Լրահոս
Օրվա լրահոսը

Բազմազավակ ընտանիքների մասին «Հայաստան» խմբակցության նախագիծը մերժվեց. կառավարությունը ոչ կողմ է, ոչ՝ դեմ

Հունվար 11,2022 17:57

ԱԺ աշխատանքի եւ սոցիալական հարցերի հանձնաժողովն այսօր քննեց եւ բացասական եզրակացություն տվեց Բազմազավակ ընտանիքների մասին «Հայաստան» խմբակցության հեղինակած նախագծին:

Նախագծի իրականացման համար տարեկան 34 միլիարդ 145 միլիոն դրամ կպահանջվի կառավարությունից: Սրանով, ըստ նախագիծը ներկայացնող «Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադեւոս Ավետիսյանի, բազմազավակ ընտանիքների աջակցությունը դրվում է կայուն ռելսերի վրա: Աշխատանքային խմբի ղեկավարի տպավորությամբ, կառավարությունը ֆինանսական մասով առարկություն չի ներկայացրել:

Թադեւոս Ավետիսյան

Ըստ Թադեւոս Ավետիսյանի, ՀՀ-ում ժողովրդագրական խնդիրները սրվում են, այդ բեռն իր վրա վերցնում է բազմազավակ ընտանիքը եւ պետությունն իր հերթին պետք է առանձնահատուկ վերաբերմունք դրսեւորի այդ ընտանիքներին՝ խթանելով բազմազավակ ընտանիքների մոդելը: Խոսքը սոցիալական աջակցությանն է վերաբերվում: Թադեւոս Ավետիսյանը նկատեց, որ բազմազավակ համարվող՝ 4 եւ ավելի երեխա ունեցողների թիվը գնալով նվազում է եւ նրանք առավելապես աղքատության շեմին գտնվող ընտանիքներ են, ուստի մի շարք հարցերի կարգավորումների անհրաժեշտություն կա:

Նախագծով սահմանվում են աջակցության տեսակներ եւ բնույթը, կառավարությանն է վերապահվում մեխանիզմների սահմանումը: Նա ասաց նաեւ, 2017 թվականից սկսած նախագծի հիմնական դրույթները քննարկվել են բազմազավակ ընտանիքների ներկայացուցիչների հետ՝ նկատի առնելով այդ ընտանիքների խնդիրները: Նախագծում հաշվի են առնվել նաեւ ժողովրդագրական խնդիրները:

Թադեւոս Ավետիսյան եւ Լենա Նազարյան

Նախագծի հիմնական դրույթներն են՝ ընտանեկան նպաստի վճարման դեպքում, եթե առկա է անապահովության կարգ, նպաստի չափը՝ մեկ շնչի հաշվով, չպետք է պակաս լինի, քան նվազագույն սոցիալական զամբյուղն է: Եթե 10 միավորից ավելի աղքատության բալ ունի տվյալ ընտանիքը, բայց անապահովության նպաստ չեն ստանում, պետք է էլեկտրաէներգիայի, գազի, ջրի գոնե 50 տոկոսի փոխհատուցում լինի: Աշխատող ծնողի դեպքում, բազմազավակ ընտանիքների համար, առաջարկվում է յուրաքանչյուր երեխայի հաշվարկով եկամտահարկի՝ 5-ական տոկոսի, իսկ գույքահարկի եւ հողի հարկի տասական տոկոսի չափով նվազեցում: Առաջարկվում է նաեւ բազմազավակ ընտանիքի 18 տարին լրացած անդամների պարտադիր բժշկական ապահովագրություն՝ քանի որ աղքատություն ծնող հիմնական պատճառներից մեկն էլ առողջապահական խնդիրներն են: Առաջարկներ կան բնակարաններով ապահովման մասով՝ վարկի սուբսիդավորում, շինաշխատանքների մասով օգնություն, ինքնազբաղվածության ապահովման առաջարկներ, կրթության ապահովման ծրագրեր կան եւ այլն:

Զարուհի Բաթոյանը՝ ձախից

Կառավարության ներկայացուցիչը, հանձնաժողովում իշխանական խմբակցությունը ներկայացնող պատգամավորները հայտարարեցին, որ կառավարությունը տարբեր քայլերով աջակցում է համանման ընտանիքներին՝ վկայակոչելով 2022 թվականի բյուջեով նախատեսված ծրագրերը:

Բացի այդ, կառավարությունը ևս համանման ծրագիր ունի, ուստի, հանձնաժողովի նախագահ Հերիքնազ Տիգրանյանն առաջարկեց՝ սպասել մինչեւ կառավարության ծրագիրն ամբողջանա եւ եթե պատգամավորի ներկայացրած գաղափարները դրանցում ներառված չեն լինի, դրանք համատեղությամբ ներկայացնել:

Ընդդիմադիր պատգամավորը դեմ չէ, բայց ՝ «առավոտյան գումարը, երեկոյան աթոռները» սկզբունքով, այսինքն, եթե առկա է հանձնաժողովի դրական վերաբերմունքը իր ներկայացրած նախագծի նկատմամբ եւ եթե իրականացումը չի ուշացվում, այլ կազմակերպվում է մեկ-երկու ամսվա ընթացքում:

Հերիքնազ Տիգրանյան

Հերիքնազ Տիգրանյանը նկատեց նաեւ, որ այլ հարակից օրենքներով էլ փոփոխությունների փաթեթ պետք է առաջարկվեր, ինչը չի արվել եւ ինչը բազմաթիվ խնդիրներ է հարուցում, թերի է դարձնում նախագիծը:

Նախագծի վերաբերյալ իշխանական պատգամավորների ելույթներից Թադեւոս Ավետիսյանը տպավորություն ստացավ, որ սոցիալական այլ կարեւոր խնդիրները հակադրվում են այս նախագծով առաջարկվող խնդիրներին եւ նկատեց՝ եթե առաջարկվող գաղափարը ընդունելի է, այլ հարց է, բայց եթե ընդունելի չէ, պարզապես քաղաքական նպատակադրումներով ժամանակ են փորձում շահել, բոլորովին այլ հարց է: «Եթե այս օրենքի նախագիծը չլիներ, այդ բոլոր հարցերը չպիտի՞ լինեին»,- ասաց նա՝ հավելելով, որ այս մեկ օրենքով ժողովրդագրական հարցը Հայաստանում չի լուծվելու, ավելին, միգրացիայի նոր ալիքի մասին է պետք նաեւ լրջորեն մտածել, ուստի, տարբեր ծրագրերը պետք է համադրել, ոչ թե հակադրել:

ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Դավիթ Խաչատրյանն էլ ասաց, որ կառավարությունը նախագծի նկատմամբ բացասական դիրքորոշում չունի, բայց, այս պահին դիրքորոշումը դրական էլ չի, քանի որ կառավարությունն այժմ աշխատում է ժողովրդագրության ռազմավարության վրա, որտեղ նաեւ բազմազավակ ընտանիքներին անդրադարձ կլինի եւ վերջնական տեսքով ԱԺ ներկայացնելուց հետո միայն մոտեցումները կհստակեցվեն:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31