Լրահոս
Օրվա լրահոսը

Բալասանյանական կադրերը լքո՞ւմ են քաղաքապետարանը․ հեռացել են մի քանի առանցքային պաշտոնյաներ

Հունվար 11,2022 18:40

Aravot.am-ին հասած տեղեկություններով, Սամվել Բալասանյանի օրոք պաշտոնավարած մի քանի բաժնի պետեր, նաև առանցքային դեմքեր ազատվել են աշխատանքից։ Մասնավորապես հեռացել է Սամվել Բալասանյանի աջ ձեռքը համարվող Արարատ Բալաբեկյանը, որը զբաղեցնում էր համայնքապետի խորհրդականի պաշտոնը։ Նա մասնագիտությամբ տնտեսագետ էր ու քաղաքապետարանի ողջ ֆինանսական գործունեությունը՝ գլխավոր ֆինանսիստ Լենա Ջիլավյանի հետ համատեղ, նրան էր վստահված։

Արարատ Բալաբեկյանի փոխարեն, մեզ հասած տեղեկություններով, խորհրդական է նշանակվել Ռոբերտ Անդրիասյանը՝ գովազդի, առևտրի և սպասարկման ոլորտի համակարգման բաժնի պետի տեղակալը։

Քաղաքապետարանից հեռացել է նաև Սամվել Բալասանյանի մեկ այլ վստահելի կադր՝ տրանսպորտի բաժնի պետ Արտյոմ Սարգսյանը։ Այս բաժինը թերևս ամենածանրաբեռնված էր, քանի որ գծատերերն ու միկրոավտոբուսների վարորդները հաճախակի էին իրենց ավելորդաբանություններ թույլ տալիս, իսկ պատասխան տալիս էր հենց այս բաժնի պետը։ Վերջինս հավասարակշռված անձնավորություն է։ Նա մեզ հետ զրույցում ասաց, որ մի ամիս է՝ հեռացել է սեփական դիմում համաձայն, նոր աշխատանքի է անցնելու։

«Հիմա չեմ ուզում ասել՝ ինչ աշխատանք է, հենց նշանակվեցի, առաջինը դուք կիմանաք»,-մեզ հետ զրույցում ասաց Արտյոմ Սարգսյանը։

Պաշտոնից ազատվել է նաև Սամվել Բալասանյանի ամենահին կադրերից մեկը՝ Կնյազ Մանասյանը, որը նրա քաղաքապետ դառնալու հենց առաջին օրվանից ստանձնել էր բնակկոմունալ և շրջակա միջավայրի պահպանության բաժնի պետի պաշտոնը։

Գյումրու համայնքապետարանի աշխատակազմի գլխավոր քարտուղար Կարեն Բադալյանը մեզ հետ զրույցում պարզաբանեց, որ Կնյազ Մանասյանը դարձավ 66 տարեկան, թոշակի է անցել, մեկ տարով պայմանագիրը երկարացրել էին, հիմա օրենքը թույլ չի տալիս։

Սեփական դիմումի համաձայն պաշտոնից ազատվել է նաև Բյուջեի եկամուտների հավաքագրման բաժնի պետ Սուրեն Ջանոյանը, որը, սակայն, մեր տեղեկություններով, Կնյազ Մանասյանի փոխարեն, նշանակվել է բնակկոմունալ և շրջակա միջավայրի պահպանության բաժնի պետ։ Գյումրու համայնքապետարանի աշխատակազմի գլխավոր քարտուղար Կարեն Բադալյանը, սակայն, պարզաբանեց, որ նման նշանակում կատարված չէ։

Ի դեպ, ըստ մեր տեղեկությունների, բյուջեի եկամուտների հավաքագրման բաժնի պետի պաշտոնը խոստացել են ՔՊ-ին։

Աշխատանքից ազատման ծանուցագրեր են տվել նաև ծրագրերի և արտաքին կապերի բաժնի 11 աշխատակիցների, բաժինը մարտի 1-ով կանվանափոխվի՝ դառնալով արտաքին կապերի և զբոսաշրջության բաժին։

 Հիշեցնենք, որ այս բաժնի պետի ժ/պ էին նշանակել Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանի եղբոր կնոջը՝ Անի Քոչարյանին, որը Շիրակի մայր բուհի մագիստրատուրայի կրթության կազմակերպում բաժնի ուսանողուհի է։

ՔՊ-ն մի քանի բաժնի պետերի պաշտոններ արդեն ստացել է քաղաքապետարանում, սակայն, ըստ մեր տեղեկություններ, հավակնում է նաև քաղաքապետարանի քաղաքաշինության և ճարտարապետության բաժնի պետի պաշտոնին։

Հիշեցնենք, որ այդ բաժնի պետ Արթուր Հակոբյանը կալանավորվել էր հոկտեմբերի 26-ին ԱԱԾ-ի կողմից՝ 2000 դոլար կաշառք պահանջելու ու կաշառք վերցնելու քրգործի շրջանակում։

Քաղաքապետարանի պաշտոնական կայքի համաձայն, թափուր է նաև համայնքի անշարժ գույքի կառավարման բաժնի պետի պաշտոնը, սակայն ՔՊ-ն այստեղ ևս նշանակել է իր կադրին ՝ «Գյումրին առանց տնակների» հիմնադրամի ղեկավար Գևորգ Գրիգորյանին, որը Վարդան Աճեմյանի անվան դրամատիկական թատրոնի դերասան, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Սամվել Գրիգորյանի որդին է։

Հիշեցնենք, որ քաղաքապետարանի այս բաժինը ևս հայտնվել էր ԱԱԾ-ի ուշադրության կենտրոնում։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31