ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովն այսօր քննարկեց եւ միաձայն ընդունեց ՀՀ քաղաքացիական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին նախագիծը:
Նախագիծը կշրջանառվի 24 ժամյա ռեժիմով:
ՀՀ օրենսդրությամբ ժառանգությունը կարող է ընդունվել քաղաքացու մահվան օրվանից վեց ամսվա ընթացքում, սակայն այն դեպքում, երբ անձը մահացել է կոնկրետ հայտնի ժամանակահատվածում՝ պատերազմ, աղետ եւ վեց ամսվա ընթացքում անձի ինքնությունը չի պարզվել, ժառանգություն ընդունելը դառնում է շատ բարդ: Այս խնդրին ՀՀ քաղաքացիները բախվել են 2020-ի 44-օրյա պատերազմից հետո, երբ զոհվածների ինքնությունը չի պարզվել: Խնդրին լուծում է առաջարկվում այսպես՝ եթե քաղաքացու ինքնությունը չի հաստատվել մահվան պահից առնվազն մեկ ամսվա ընթացքում, ժառանգության բացման պահը համարել ոչ թե մահվան, այլ մահվան պետական գրանցման օրը:
Իշխանական պատգամավոր Արթուր Դավթյանը հարցրեց՝ այդ դեպքում ո՞ր օրն է գրանցվում մահվան օր, քանի որ իր ենթադրությամբ, մահվան պետական գրանցման օրն էլ արձանագրվում է մահվան օր եւ այդ պահից սկսած՝ վեց ամսվա ընթացքում, ժառանգները հնարավորություն են ունենում դիմել ժառանգության համար:
Կարդացեք նաև
Նախագծի հեղինակներից Լենա Նազարյանն ասաց՝ ինքը ելնում է կոնկրետ դեպքից, երբ մահացածի հարազատները չեն կարողացել ստանալ նրա հաշվեհամարին առկա գումարը, քանի որ նոտարը չի կարողացել որոշակի գործողություններ իրականացնել:
Կառավարության ներկայացուցիչ, ՀՀ արդարադատության նախարարի առաջին տեղակալ Քրիստինե Գրիգորյանը մանրամասնեց՝ մահվան օրն արձանագրվում է մոտավորապես, ջոկատի հետ վերջին կապից ելնելով, իսկ սույն փոփոխությունն առաջարկվում է, որ նոտարները կարողանան հարգելի ճանաչել բաց թողնված ժամկետը:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ