Հունվարի 11-ին ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստում առաջին ընթերցմամբ քննարկվել է Կառավարության հեղինակած ««ՀՀ դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը՝ կից փաթեթով:
Հիմնական զեկուցող ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Երանուհի Թումանյանցը նշել է, որ նախատեսվում է Վճռաբեկ դատարանի քաղաքացիական եւ վարչական պալատի վերացումով ստեղծել երկու ինքնուրույն, առանձին մասնագիտացումներ ունեցող քաղաքացիական եւ վարչական պալատներ, կարգավորել դրանց կազմավորման եւ բնականոն գործունեության ապահովման հետ կապված հարցերը: Նախատեսվում է նաեւ ներդնել դատավորների թեկնածուների եւ առաջխաղացման ենթակա թեկնածուների ցուցակների համալրման ճկուն մեխանիզմներ՝ առանց ժամկետների եւ համալրման ենթակա քանակի սահմանափակման:
Օրենսդրական փաթեթի ընդունմամբ կապահովվի Վճռաբեկ դատարանում վարչական գործերի քննության իրականացումը մասնագիտացված վարչական պալատի միջոցով, ինչպես նաեւ հնարավորություն կտրվի Բարձրագույն դատական խորհրդին առավել ճկուն մեխանիզմներով ապահովել դատավորների թեկնածուների առաջխաղացման ենթակա թեկնածուների ցուցակների համալրումը:
Փոխնախարարը նշել է, որ Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչության կողմից եղել են բովանդակային ու տեխնիկական բնույթի առաջարկներ, որոնք ընդունվել են հեղինակի կողմից:
Առաջարկներով լրամշակված օրենսդրական փաթեթը ստացել է հանձնաժողովի դրական եզրակացությունը:
Մինչեւ երկու ամիս ժամկետով հետաձգվել է ԱԺ պատգամավորներ Արթուր Դավթյանի եւ Վլադիմիր Վարդանյանի հեղինակած ««ՀՀ դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություն կատարելու մասին», ««Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման եւ սոցիալական երաշխիքների մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ ««Պետական կենսաթոշակների մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենսդրական փաթեթի քննարկումը:
ՀՀ Ազգային ժողով