Լրահոս
Օրվա լրահոսը

«Եթե մենք զորախումբ չենք ուղարկում Վերին Շորժա, Սյունիք, որտեղ զինուժի պակաս կա, բայց ուղարկում ենք 100 հոգի Ղազախստան, գտնում եմ՝ սա առնվազն սխալ էր». Դավիթ Շահնազարյան

Հունվար 11,2022 15:34

Ազգային անվտանգության ծառայության (ԱԱԾ) նախկին տնօրեն, հատուկ հանձնարարություններով դեսպան Դավիթ Շահնազարյանը կարծում է, որ ՀՀ իշխանությունները մի նոր խնդիր ստեղծեցին ՀՀ անվտանգության համար՝ ՀԱՊԿ-ի շրջանակներում Ղազախստան զորախումբ ուղարկելով:

Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում հրավիրված ասուլիսի ժամանակ Դավիթ Շահնազարյանն այս առիթով մանրամասնեց. «Ղազախստանում ՀԱՊԿ-ի կողմից իրականացվող խաղաղապահ առաքելություն անցկացնելը ճիշտ եմ համարում, բայց հայկական զորախմբի մասնակցությունը լրջագույն խնդիր է ՀՀ անվտանգության համար»: Դավիթ Շահնազարյանի վստահեցմամբ՝ անվտանգության առումով դա լուրջ խնդիրներ է առաջացնելու Ղազախստանի հայ համայնքի համար: Նա պարզաբանեց. «Ադրբեջանական և թուրքական քարոզչությունն արդեն սկսել է ակտիվորեն գրեթե ողջ աշխարհում, հատկապես արդեն թուրքալեզու մամուլում և Եվրոպայում ցույց տալ դա՝ որպես Ղազախստանում ռուս-հայկական ագրեսիա: ՄԵծ Բրիտանիայի մամուլում են հոդվածներ հայտնվել: Սա առաջ է բերում առաջին հերթին Ղազախստանում լուրջ հակահայկական տրամադրությունների ձևավորում: Հայաստանը միջազգային հարթակներում ներկայացվելու է որպես օկուպանտ: Սա վտանգավոր է նաև մեր բոլոր հայկական համայնքների, դեսպանատների ու հյուպատոսությունների համար: Չի բացառվում՝ գուցե կատարվեն բռնի ահաբեկչական գործողություններ համայնքների և դեսպանատների դեմ, որոնք կներկայացվեն որպես ղազախական թեմայով ընդվզում: Բայց դրանք կիրականացվեն մեր թշնամի երկրների հատուկ ծառայությունների կողմից»:

Դավիթ Շահնազարյանը ցավով նշեց՝ ՀՀ իշխանությունները այս քայլով ևս ապացուցեցին, որ շարունակում են անվտանգության համակարգերի կազմաքանդումը, մինչդեռ նրանք այս փաստարկները կարող էին ներկայացնել Ռուսաստանին և ընդվզեին Ղազախստան զորախումբ ուղարկելուց: Դավիթ Շահնազարյանը փաստեց՝ Ղազախստանը երբեք չի եղել ՀՀ-ի համար բարեկամ երկիր, և այժմ կարևոր է, թե այս ամենից հետո ինչպիսին կլինի Ղազախստանը, քանի որ նա վտանգ է տեսնում, որ կարող է պրոթուրանական ուղղվածությունը գերակայող լինել Ղազախստանում նաև այս ամենից հետո:

Նրա համար Ղազախստանի իշխանության`ՀԱՊԿ խաղաղապահ ուժերի դուրսբերումը սկսելու որոշումը շատ տարօրինակ է. «Ի՞նչ է՝ Տոկաևն արդեն ամբողջությամբ տիրապետո՞ւմ է իրավիճակին, արդեն վերահսկո՞ւմ է այն: Նախկինում խոսում էր 20 հազար ահաբեկիչների հարձակման մասին։ Արդեն ի վիճակի՞ է ինքնուրույն ապահովել երկրի կայունությունը»:

Դավիթ Շահնազարյանը հայկական զորախումբ Ղազախստան ուղարկելն անտրամաբանական համարեց ու նշեց. «Եթե մենք զորախումբ չենք ուղարկում Վերին Շորժա, Սյունիք, որտեղ զինուժի պակաս կա, բայց ուղարկում ենք 100 հոգի Ղազախստան, գտնում եմ՝ սա առնվազն սխալ էր: ՀՀ-ում չկա որևէ քաղաքական ուժ, որը պաշտպանի մեզ համար խիստ վտանգավոր այս որոշումը: Վստահ եմ, որ ՌԴ-ին անգամ փորձ չի արվել բացատրել, որ սա մեզ համար խնդրահարույց է: Հույս ունեմ, որ չեն ասի, թե որտեղ են տեղակայված մեր հարյուր տղաները, թեև մեծ խնդիր չէ ադրբեջանական և թուրքական հատուկ ծառայությունների համար, որոնք բազմապատիկ ակտիվությամբ են ծառայում և որոնց համար թիվ մեկ թիրախն այնտեղ մենք ենք լինելու, դա շատ արագ բացահայտելը»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31