Ermenihaber. «Վանի գործարարների առևտրաարդյունաբերական միության» գործադիր տնօրեն Զահիր Քանդաշօղլուն անվերապահ աջակցություն է հայտնել հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացին:
Նա հիշեցրել է, որ Կարսի Աքյաքա և Իգդիրի Ալիջան անցակետերով Թուրքիան կապվում է Գյումրիի և Երևանի հետ, սակայն այս պահին 2 անցակետերն էլ փակ են:
«Չնայաց անցակետերի փակ լինելուն՝ Հայաստանի ու Թուրքիայի միջև Վրաստանի ու Իրանի միջոցով առևտուր կատարվում է: Ամեն օր Երևանից Ստամբուլ ինքնաթիռի չվերթներ (թռիչքների մասին նրա տեղեկությունը հնացած է-խմբ.) ու ավտոբուսի ցամաքային կապ կա: Ավելի քան 100 հազար Հայաստանի քաղաքացիներ Ստամբուլում ապրում և աշխատում են: Մյուս կողմից էլ Երևանում լահմաջոյի, էլեկտրական ու շինարարական ապրանքների վաճառքի կետեր հիմնած Թուրքիայի քաղաքացիներ կան»,- ասել է Քանդաշօղլուն:
Վերջինիս խոսքով՝ սահմանի բացումն առևտրի աշխուժացումից բացի կհանգեցնի նաև ժողովուրդների շփմանն ու երկխոսությանը, ինչպես նաև կարող է օգտակար լինել Ադրբեջանի ու Հայաստանի միջև առկա խնդիրների լուծման տեսանկյունից:
Կարդացեք նաև
«Մենք տարիներ շարունակ ասում ենք, որ ոչ մի երկրի հետ եղած խնդիրները չպետք է անդրադառնան առևտրի վրա: Չպետք է մաքսակետերը փակել ու արգելք դնել առևտրի վրա, քանի որ դա բոլոր երկրների համար, հատկապես առևտրի բնագավառում մեծ կորուստների է հանգեցնում: Մեր կազմակերպությունը այս հարցով զեկույցներ է ներկայացրել նախագահ Էրդողանին ու այլ պատկան մարմիններին: Այս համատեքստում անվերապահորեն աջակցում ենք Հայաստանի հետ մեր երկրի սկսած կարգավորման գործընթացին: Կարծում եմ, որ դրա շրջանակներում մեր տարածաշրջանի համար բավականին օգտակար կլինի Վանից Երևան և Ադրբեջան ինքնաթիռի չվերթների անհապաղ մեկնարկումը»,- ասել Քանդաշօղլուն: