Լրահոս
Օրվա լրահոսը

Հայկակ Արշամյան․ «Քննիչ հանձնաժողովի անվանումն արդեն վնասում է «Հայաստան» հիմնադրամին»

Հունվար 11,2022 20:45

«Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից հավաքագրված եւ ՀՀ պետական բյուջե փոխանցված միջոցների օգտագործումը ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողովի այսօրվա նիստում քննարկվում էր 44-օրյա պատերազմի օրերին հիմնադրամից կառավարությանը փոխանցած գումարների հարցը, թե որքանով էր դա օրինաչափ, արդյոք դա համապատասխանում է հիմնադրամի կանոնադրական նպատակներին եւ խնդիրներին։

Հիշեցնենք, 2020 թվականին 44-օրյա պատերազմի օրերին  «Հայաստան» համահայկական հիմնադրամը» նախաձեռնեց «Մենք ենք, մեր սահմանները, ամեն ինչ «Արցախի համար» դրամահավաքը։ Հետո պարզվեց, որ հավաքագրված գումարից մի զգալի մաս՝ 52 մլրդ 703 մլն դրամը  փոխանցվել է կառավարությանը։

Նիստին  ՔՊ պատգամավոր Բաբկեն Թունյանը հարց ուղղեց՝ որքանո՞վ է ազդել հիմնադրամի հետ կապված այդ պատմությունն հիմնադրամի համբավի եւ գործունեության վրա, ինչպես է դա ազդել հիմնադրամի մուտքերի վրա։

«Հայաստան» համահայկական հիմնադրամի ղեկավար Հայկակ Արշամյանն ի պատասխան ասաց, որ այդ հարցն ակտուալ էր 2020 թվականի նոյեմբերի 10-ից հետո, երբ աղմուկ  բարձրացավ, հիմնադրամը դիտարկվեց կառավարության մաս հանդիսացող կառույց եւ պարտությունում մեղավոր։

«Ես հիմնավոր կասկածներ ունեմ, որ մտածված մեդիարշավ է կազմակերպվել հիմնադրամի դեմ, որովհետեւ երբ անհայտ տելեգրամյան ալիքում տարածվում էր կեղծ լուր, դա հայաստանյան նաեւ շատ հարգելի լրատվամիջոցներ միանգամից տարածում էին․․․սկզբում փորձում էինք չարձագանքել, հետո ես հարցազրույց տվեցի, հանդիպեցի մի քանի լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ, մի քիչ հանդարտվեց իրավիճակը, հետո նորից սկսվեց։ Լոս-Անջելեսում իմ հարցազրույցից հետո իրավիճակը բավականին խաղաղվեց։ Քննիչ հանձնաժողովի անվանումն արդեն վնասում է հիմնադրամին, որովհետեւ, երբ ստեղծվում է հանձնաժողով, որտեղ քննվում է կառավարությանը փոխանցված գումարների մասին, բայց նշվում է հիմնադրամի անվանումը, դա ինչ-որ կերպ վնասում է հիմնադրամին»։

Ապա Արշամյանը հանգանակությունների ցուցանիշներ ներկայացրեց՝ պատերազմից հետո մինչեւ նոյեմբերի 28-29-ը, բացի այն գումարից, որ հիմնադրամը  հավաքագրել էր պատերազմի ժամանակ, հիմնադրամի ցանցը 23 մլն դոլար գումար է հանգանակել, դա այն ժամանակաշրջանն էր, երբ հիմնադրամը քարկոծվում էր կեղծ մեդիաների եւ լուրերի, անհատների միջոցով․ «Եթե վստահությունը կորցրել էր պատերազմից հետո, ինչպե՞ս կարողացանք 23 մլն եւս հավաքագրել, որի մեծ մասը ԱՄՆ-ից էր։ Սա ռեկորդային թիվ է հիմնադրամի պատմության մեջ։  Հիմնադրամի նվիրատվությունների դինամիկան պատերազմից հետո վեց ամսվա կտրվածքով նվազել է 9%-ով։  Հարցը որքան քիչ քաղաքականացվի՝ հիմնադրամի հետագա զարգացումն ավելի լավ ուղղությամբ կգնա»։

Հայկ Մամիջանյան

«Պատիվ ունեմ»-ից Հայկ Մամիջանյանն ի պատասխան Արշամյանի հիշեցրեց ՔՊ-ական Մխիթար Հայրապետյանի հայտարարությունները․ «Երբ Մխիթար Հայրապետյանը 2018-2019 թվականներին ասում էր՝ հիմնադրամն իր վարկանիշը կորցրել է, պետք է նոր հիմնադրամ բացել, դա՞ է ավելի շատ վնասել, թե՞ հանձնաժողովի գոյությունը»։

Մամիջանյանի ներկայացմամբ՝ Հայկակ Արշամյանի նշած օրինակի տրամաբանությամբ, եթե տարբեր երկրներում գոյություն ունի հակակոռուպցիոն մարմին, դա ի՞նչ է, նշանակում է այդ երկրներում կոռուպցիա՞ կա։

Նիստում Արշամյանը ներկայացրեց, թե քանի ֆիզիկական եւ իրավաբանական անձ է մասնակցել հանգանակությանը՝ մասնակցել են 750 հազար նվիրատուներ, որից 500 հազար նվիրատուների գումարներն ուղիղ փոխանցվել են հիմնադրամի տարբեր հաշիվներին։ Ըստ Արշամյանի, հիմնադրամն ունի դրամային հաշիվներ ԿԲ-ում, տարբեր մասնավոր բանկերում, գանձապետական հաշվեհամար չունի։  500 հազար նվիրատուների մի հատվածը արտասահմանից է եկել․ «Նվիրատուների մի լուրջ հատված ուղղակի իդենտիֆիկացնել չի լինի, կարճ հաղորդագրությունների միջոցով 1000 դրամները, որ փոխանցվել են, տեղեկություն չունենք այդ անձանց մասին, իրավունք էլ չունենք իմանալու։ Առցանց բազմաթիվ նվիրատուներ իրենց իսկական անուն-ազգանունը չեն նշել, ոմանք կնոջ հաշվեհամարից են փոխանցել կամ կնոջ էլեկտրոնային փոստով այն կատարել։ Իսկ 10 հազար դոլար եւ ավելիի դեպքում  բոլորի անուն-ազգանունները հրապարակվել են»։

Նիստում այլ հարցերը քննարկվեցին փակ ընթացակարգով, ինչպես որ նախապես որոշվել էր։

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Mika says:

    Պետք չէր հիմնադրամի գումարները աստված գիտի ինչ անել ու հետո քննիչ հանձնաժողովի գոյությունը որպես հեղինակությանը վնաս համարել։ Հիմնադրամի ամենամեծ պրոբլեմը ձեր անպատասխանատու կառավարումն է եղել։ Մի քիչ էլ համեստ եղեք ու փոխարենը թափանցիկ աշխատեք եկել մեծամտության վարժանքներ եք անում։

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31