Լրահոս
Օրվա լրահոսը

Իրականությունը կարեւոր չէ

Հունվար 12,2022 14:30

Կարեւոր են դրա մեկնաբանությունները սոցցանցերում

Նոր տարվա ամենաքննարկվող ֆիլմերից էր «Մի նայիր վերեւ» ամերիկյան կինոնկարը, որն իր ժանրով «ֆիլմ-աղետ» է, իսկ բովանդակությամբ՝ երգիծանք է, որը ծաղրում է «հետճշմարտության» ներկայիս դարաշրջանը: Որպես գեղարվեստական ստեղծագործություն այն, անշուշտ, գլուխգործոց չէ, եւ առաջնակարգ դերասանների վարպետությունն այդ հանգամանքը չի փոխում: Փոխարենը կարելի է արձանագրել, որ թեման՝ 21-րդ դարում հասարակությունների սրընթաց դեգրադացիան, հետաճը ներկայացված է շատ վառ գույներով:

Գիտնականները հայտնաբերում են, որ մեր մոլորակին վտանգ է սպառնում՝ հսկայական գիսաստղը բախվելու է Երկրին եւ ոչնչացնելու է այն: Բայց վերահաս աղետի մասին լուրն «իր բնական տեսքով» չի կարող գոյատեւել ժամանակակից հասարակական միջավայրում. կառավարությունը, մեդիան, սոցցանցերն այնպես են «շուռումուռ տալիս» այդ ահասարսուռ ճշմարտությունը, որ այն նախ՝ այնքան էլ սարսափելի չի թվում, իսկ այնուհետեւ՝ ընդհանրապես դադարում է ճշմարտություն լինելուց: Դրվագներից մեկում գիտնականները ուղիղ եթերում հայտնում են իրենց ունեցած տեղեկությունը, որից հետո հեռուստատեսության մենեջերները ուսումնասիրում են այդ տեղեկության սոցցանցային արձագանքներն ու վարկանիշը, եւ գալիս են եզրակացության, որ նյութն իր «հնչեղությամբ» զիջում է քաղաքական եւ կենցաղային սկանդալներին, այսինքն՝ սպառողներին այնքան էլ չի հուզել: Եթե չի հուզել, ուրեմն գոյություն չունի, եւ թեման փակված է:

Մի առանձին գիծ է իշխանամերձ գործարարի պրոյեկտը, որով նա առաջարկում է գիսաստղից մի քանի տրիլիոն դոլարի օգտակար հանածոներ «քերել» եւ համոզում է ԱՄՆ նախագահին ուղեծրից չշեղել մոլորակի համար մահացու սպառնալիք ներկայացնող երկնային օբյեկտը: Կառավարությունը ոչ միայն համաձայնում է այդ արկածախնդրությանը, այլեւ կարողանում է համոզել իր բնակչությանը, որ, ընկնող գիսաստղի պայմաններում, այսպես ասած, «ապագա կա»: Այստեղ նույնպես գործ ունենք համընդհանուր օրինաչափության հետ: Ճիշտ է, փոքր երկրներում նման բիզնես- պրոյեկտների մասշտաբները շատ ավելի համեստ են. ասենք՝ գիսաստղից միներալներ «քերելու» փոխարեն թուրքական փալասներ վաճառող եւս մի տոնավաճառ բացելը: Բայց մասշտաբներն էական չեն. կարեւոր է, որ այդ նախագծերն իրականում խոսում են մերձիշխանական բիզնեսմենների կարճատեսության եւ, մեծ հաշվով, սխալ ակնկալիքների մասին: Որովհետեւ, երբ տեղի է ունենում աղետը, ոչ մի տնտեսական ծրագիր այլեւս հնարավոր չի լինում իրականացնել:

«Մի նայիր վերեւ» կոչը շրջանառության մեջ է դնում կառավարությունը, այսինքն՝ եթե չես նայում երկնքին, չես տեսնում վտանգը, ուրեմն՝ այդ վտանգը գոյություն չունի: Կարծում եմ, զուգահեռներն այլ երկրներում, այդ թվում նաեւ՝ Հայաստանում տեղի ունեցած աղետի հետ ակնհայտ են. չկան հազարավոր զոհեր, չկա Արցախի կորուստ, չկան թանկացումներ, չկա արտագաղթ: Ինչո՞ւ չկա. որովհետեւ մեծամասնությունն «այդ կողմ չի նայում»՝ մեծամասնությունն ապրում է իր առօրյա հոգսերով, մեկ էլ, ըստ երեւույթին, շարունակում երազել «նախկիններին պատժելու» մասին:

Մենք ապրում ենք մի դարաշրջանում, երբ այն կարծիքներն ու մեկնաբանությունները, որոնք գերակշռում են համացանցում, ավելի կարեւոր են, ավելի «իրական են», քան այն, ինչ տեղի է ունենում իրականում: Իրականությունը, մեծ հաշվով, չի էլ քննարկվում, քննարկվում են կարծիքներն ու մեկնաբանությունները եւ այն վիրտուալ կերպարները, որոնք դրանց շուրջ ստեղծվում են: Կարեւոր չէ, թե ինչպիսին է իմ իրական տեսքը. համացանցում ես կարող եմ ստեղծել իմ պատկերը երկար, ալիքաձեւ մազերով եւ հզոր բիցեպսներով: Իմ բերած այդ օրինակն, իհարկե, շատ «անմեղ» է: Կյանքում մենք հանդիպում ենք շատ ավելի վտանգավոր մոլորությունների, որոնք ձեւավորվում են ժամանակակից տեխնոլոգիաների եւ հմուտ դեմագոգների միջոցով: Այդ մոլորությունները գուցեեւ չբերեն Երկրագնդի կործանմանը, ինչպես ֆիլմում է ներկայացված, բայց պետությունների համար հաստատ կարող են կործանարար լինել: Եթե դուք չեք նայում վերեւ, ներքեւ, աջ կամ ձախ, ապա դուք այդ վտանգները չեք տեսնի:

…Ինչպես հայտնի է, որոշ իշխանական պատգամավորներ իրենց հեռախոսներում պահում են վերջին երեք տարիների բազմաթիվ էկրանապատկերներ («սքրինշոթեր») ֆեյսբուքյան այն գրառումներով, որոնք պարունակում են իրենց կամ իրենց քաղաքական թիմի բացասական գնահատականները: Առաջ դա ինձ մանրախնդրության եւ ինֆանտիլիզմի դրսեւորում էր թվում: Բայց հիմա ես հասկանում եմ, որ նրանք, վերջին հաշվով, ճիշտ են. եթե հասարակությունն ապրում է գրառումներով, ուրեմն, դրանք ավելի կարեւոր են, քան կյանքը:

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
11.01.2022

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Aha says:

    Right on and hundred percent accurate. The film has also garnered much attention in western countries. People see it as an analogy to climate crisis, which of course is a valid point but I looked at it from a more general perspective: A situation (unfortunately very common these days) when lucid people – warning of an imminent danger and the need to sober-up- are laughed at by the superficial masses. This applies to various scenarios: economic collapse (2008 crash, although foreseen by keen observers of mortgage data), ecological disasters (oil tanker accidents, pipeline spills, soil erosion because of continuing deforestation, etc), or geopolitical turmoil/wars.

    The latter is unfortunately what happened with Armenia in 2020. From 2018 onward, a handful of insightful experts/intellectuals (including the editor of Aravot) periodically warned that blatant mistakes in the Karabakh diplomatic/negotiation process were bringing war dangerously closer … Armenian society and elites didn’t care and focused on more important matters: Sashik’s 50%, Robik’s 4 billion, speed detectors, tushonkas, Hrayr Tovmasyan’s pen, Facebook lives, likes, smileys, etc … and we have what we have.

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31