Լրահոս
Օրվա լրահոսը

Գերիների հարազատներ. «Ուզում են գնանք Ալիեւի՞ն դիմենք: Դա էլ կանենք, որովհետեւ տեսնում ենք, որ մեր ղեկավարությունը քնած է»

Հունվար 11,2022 19:33

Գերեվարված զինծառայողների հարազատները կրկին կառավարության շենքի առջեւ են: Նրանք դժգոհ են իրենց հարազատներին հայրենիք վերադարձնելու՝ կառավարության աշխատանքից: Ճիշտ է, տղաները փոքր խմբերով գալիս են, բայց վերադարձի տեմպերը հարազատներին չեն բավարարում: Նրանք այսօր էլ, ինչպես նախկինում, եկել են հույսով, որ կառավարությունից իրենց հստակ կպատասխանեն՝ հույս ունենա՞ն, սպասե՞ն, թե՞ չսպասեն իրենց հարազատներին:

«Բոլորի հետ էլ ուզում ենք հանդիպել, ով կարող է այս հարցում մեզ օգնել: Մեր ուզածը մեկ բան է՝ մեր տղաներին տուն բերեն: Մոտեցել ենք ընդունարանին, տեղեկացրել  ու հիմա սպասում ենք: Էսօր, վաղը, էս ամիս, մյուս ամիս… Մինչեւ ե՞րբ պետք է խաբեն: Խոստացան, թե տղաները թող երկու ամիս էլ համբերեն, լավ կլինի: Անցել է տարի եւ երեք ամիս: Վարչապետի հետ վերջին անգամ հանդիպել ենք վեց ամիս առաջ, ամռանը: Հիմա էլ կարեւոր ենք համարում իր հետ հանդիպելը: Գնանք Ալիեւի՞ն դիմենք, դա՞ են ուզում: Դա էլ կանենք, հարց չկա: Տեսնում ենք, որ մեզ ռեալ պատասխան չեն տալիս: Տեսնում ենք, որ մեր ղեկավարությունը քնած է: Այսպես որքա՞ն պետք է շարունակվի: Ծնողներ մահացան, որ չտեսան իրենց երեխաներին: Այդպիսի երկու ծնող ենք կորցրել: Սա անելու բան չէ: Կանգնած մայրերին նայեք: Գոնե որեւէ մեկը բարեհաճի, գա ու այս մայրերին ներս տանի՝ տաք տեղ նստեն: Սա՞ է մեր ղեկավարությունը: Վարչապետի օգնական Նաիրին ասել է՝ երեք հոգի թող ներս գան: Համաձայն չենք: 120 կիլոմետր եկել ենք, որ երեք հոգի Նաիրիի՞ն հանդիպեն»,-դժգոհում են հարազատները:

Մեկ ուրիշն էլ ասաց, թե իրենց զանգել ու ասել են, թե վարչապետը չի ցանկանում իրենց տեսնել, հանդիպել: «Եթե վարչապետը մեզ բան չունի ասելու, Նաիրին ի՞նչ պետք է ասի»:

Գերեվարված զինծառայողների հարազատները հավաստիացրին, որ եթե այսօր իրենց չընդունեն, կմնան եւ գիշերը կառավարության շենքի առջեւ նստացույց կանեն:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31