Լրահոս
Օրվա լրահոսը

Ծնողները բողոքում են տնօրենից՝ երեխաներին սթրեսի ենթարկելու համար

Հունվար 11,2022 16:31

Aravot.am-ին են դիմել 135 դպրոցի 5-րդ դասարանի ծնողները: Նրանք դժգոհում են, որ երկրորդ դասարանից սկսած` իրենց երեխաները կոնկրետ դասվար ու դասղեկ չեն ունեցել, ամեն անգամ դասարան է մտել այդ պահին ազատ որեւէ ուսուցիչ կամ պրակտիկանտ ու ընդամենը զբաղեցրել իրենց երեխաներին, ինչն ազդել է նրանց կրթության որակի վրա:

Ծնողների փոխանցմամբ, հետագայում դասղեկ նշանակված Մարիա Հմայակյանին երեխաները սիրել ու հարմարվել են, սակայն, վերջինիս դպրոցի տնօրեն Գարեգին Ներսիսյանն ազատել է դասղեկությունից՝ հերթական անգամ սթրեսի ենթարկելով իրենց երեխաներին: Ըստ ծնողների, պատճառն այն է, որ «գաղտնի Սանտա» խաղի համար գումար է հավաքվել, առավելագույնը 2000 դրամանոց նվերներ պատրաստելու համար, ինչը դուր չի եկել տնօրենին, անգամ ստիպել է դասղեկին աշխատանքից ազատման դիմում գրել:

Ծնողները նաեւ հայտնեցին, որ ի նշան բողոքի, իրենց երեխաներին դպրոց չեն ուղարկել:

Դասղեկությունից ազատված Մարիա Հմայակյանն ասաց, որ ավելի ուշ կպատասխանի Aravot.am-ին:

Գարեգին Ներսիսյանի լուսանկարը՝ դպրոցի ֆեյսբուքյան էջից

Կապվեցինք նաեւ դպրոցի տնօրեն Գարեգին Ներսիսյանի հետ, որին 5-րդ դասարանի ծնողները մեղադրում են իրենց հետ կոպիտ վարվելու եւ իրենց խնդրանքը չհարգելու մեջ:

Դպրոցի տնօրենն ասաց, որ ինքը Մարիա Հմայակյանին չի ազատել աշխատանքից. «Ես ընդամենը դասղեկությունից եմ ազատել, ինքը դպրոցում սոցիալական աշխատող է, եւ այժմ իր ծանրաբեռնվածությունն է մեծացել, դրան գումարվել է նաեւ դրամահավաքության հետ կապված միջադեպը: Դպրոցում չի կարելի գումար հավաքել, այդ մասին բոլոր դասղեկներին զգուշացրել եմ: Իսկ եթե ծնողներին ձեռք է տալիս, որ իրենց դասղեկը գումար հավաքի, մեզ ընդհանրապես ձեռք չի տալիս: Այդ մասին մեզ բողոքել է ծնողներից մեկը, ես էլ ընթացք եմ տվել»:

Գարեգին Ներսիսյանն ասաց, որ նշված դասարանում միշտ էլ դասվար ու դասղեկ է եղել, եւ երեխաների կրթությունը պատշաճ մակարդակով է կազմակերպվել: «Իսկ եթե դպրոցից դժգոհ լինեին, իրենց երեխեքին կտանեին… Ի դեպ, այսօր այդ դասարանում երեխաներ եկել են եւ դասեր եղել են»,-շեշտեց նա:

Հավելենք, որ ծնողների ստորագրությամբ ԿԳՄՍ նախարարի անունով նամակ է պատրաստվել, Երեւանի քաղաքապետարանի հանրակրթության բաժին դեռ չեն դիմել:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31