Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Ներկայացվեց Գեղարքունի մարզի՝ Գագարին, Գեղամավան, Դդմաշեն, Զովաբեր, Ծաղկունք և Վարսեր բնակավայրերն ընդգրկող Գագարին հովտի տեսլականը

Հունվար 11,2022 20:30

«ԴԱՐ» տարածաշրջանային զարգացման և մրցունակության հիմնադրամի Գագարին նախագծի նիդերլանդական MVRDV ճարտարապետական և քաղաքային պլանավորման ընկերությունը այսօր Մատենադարանում ներկայացրեց Հայաստանի Գեղարքունի մարզի Սևան համայնքի Գագարին, Գեղամավան, Դդմաշեն, Զովաբեր, Ծաղկունք և Վարսեր բնակավայրերն ընդգրկող Գագարին հովտի տեսլականը։

Գագարին հովտում շուտով կծաղկի 10,000 բուսատեսակ՝ նույն քանակությամբ հողատարածքներում: Նորարարական կառույցների և ապագայամետ բնակելի տարածքների շնորհիվ հովիտը կդառնա կատարյալ հիմք՝ կայուն երկրագործության,  էկոտուրիզմի ու բնակիչների երջանիկ կենսագործունեության համար:

Տեսլականը ներկայացրեց նիդերլանդական MVRDV ճարտարապետական և քաղաքային պլանավորման ընկերության համահիմնադիր Վինի Մաասը․ «Երբ Յուրի Գագարինը թռիչք էր կատարում երկրագնդի շուրջ, մեր մոլորակը նրան երևում էր որպես հատուկ խնամքի կարիք ունեցող տուն: Ես կիսում եմ այդ մտահոգությունը. կենսաբազմազանության խթանումը, ջրային ռեսուրսների կառավարման և էկոհամակարգի բարելավումը մեծ կարևորություն ունեն Գագարին հովտի ապագայի համար», – ասաց Վինի Մաասն իր ելույթում:

Գագարին հովիտը գտնվում է Սևանա լճի մոտակայքում՝ մայրաքաղաք Երևանից ընդամենը 50 կմ հեռավորության վրա: Տարածքը շրջապատված է լեռներով և ընդգրկում է մի քանի գյուղեր՝ ընդհանուր մոտ 11,000 բնակիչներով։ Կենսապատկերը տարբեր հողատարածքների խառնուրդ է, որոնց մոտ մեկ երրորդը պատկանում է տեղի համայնքին:

Ներկայումս հովիտը բավարար չափով չի օգտագործվում։ «ԴԱՐ» տարածաշրջանային զարգացման և մրցունակության հիմնադրամի հանձնարարությամբ MVRDV-ն մշակել է տարածքի տեսլականը, որի շրջանակում օպտիմիզացված է հովտի ներուժը և ավելացված են տարբեր ենթակառուցվածքներ: Նպատակն է` տեղական կողմերի հետ խորհրդակցությամբ, այն վերածել բազմաբնույթ և ապագայամետ կենսապատկերի, որը պիտանի կլինի տարբեր մասշտաբներով կայուն երկրագործության համար: Գագարին հովիտը պետք է դառնա ավելի գրավիչ վայր ապրելու համար, դրան պետք է գումարվի

էկոտուրիզմի և հանգստի գոտին, ուր մարդիկ կգան զբոսնելու, արշավներ գնալու, հեծանիվ վարելու և ձիավարելու համար:

Առաջին քայլը դեպի այս ինքնաբավ «Եդեմի հովիտը» տարածքի պատմության պարփակումն է. առկա 10,000 հողատարածքները կպահպանվեն և կամրապնդվեն՝ մասամբ դրանց միջև սահմանների կանաչապատման միջոցով: Յուրաքանչյուր հողատարածքում կաճեցվեն տարբեր բուսատեսակներ: Սա ոչ միայն տեսողականորեն ավելի գրավիչ կդարձնի կենսապատկերը, այլև կխթանի կենսաբազմազանությունը: Հովտում ճանապարհները կշարունակեն ծառայել որպես մեկնարկային կետ բոլոր գյուղերը կապելու համար։ Առկա կառույցներում կստեղծվեն լրացուցիչ զբոսանքի և հեծանվային ուղիներ: Ջրային ռեսուրսների կառավարումը նշանակալիորեն կբարելավվի. Հրազդան գետի հունի վերականգնումը տեսլականի կարևոր մասն է, իսկ լեռներում գտնվող ջրամբարները և ջրի այլ աղբյուրները կարող են օգտագործվել գյուղատնտեսական հողերի ոռոգման համար:

«Այս ծրագիրն, առաջին հերթին, ոգու մասին է, այն փիլիսոփայության, որով մոտենում ենք միջավայրին, որտեղ ապրում ենք։ Գագարին հովտում ամեն համայնք, ամեն հողակտոր և տուն իր գույնն ունի, իր տեսակը, իր երաժշտությունը։ Այստեղ մենք ստեղծելու ենք մի միջավայր, որտեղ բոլոր տարիքի ու մասնագիտությունների մարդիկ կարող են մասնակցել համայնքի կայացմանն ու լինել երջանիկ»,- իր ամփոփիչ խոսքում ասաց «ԴԱՐ» տարածաշրջանային զարգացման և մրցունակության հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Արսեն Աղաջանյանը։

10,000 տարբեր այգիների խառնուրդը կընդգրկի տարբեր կառույցներ, որոնք էլ ավելի գրավիչ կդարձնեն գտնվելը հովտում: Տեսլականն առաջարկում է շուկայի շենք, առևտրի կենտրոն և արվեստի կենտրոն: Այս կառույցները կարող են զուգակցվել 4,500 այցելուների համար նախատեսված մարզադաշտով և կրթական գյուղատնտեսական կենտրոնով, որտեղ կարող են ներկայացվել հովտում աճող 10,000 բուսատեսակները և որը հայելապատ ճակատի շնորհիվ նաև ամբողջապես կարտացոլի կենսապատկերը:  MVRDV-ի տեսլականը լիովին համընկնում է Հայաստանի մտադրությունների հետ. կառավարությունը ցանկանում է ֆինանսական աջակցություն տրամադրել կայուն գյուղատնտեսությանը և մտադիր է վերականգնել զբոսաշրջությունը տարածքում: Մինչև 2026 թվականը երկիրը նպատակ ունի ընդունել տարեկան մոտ 2.5 միլիոն զբոսաշրջիկ, որին նշանակալի ներդրում կունենա վերափոխված Գագարին հովիտը:

Գագարին նախագծի շրջանակներում արդեն իսկ իրականացվել են մի քանի պիլոտային ծրագրեր, այդ թվում` Ծաղկունք գյուղի 18-րդ դարի գլխատան վերականգնումը,

հարակից ռեստորանի գործարկումը, Գագարին Ագրո երկրագործական նախագծի մեկնարկը։ Առաջիկայում նախատեսվում է զարկ տալ Ծաղկունք գյուղի կենտրոնի վերափոխման աշխատանքներին։

Միջոցառմանը ներկա էին ՀՀ Կառավարության բարձրաստիճան պաշտոնյաներ, միջազգային դիվանագիտական առաքելությունների ներկայացուցիչներ և գործընկերներ։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31