Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀ գիտությունների ազգային ակադեմիան կաջակցի Արցախում գիտության զարգացմանը

Հունվար 11,2022 16:37

Ս.թ. հունվարի 10-ին ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայում տեղի ունեցավ հանդիպում Արցախի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Լուսինե Ղարախանյանի հետ:

Հանդիպմանը մասնակցեցին ՀՀ ԳԱԱ նախագահ, ակադեմիկոս Աշոտ Սաղյանը, ՀՀ ԳԱԱ փոխնախագահ Հրանտ Մաթևոսյանը, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս-քարտուղար Արթուր Իշխանյանը, ՀՀ ԳԱԱ ֆիզիկայի և աստղաֆիզիկայի բաժանմունքի ակադեմիկոս-քարտուղար Ռադիկ Կոստանյանը, ՀՀ ԳԱԱ մաթեմատիկական և տեխնիկական գիտությունների բաժանմունքի ակադեմիկոս-քարտուղար Լենսեր Աղալովյանը, ՀՀ ԳԱԱ հայագիտության և հասարակական գիտությունների բաժանմունքի ակադեմիկոս-քարտուղար Յուրի Սուվարյանը, ՀՀ ԳԱԱ գիտահետազոտական կազմակերպությունների տնօրենները և առաջատար մասնագետները:

Արցախի ԿԳՄՍ նախարարի հետ հանդիպմանը մասնակցեցին Արցախի գիտական կենտրոնի տնօրեն Անյուտա Սարգսյանը և Արցախի նախագահի խորհրդական Ազատուհի Սիմոնյանը:

Հանդիպման ժամանակ քննարկվեցին ՀՀ ԳԱԱ-ի և Արցախի գիտական ու կրթական կազմակերպությունների միջև համագործակցության ընդլայնման և զարգացման հեռանկարները:

Ողջունելով մասնակիցներին՝ ՀՀ ԳԱԱ նախագահ, ակադեմիկոս Աշոտ Սաղյանն ասաց. «Այս համագործակցությունն անհրաժեշտություն է, հատկապես Արցախյան վերջին պատերազմից հետո: Այսօր պետք է աջակցել Արցախում գիտության զարգացմանը՝ ներգրավելով Արցախի գիտական կենտրոնը մեր ծրագրերում: Պատերազմից հետո ես երկու անգամ այցելել եմ Արցախ, հանդիպել տարբեր պաշտոնյաների հետ: Մեր առաջարկած համագործակցության ծրագիրը մեծ խանդավառությամբ ընդունվեց, բոլորն էլ հասկանում են դրա կարևորությունը»:
Արցախի ԿԳՄՍ նախարար Լուսինե Ղարախանյանը նշեց. «Ես ինձ շատ լավ եմ զգացել, երբ պարոն Սաղյանը եկել է Արցախ և խոսել է Արցախի գիտական կենտրոնի հենքի վրա Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայի փոքրիկ մոդել սարքելու մասին: Այսօր առավել քան երբևէ կարևոր է մեր ազգային ինտելեկտի ներդրման, ինքնակազմակերպման, կենտրոնացման հարցը: Այսօր մենք ունենք Արցախի հայկականության պահպանման խնդիր, և այս խնդիրը շատ սուր է, այն պետք է լուծվի գիտական մակարդակով: Համաշխարհային քաղաքակրթական արժեքներն Արցախում օկուպացված են, և սրա մասին պետք է խոսել թիրախային լսարաններում, ճիշտ աշխատանք տանել, որպեսզի կարողանանք Արցախը հայկական պահել: Արցախը պետք է դառնա գիտակրթական գրավիչ կլաստեր, պետք է գիտությունը մտցնենք նաև հանրակրթության ոլորտ»:

Լուսինե Ղարախանյանը Արցախի ԿԳՄՍ նախարարության «Լույսի առաքյալ» մեդալ շնորհեց Աշոտ Սաղյանին: Շնորհակալություն հայտնելով՝ Աշոտ Սաղյանը նշեց. «Այս մեդալն ինձ համար ամենաբարձր նվերն է»:

Հանդիպման ժամանակ ՀՀ ԳԱԱ գիտահետազոտական կազմակերպությունների տնօրենները հանդես եկան համագործակցության հստակ առաջարկություններով: Մասնավորապես, առաջարկվեց իրականացնել հետազոտություններ ջրի որակի, գյուղատնտեսական մթերքների, տարածքների աղտոտվածության վերաբերյալ, ներդնել և ընդլայնել Արցախում կենսատեխնոլոգիաներ՝ կենսապրոդուկտների ստացման նպատակով: Առաջարկվեց կազմակերպել պրակտիկա ՀՀ ԳԱԱ-ի ինստիտուտներում Արցախի երիտասարդ գիտնականների համար, Արցախում կազմակերպել դասախոսություններ Հայաստանի առաջատար մասնագետների կողմից, ինչպես նաև Արցախում կազմակերպել արտագնա նստաշրջաններ և գիտաժողովներ:

ՀՀ ԳԱԱ տեղեկատվական-վերլուծական ծառայություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31