Լրահոս
Օրվա լրահոսը

«Սոցիալական վատ պայմաններում ապրող մոր և որդու մահվան հավանական պատճառը ցուրտն է. տանը ո՛չ հոսանք են ունեցել, ո՛չ գազ». «Ազատություն» ռ/կ

Հունվար 11,2022 23:33

Նախնական տվյալներով՝ մարմինների վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։

Երևանի Շենգավիթ վարչական շրջանի շենքերից մեկում մահացած 72-ամյա կնոջ ու նրա 47-ամյա որդու հարևանները պատմեցին՝ երկուսն էլ առողջական լուրջ խնդիրներ ունեին, ծայրահեղ վատ պայմաններում էին ապրում։

Մահացածների վերևի հարկի հարևանը, որը համաձայնեց խոսել, իրեն չնկարահանելու պայմանով, ասաց, որ մայրն ու որդին ներս ու դուրս չէին անում, մարդկանց հետ չէին շփվում, գոյատևում էին հարազատներից մեկի կողմից արտերկրից ուղարկած գումարով:

Նրանց կողքի հարևան Արեգնազ Սայունցն էլ պատմեց՝ շենքի հին բնակիչներից էին, նախկինում վատ չէին ապրում, բայց հետո խնդիրներ ծագեցին. «Մարդ են հիմա, տենց մարդիկ հիմա շատ կան, շատ-շատ կան, տան հարց ա: Վատ չէին ապրում, բայց, որ տղան էպիլեպսիկ էր, ո՛չ աշխատել կարող էր, ո՛չ նորմալ խոսել կնոջ հետ, ո՛չ հարաբերվել»:

Հարևաններին հարցրինք՝ երբևէ սոցիալական ծառայությունների աշխատակիցներ եղե՞լ են մահացածների տանը, ոչ ոք նման մեկին չէր տեսել։ Ոմանց մոր ու որդու ճակատագիրը չի էլ հետաքրքրել, նրանք անգամ չգիտեին, որ իրենց շենքում այսպիսի ողբերգություն է եղել։

Սոցապ նախարարությունից հետաքրքրվեցինք՝ տեղյակ եղե՞լ են այս մարդկանց գոյության մասին և ի՞նչ է արել պետությունը նրանց օգնելու համար, տվյալների բազայում փնտրելուց հետո փոխանցեցին՝ մինչև 2014 թվականն ընտանիքն անապահովության նպաստ է ստացել, սակայն վերջին յոթ տարում օգնություն ստանալու համար չեն դիմել։

Իրեն սոցիալական հռչակած պետությունն իր տարածքում ապրող մարդկանց համար պարտավոր է սոցիալական նվազագույն պայմաններ ապահովել, նկատում է իրավապաշտպան Արթուր Սաքունցը։ Ընդգծում է՝ պետությունը չպետք է ձեռքերը ծալած նստի ու սպասի թե երբ են դիմելու, պատկան մարմինները պետք է այդ մարդկանց գտնեն ու օգնեն:

«Ենթադրենք՝ անկողնային հիվանդ է տանը, այդ մարդը հաշվառված է, ընտրությունների ժամանակ լավ էլ գտնում են, նույնիսկ գրկած են տանում ընտրատեղամաս, չէ՞, երբ որ պետք է: Ապա երբ որ մարդը գտնվում է կյանքի դժվար պայմաններում և անօգնական վիճակում, պետությունը պետք է ունենա քաղաքականություն և գործիքներ, նման անձանց, ընդհանրապես անձանց սոցիալական վիճակի հետազոտման, բացահայտման և աջակցության տրամադրման առումով: Չեմ ասում, որ դայակություն պետք է անի, բայց ինքը պետք է հաստատ իր քաղաքականության հիմքում հաշվի առնի, որ կան մարդիկ, որոնք կյանքի դժվարին պայմաններում են», – ընդգծեց Սաքունցը:

Ծանր պայմաններում ապրող ընտանիքների համար նաև պետությունն է պատասխանատու, նաև մեղավոր՝ նման ողբերգությունները չկանխելու համար, եզրափակում է իրավապաշտպանը։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31