Լրահոս
Օրվա լրահոսը

ԱԺ քննիչ հանձնաժողովում քննարկում են «Հայաստան» հիմնադրամից կառավարությանը փոխանցած գումարների հարցը

Հունվար 11,2022 17:08

«Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից հավաքագրված եւ ՀՀ պետական բյուջե փոխանցված միջոցների օգտագործումը ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողովի այսօրվա նիստում մի շարք հարցեր կային, որոնք որոշվեց քննարկել փակ ընթացակարգով։ Նիստի բաց հատվածում ընդդիմադիր պատգամավորները հարցրեցին՝ ինչո՞ւ հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ, ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը նիստին չի մասնակցում։

Հայկ Մամիջանյան

«Պատիվ ունեմ» խմբակցությունից Հայկ Մամիջանյանի համար անհասկանալի էր՝ ՀՀ նախագահին ուղղված իր նամակին ինչո՞ւ է պատասխանել հիմնադրամը։ Հիմնադրամի նախագահ Հայկակ Արշամյանը վստահեցրեց՝ պատասխանը համաձայնեցվել է ՀՀ նախագահի հետ։

Նիստի օրակարգի հարցերն էին՝ այն միջոցները, որոնք հիմնադրամը հատկացրել է կառավարությանը, եւ որը կառավարությունը ծախսել է, որքանո՞վ են օրինական, արդյոք դա համապատասխանո՞ւմ է հիմնադրամի կանոնադրական նպատակներին եւ խնդիրներին։

Հիշեցնենք, 2020 թվականին 44-օրյա պատերազմի օրերին «Հայաստան» հիմնադրամը» նախաձեռնեց «Մենք ենք, մեր սահմանները, ամեն ինչ «Արցախի համար» դրամահավաքը։ Հետո պարզվեց, որ հավաքագրված գումարից մի զգալի մաս՝ 52 մլրդ 703 մլն դրամը, փոխանցվել է կառավարությանը։

Արծվիկ Մինասյան

Քննիչ հանձնաժողովի նախագահ Արծվիկ Մինասյանն իր խոսքում ասաց՝ հիմնադրամի կանոնադրության համաձայն, հոգաբարձուների խորհրդում ներգրավված է 37 անձ, որոնց գերակշիռ մասը գործադիր իշխանությունից է՝ վարչապետ, նախարարներ եւ այն, հիմնադրամի հրապարակած տեղեկատվության համաձայն, հոգաբարձուների խորհրդի մի մասը ներկայացված չի եղել այս որոշումների կայացման ժամանակ, բայց ներկայացված են եղել գործադիրից ներկայացուցիչներ․ «Գործադիրի ներկայացուցիչները, որոնք պետք է քվեարկեին գումարները պետական բյուջե տանելու եւ հետո իրենք էլ որոշում կայացնեին միջոցները տնօրինելու վերաբերյալ, արդյոք կա՞ն գույքային եւ այլ շահեր, եւ իրենք պե՞տք է քվեարկությանը մասնակցեին, թե՞ ոչ»։

Հայկ Մամիջանյանն էլ իր խոսքում նկատեց՝ երբ ստեղծվեց այս հանձնաժողովը, իշխող խմբակցությունը խոսում էր, թե սա նաեւ իշխող խմբակցությանն է անհրաժեշտ, որպեսզի վերականգնվի հիմնադրամի բարի համբավը․ «Ապա պարոն Արշամյանը պատասխանում է՝ ես, ընդհանուր առմամբ, պարտավոր չեմ ձեր մոտ գալ, բայց կգամ։ Սա էր պատասխանի էությունը»։ Մամիջանյանի համար նաեւ անընկալելի էր՝ պարոն Արշամյանի հետ պետք է քննարկեն, թե Արմեն Սարգսյանը գա՞ նիստին, թե՞ չգա․ «Էլ չեմ ասում, որ նրա աշխատակազմին գրություն ենք ուղարկել, բայց պատասխանել է Հայկակ Արշամյանը։ Ակնկալելի է, որ նախագահի աշխատակազմը ուղիղ կշփվի ԱԺ–ի հետ եւ կներկայացնի պարզաբանումները։ Լավ չեմ պատկերացնում՝ Հայկակ Արշամյանի հետ ի՞նչ քննարկենք նախագահի ներկայանալու հետ կապված»։

Հայկակ Արշամյան

Հայկակ Արշամյանը անդրադառնալով «Կուզեմ կգամ, կուզեմ՝ ոչ» Մամիջանյանի «մեղադրանքին», ասաց․«Ես պաշտոնատար անձ չեմ համարվում, եւ իրավունք ունեմ ընդունելու հրավերը։ Այսինքն, իրավունք ունեմ նաեւ չընդունել հրավերը, բայց հարգանքս ԱԺ-ին եւ քննիչ հանձնաժողովին, ներկա եմ։ Երբ քաղաքական տեքստեր են հնչում կամ սուբյեկտիվ կարծիք, կխնդրեմ զգույշ լինել, անիմաստ պալեմիկայի է դա վերածվելու, մեր աշխատանքը կոնստրուկտիվ չի լինելու»։

Ապա Մամիջանյանը պատասխանեց Արշամյանին, նշելով, որ կասկած չուներ, որ պատասխանն Արմեն Սարգսյանի հետ համաձայնեցված է․ «Ես Արմեն Սարգսյանից պատասխան ակնկալում եմ։ Ինձ համար անընկալելի է, թե ինչո՞ւ է նախագահը ԱԺ-ի հետ շփվում, ինչպես պարզվեց, ոչ իրավասու անձի միջոցով։ Պարոն Արշամյան, իմ անձնական, քաղաքական, մասնագիտական գործունեությունը ցայսօր բավական բարվոք կարողացել եմ կառուցել առանց ձեր խորհուրդների, խնդրում եմ եկեք նույնը շարունակենք, նույնը կանեմ ձեր նկատմամբ»։

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31