ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի հանձնաժողովի նիստում հանձնաժողովի նախագահ, ՔՊ պատգամավոր Սիսակ Գաբրիելյանը առաջարկեց նոր նախագիծ՝ փոփոխություն կատարել «Կրթության մասին» օրենքում:
Այժմ պետբյուջեի միջոցներով ֆինանսավորվում է դպրոցներում տարրական դասարանների դասագրքերի գումարը: Սիսակ Գաբրիելյանն ասաց, որ ոչ պետական դպրոցների հատվածում այդ դասագրքերի վաճառքը արգելվում էր, բայց մյուս կողմից մենք ունենք 4 տասնյակից ավելի՝ 48 ոչ պետական դպրոցներ, որոնց պարտադրում ենք, որ մեր ծրագրերով անցկացնեն երեխաների կրթությունը. «Ամենատարբեր միջոցներով այդ դպրոցները փորձում էին հայթայթել այդ դասագրքերը: Մենք ասում ենք, որ այդ դասագրքերը տրամադրվում են ոչ թե դպրոցներին, այլ՝ երեխաներին ու պետք է տարբերություն չդնենք, թե որ դպրոցն է հաճախում այդ երեխան: Ուստի առաջարկվում է, որ պետությունը 1-ից 4-րդ դասարանցիների համար դասագրքերով ապահովի նաեւ ոչ պետական դպրոցներին եւս, որոնք տարրական հանրակրթական ծրագիր են իրականացնում»:
Ոչ պետական դպրոցներում վերջին տվյալներով մոտ 4018 երեխա է սովորում: Առաջինից չորրորդ դասարանցու դասագրքերի գումարը 10-12 հազար դրամի շրջանակներում է: Պետության վրա տարրական դասարանի մեկ դասագիրքը արժենում է 1200-1600 դրամ:
Կարդացեք նաև
ԿԳՄՍ փոխնախարար Ժաննա Անդրեասյանն ասաց, որ կառավարությունը դրական եզրակացություն է տվել ու իսկապես տարբերություն չպետք է լինի իրենց համար պետական հոգածության տեսանկյունից, թե որ դպրոցում է սովորում երեխան՝ պետակա՞ն, թե՞ ոչ պետական:
Նախագիծը դրական եզրակացություն ստացավ հանձնաժողովում:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ