Լրահոս
Օրվա լրահոսը

«Ուզում ենք հասկանալ՝ ինչքան է ՔՊ-ն պատրաստ իրենց ենթակայության տարբեր պաշտոնատար անձանց, ոստիկանությանը թաթախել ապօրինությունների մեջ»․ փաստաբան

Հունվար 11,2022 19:11
vardenis

Վարդենիս խոշորացված համայնքում ՏԻՄ ընտրություններից հետո տեղի ունեցած իրավիճակի մանրամասներն այսօր հրավիրված ասուլիսում ներկայացրեցին ընտրություններին մասնակցած «Միասնական Վարդենիս» կուսակցությունների դաշինքի եւ «Ահարոն Խաչատրյան» դաշինքի ներկայացուցիչները։

Այս ՏԻՄ ընտրություններին մասնակցել են երեք ուժեր՝ «Միասնական Վարդենիս», «Ահարոն Խաչատրյան» դաշինքներն ու «Քաղաքացիական պայմանագիրը»։

«Միասնական Վարդենիսից» Դավիթ Շահնազարյանն ասաց, որ ընտրությունների արդյունքում տասը մանդատ է ստացել «Ահարոն Խաչատրյան» դաշինքը, հինգ մանդատ՝ «Միասնական Վարդենիսը» եւ տասներկու մանդատ ՔՊ-ն։

«Կասկածելի է՝ վերահաշվարկի արդյունքում «Միասնական Վարդենիսի» մեկ մանդատը պակասեցվեց։ Կասկածելի այն պատճառով, որ մեկ քվեն որոշիչ եղավ, որից հետո բողոքարկվեց այս վճիռը, վարչական դատարան դիմեցինք, որը վճիռ կայացրեց ու անփոփոխ թողեց ընտրական հանձնաժողովի արդյունքները, ինչը իրավաչափ չէ։ Ակնհայտ շեղումով քվեաթերթիկները, որոնք անվավեր պետք է ճանաչվեին, վավեր ճանաչվեցին, եւ փոփոխություն տեղի չունեցավ»,-ասաց Դավիթ Շահնազարյանը։ Նա հիշեցրեց այս դաշինքը գլխավորող Արամ Հարությունյանի կալանավորումը, այն համարելով խիստ քաղաքական որոշում։

«Միասնական Վարդենիս» եւ «Ահարոն Խաչատրյան» դաշինքները հուշագիր էին ստորագրել, որի համաձայն, համայնքի մեկ միասնական թեկնածու էին առաջադրել Ահարոն Խաչատրյանին։

«Ահարոն Խաչատրյան» դաշինքից Խաժական Մկրտչյանն էլ ավագանու առաջին նիստին անդրադարձավ․«Նիստում արձանագրեցինք համայնքի ղեկավարի՝ Ահարոն Խաչատրյանի ընտրության փաստը եւ այն պահին, երբ պետք է ի պահ դրվեր աշխատակազմի ղեկավարին եւ պետք է նա արձանագրեր, չգիտես ինչ հանգամանքներում նրան կանչեցին, գնաց եւ այլեւս չվերադարձավ նիստերի դահլիճ։ Ավագանու 14 անդամները օրենքով ընտրեցին պարոն Խաչատրյանին որպես համայնքի ղեկավար։ Պետք է երդմնակալության արարողությունը լիներ, որն անհասկանալի պատճառներով խոչընդոտվեց, եւ դա տեղի ունեցավ ոչ թե համայնքապետարանի շենքում, այլ՝ բակում»։

Պարոն Մկրտչյանի ներկայացմամբ՝ մինչ այս պահը Ահարոն Խաչատրյանը չի իրականացնում իր լիազորությունները որպես համայնքի ղեկավար․ «Որովհետեւ այն կասկածներն ու իրավիճակը, որոնք թույլ չեն տալիս նրան մտնել շենք, առայժմ հաղթահարված չեն»։

«Ահարոն Խաչատրյան» դաշինքի շահերը ներկայացնող փաստաբան Վարազդատ Հարությունյանն էլ ասաց, որ Վարդենիսում ավագանու առաջին նիստը գումարվել է օրենքի ուժով եւ բոլոր անդամներ գրանցվել են, միջադեպի բուն պատճառն էլ ավագանու նիստը խափանելն էր․ «ՔՊ-ն ներկացուցիչները սխալ հաշվարկ էին արել, ենթադրել էին, որ եթե ինչ-որ միջադեպ հրահրեն, դրա արդյունքում բերման ենթարկվի Ահարոն Խաչատրյանը կամ Կարեն Մկրտիչյանը կամ մեկ ուրիշը, ապա նիստը համարվելու է չկայացած, եւ այն տեղափոխվելու է մեկ այլ օր։ Օրենքով ավագանու նիստը չկայացած համարվելու եւ տեղափոխելու որեւէ կառուցակարգ գոյություն չունի, կա ընդմիջման համար նախատեսված ժամանակահատված»։

Փաստաբանի խոսքով՝ միջադեպից հետո աշխատակազմի ղեկավարին ներկայացրել են, որ պատճառ չկա նիստը չկայանալու համար, որից հետո նա կողքի սենյակում գտնվող ՔՊ անդամներին այդ մասին ծանուցել է, ծանուցելուց հետո բավականին երկար սպասելուց հետո ավագանին որոշեց նիստը շարունակել․«Հետո ներս են մտնում ՔՊ անդամներն ու հայտարարում՝ այն, ինչ տեղի է ունենում, ապօրինի է։ Իրենց առաջարկվեց միանալ նիստին, բայց նրանք հայտարարեցին, որ իրենց առաջին համարը համայնքապետարանում չի։ Նրանց առաջարկվել է՝ որքան ժամանակ հարկավոր է, կտրամադրենք, թող գա։ Հրաժարվեցին, ու գնացին»։

Փաստաբանն ասաց, որ ոստիկանության գործողությունների վերաբերյալ հայցադիմում են կազմել, քանի որ, ըստ փաստաբանի, ոստիկանությունը ապօրինաբար խոչընդոտել է ավագանու անդամների մուտքը համայնքապետարանի շենք։

Հարությունյանի ներկայացմամբ՝ ՔՊ-ն դիմել է վարչական դատարան, պահանջում է անվավեր ճանաչել ավագանու առաջին նիստի մեկ որոշումը՝ համայնքապետի ընտրությունը, սակայն ՔՊ-ի առաջին հայցադիմումը վերադարձվել է, հետո հունվարի 7-ին նորից են դիմել․ «Դատարանից մի քանի ժամ հետո Ահարոն Խաչատրյանի վայբերին զանգում են դատարանից եւ ասում՝ երկուշաբթի օրը եկեք որոշում ստանալու։ Դա հայցադիմումը վարույթ ընդունելու մասին որոշումն էր»։

Փաստաբանի ներկայացմամբ՝ կասկածելի մի շարք հանգամանքներ կան, այդ թվում՝ գործը տվյալ դատավորին մակագրելը, ինչը հաշվի առնելով փաստաբանը չի բացառում, որ դատական նիստի օրը դատավորին ինքնաբացարկի միջնորդություն ներկայացնի։

Փաստաբանը նաեւ նշեց, որ ավագանու նիստում համայնքի ղեկավարի ընտրությունը չեղարկելու եւ ԺՊ նշանակելու իրավական հիմք չկա։

«Ամեն ինչ հստակ է՝ 14 մանդատ ունեն կոալիցիոն դաշինքները, 13 մանդատ՝ ՔՊ-ն։ Մենք ուզում ենք հասկանալ՝ ինչքան է ՔՊ-ն պատրաստ իրենց ենթակայության ներքո տարբեր պաշտոնատար անձանց, այդ թվում ոստիկանությանը, այդ պարտված իրավավիճակը հաշվի առնելով, թաթախել ապօրինությունների մեջ, որոնք անցնում են վարչական իրավախախտումների շեմը։ Գլխավոր դատախազությունն ուսումնասիրում է, մենք գործ ունենք հնարավոր հանցագործության հետ։ Մենք ուզում ենք հասկանալ՝ ըստ էության ՔՊ-ն պարտված է, չունեն համապատասխան մանդատներ, էլ ո՞ւմ են ներքաշելու այս ապօրինությունների մեջ, էլ ո՞ր ոստիկանին, էլ ո՞ր բարձրաստիճան պաշտոնյային, ղեկավարին, էլ ո՞ր համայնքային ծառայողին են պատրաստ մտցնել այդ ապօրինությունների ծովի մեջ ու ոտքից գլուխ թաթախել»,-ասաց Վարազդատ Հարությունյանը։

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31