Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Գավառի ավագանու անդամն առաջարկեց ռազմաքաղաքական հարցերով բաժին բացել, ՔՊ ավագանու անդամը մանդատը վայր դրեց

Հունվար 11,2022 17:45

«Չե՞ք կարծում, որ քաղաքական եւ հայեցողական պաշտոնների բաժնում 1 գլխավոր խորհրդականի, 2 խորհրդականի եւ 2 օգնականի պաշտոնները մեր համայնքի համար շատ են, կարելի է կրճատել՝ 1 խորհրդական, 1 օգնական»,-ասաց Գավառ համայնքի ավագանու անդամը, երբ քննարկվում էր Գավառի համայնքապետարանի աշխատակազմի կառուցվածքը, աշխատակիցների թվաքանակը, հաստիքացուցակը եւ պաշտոնային դրույքաչափերը հաստատելու վերաբերյալ հարցը: Այսօր Գավառ խոշորացված համայնքի ավագանին արտահերթ նիստ էր հրավիրել:

Հիշեցնենք, որ անցյալ տարվա դեկտեմբերի 5-ի ՏԻՄ ընտրություններում Գավառ համայնքում հաղթել է «Գուրգեն Մարտիրոսյան» դաշինքը եւ Գավառ համայնքի ղեկավար է ընտրվել Գուրգեն Մարտիրոսյանը:

Ավագանու անդամի հարցին արձագանքեց համայնքի ղեկավարը՝ նշելով, որ մակերեսորեն հնարավոր չէ պատկերացնել, բայց իրականում խնդիրները, անելիքները շատ-շատ են. «Համայնքը մեծ է, խնդիրները մեծ են, բոլոր բնագավառներում պետք է նաեւ վերահսկող մարմին լինի»,-ասաց Գուրգեն Մարտիրոսյանը: Համայնքապետարանի պաշտոնյան էլ պարզաբանեց, որ օրենքով թույլատրվում է, որպեսզի համայնքի ղեկավարն ունենա մինչեւ 7 հայեցողական պաշտոն, բայց իրենք փորձել են նվազագույնով բավարարվել: Ասաց նաեւ, որ հայեցողական պաշտոնների միջեւ պարտականությունների տարանջատում է լինելու եւ յուրաքանչյուրն իրականացնելու է իր համապատասխան գործառույթները:

Հաստիքացուցակում ներառված էր նաեւ առաջատար մասնագետների 4 նոր հաստիք: Ավագանու անդամների հարցին ի պատասխան, համայնքապետարանի պաշտոնյան դրանք պայմանավորեց համայնքի խոշորացմամբ՝ նշելով, որ նրանք օգնելու են 12 վարչական ղեկավարներին:

Ավագանու մեկ այլ անդամ առաջարկեց, որ առաջատար մասնագետները նույնպես զբաղվեն պաշտպանական բնույթի հարցերով, որպեսզի համայնքի ղեկավարը, որի վրա դրված են այդ պարտավորությունները՝ միայնակ չլինի:

«Համայնքի ղեկավարի վրա են դրված զորահավաքները, զինապարտների գրանցամատյան եւ այլն, գուցե առաջատար մասնագետների վրա՞ էլ ինչ-որ պարտավորություն դրվի»,-ասաց ավագանու անդամը: Գավառի համայնքապետարանի աշխատակազմի քարտուղար Կարինե Մանուկյանն ի պատասխան ասաց, որ համաձայն օրենսդրության՝ պաշտպանության, զորահավաքների եւ նման այլ հարցերով՝ բացի համայնքի ղեկավարից, նաեւ օգնականներն են զբաղվում, հիմա արդեն առաջատար մասնագետների վրա էլ կդրվեն որոշ պարտավորություններ:

Ավագանու անդամները հետաքրքրվեցին՝ քանի որ երկրում ռազմաքաղաքական ծանր իրավիճակ է, արդյոք պահանջ չկա՞ համայնքապետարանում այդպիսի հատուկ բաժին ստեղծելու:

Աշխատակազմի քարտուղարն ասաց, որ բաժին ստեղծելու անհրաժեշտություն օրենսդրությամբ ամրագրված չէ, բայց յուրաքանչյուր համայնքապետարան ունի այդպիսի գաղտնի գործառույթներ իրականացնող աշխատակիցներ, որոնք ստանում են հատուկ թույլտվություններ՝ նման գործառույթով զբաղվելու համար: Նրա խոսքով, նույնիսկ շատ տեղերում չի բարձրաձայնվում՝ ովքեր են զբաղվելու նման գործառույթներով: Կարինե Մանուկյանը նաեւ նշեց, որ 44-օրյա պատերազմը ցույց տվեց, թե որքան ճիշտ է ՏԻՄ-երի վրա պարտականություններ դնել: Նրա խոսքով, համայնքապետարանում կա գաղտնի սենյակ՝ չհրկիզվող պահարանով, որտեղ, նման արտակարգ իրավիճակներում, պահվում են բոլոր կարեւոր եւ անհրաժեշտ փաստաթղթերը:

Գավառի ավագանու նիստում հաստատվեց նաեւ համայնքի ղեկավարի վարձատրության չափը: Ավագանու անդամները միաձայն կողմ քվեարկեցին, որ Գուրգեն Մարտիրոսյանը ստանա 463 հազար դրամ աշխատավարձ: Ինչպես տեղեկանում ենք ավագանու նիստի օրակարգից, Գավառ համայնքի ղեկավարի վարձատրության չափը սահմանվել է ՀՀ ազգային ժողովի պատգամավորի պաշտոնային դրույքաչափի 70 տոկոսի չափով:

Նիստի օրակարգի հարցերից մեկն էլ ավագանու ՔՊ անդամ Էդգար Վարդանյանի լիազորությունների վաղաժամկետ դադարեցման հարցն էր: Աշխատակազմի քարտուղարն ասաց, որ նա դիմել է համայնքի ղեկավարին՝ լիազորությունները դադարեցնելու:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31