայպնիցը չունենալով իր երկրի իշխանությունների համակրանքն ու աջակցությունը, դառնում է գորշ շրջապատի չարության ու նախանձի զոհը:
Ցավոք, Սերգո Հանբարձումյանը նույնպես կարիերան ավարտելուց հետո անցնում է դաժան փորձությունների միջով՝ արժանանալով սեփական կառավարության անտարբերությանը, հալածանքներին ու գործընկերների նախանձին: Իսկ ազգի ընտրանուն, հայտնիներին՝ նվիրյալներին, հերոսներին ու մտավորականներին վարկաբեկելն ու լուսանցքում թողնելը լավ տեղ չեն կարող տանել, եւ դա կարող է կործանարար լինել երկրի ու հենց իր՝ ժողովրդի համար: Որպես կանոն, հասարակությունները դեգրադացվում են ու դառնում են բարոյազուրկ ու հետամնաց, երբ իրենց թիկունքին չեն զգում անհատների շունչը, եւ անհատները դառնում են անզոր, երբ չեն արժանանում իշխանությունների եւ հասարակության աջակցությանն ու համակրանքին: Ապագա չի կարող ունենալ մի երկիր, ժողովուրդ, որտեղ իշխանությունների մակարդակով հեգնում են ու ծաղրում ազգի ընտրանուն, որտեղ պետությունն ու ժողովուրդը պատրաստ չէ տեր կանգնել ու մեծարել իր տաղանդներին ու նվիրյալներին: Մինչդեռ պատահական չէ, որ ժողովրդական իմաստությունն ասում է՝ խաչին տերն է զորացնում:
Իսկ «Պետությունները, որտեղ յուրահատուկ պատկառանք չեն տածում թագավորների, եկեղեցու, հայրերի ու մայրերի, ուսուցիչների, տարեցների ու ազգի մեծերի նկատմամբ, ենթակա են կործանման», ասել է Եկատերինա 2-ը, Մեծը: Ազգի մեծությունն էլ ամենեւին չի գնահատվում նրա քանակով, այլ նրա մտավոր ու բարոյական մակարդակով եւ նրա դավանած արժեքներով: «Ցածր ազգերը ոչնչացնում կամ թունավորում են իրենց իմաստուններին, իսկ իրենց խելագարներին թողնում են ազատ թափառել եւ մեռնել փողոցներում: Իմաստուն ժողովուրդները հնազանդվում են առաջինին, զսպում են երկրորդին եւ սիրում են բոլորին», ասել է 19-րդ դարի անգլիացի նշանավոր գրող Ջոն Ռեսկին:
«Նոյեմբերյան» հարենակցական միության բոլոր անդամներն էլ հպարտության մեծ զգացումով շնորհավորում են իրենց հայրենակցին՝ Աշոտ Աղաբաբյանին գրքի ծննդի կապակցությամբ եւ ցանկանում ստեղծագործական նոր հաջողություններ այս հայրենանպաստ ու հայանպաստ գործում:
Հայկ ՂԱԶԱՐՅԱՆ
«Նոյեմբերյան» հայրենակցական միության նախագահ,
տնտեսագիտության թեկնածու
«Առավոտ» օրաթերթ
11.01.2022