Ի՞նչ արտոնություններ կարող են ստանալ 44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների ընտանիքները, նրանց վարկային պարտավորությունները կարո՞ղ են ներվել բանկերի կողմից. այսօր այս թեմայով ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցրի հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանը քննարկում էր կազմակերպել խորհրդարանում՝ բանկային ոլորտի ներկայացուցիչների մասնակցությամբ:
Քննարկում էին այնպիսի լուծում գտնել, որ ընտանիքների սոցիալական խնդիրները լուծվեն, բայց դրանից շատ չտուժեն նաեւ բանկերը:
Թովմասյանն ասաց, որ ընտանիքներ կան, որ կորցրել են իրենց գույքը, որը գրավադրված է եղել բանկում, որովհետեւ տան աշխատող ուժին կորցրել են պատերազմում. «Անհատական մակարդակում որոշ հարցեր լուծվում են, բայց շատ ընտանիքներ կան, որ չեն կարողանում հասնել մեզ ու, ըստ էության, զոհվածի ընտանիքներն իրենց բանկային խնդիրների հետ մնում են միայնակ»:
Կարդացեք նաև
Հայաստանի բանկերի միության նախագահ Գեւորգ Մաչանյանն ասաց, որ լինում են դեպքեր, որ մարդիկ օգտագործում են եղած հնարավորությունը ու փորձում են իրավիճակից օգտվելով՝ խուսափել պարտավորությունը մարելուց:
Հայաստանի բանկերի միության գործադիր տնօրեն Սեյրան Սարգսյանն ասաց, որ 6 ամիս առաջվա տվյալներով՝ 17 հազար 100 անձանց շուրջ 2,8 մլրդ դրամի ներումներ են իրականացվել. «Զոհված եւ անհետ կորած անձանց պարտավորությունների ներում է իրականացվել 204 հազար անձանց մասով՝ 1 մլրդ 948 մլն դրամի չափով, 631 մլն դրամ ներվել է զոհված կամ անհետ կորած անձանց ընտանիքի անդամների պարտավորությունների մասով, վիրավոր մասնակիցների եւ նրանց ընտանիքների պարտավորությունների մասով՝ 230 մլն դրամ: Սա եղել է բանկերի եւ վարկային կազմակերպությունների կողմից»:
Հարցին՝ ներման այս թվերի մեջ պետության մասնաբաժինը կա՞, թե՞ միայն մասնավորն է այսքան ներել՝ Սեյրան Սարգսյանը պատասխանեց, որ ներված այս միջոցները ամբողջությամբ ֆինանսական կազմակերպություններն իրականացրել են իրենց կապիտալ միջոցների հաշվին:
Բանկերի ներկայացուցիչները թվարկեցին, թե իրենք ինչ չափով են ներում կատարել, նաեւ 12 ամիս ժամկետով անտոկոս վարկեր են տրամադրել զոհվածների ընտանիքներին:
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի խորհրդական Արսեն Մանուկյանն ասաց, որ կառավարությունը շուրջ 130 մլրդ դրամի աջակցության ծրագրեր է իրականացրել 2021-ին, այդ ծրագրերը միտված են եղել Արցախի սոցիալ-տնտեսական վերականգնմանը ու հիմնականում Արցախից տեղահանված մեր հայրենակիցներին են ուղղվել:
Թագուհի Թովմասյանը նշեց, որ Արցախում հիփոթեքային կամ գյուղատնտեսական վարկերը մարվել են, Հայաստանի դեպքում այդ խնդիրը կա. «Մենք ունե՞նք պատկերացում, թե այս պահի դրությամբ ինչքա՞ն վարկային պարտավորության մասին է խոսքը, քանի՞ զոհվածի ընտանիք ունենք, որոնք վարկային բեռ ունեն, հասկանանք, թե ընդհանուր ի՞նչ ծավալի մասին է խոսքը ու ինչ կարող ենք անել»:
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանն ասաց, որ այս հարցը խորքային լուծում է պահանջում ու ոչ միայն բանկերը պետք է լուծում տան, այլ սա պետության լուծելիք խնդիրն է նաեւ. «Որեւէ մեկին չեմ ցանկանում զգա, թե ինչ է տեղի ունենում այն մարդու տանը, որի որդին անհետ կորած է, հետո պարզվում է՝ զոհված է: Այդ ընտանիքը, առանց պետության աջակցության, ամիսներով թողնելով ամեն ինչը, զբաղվում է միայն իր որդուն գտնելով, հետո նաեւ՝ երազում է որդու մարմինը գտնելու մասին: Մենք ունենք ընտանիքներ, որոնք դեռ այդ փնտրտուքների մեջ են: Այդ ընթացքում այդ մարդիկ բնականաբար ոչ միայն ֆինանսական կորուստներ են ունենում, այլ նաեւ մոռանում են իրականում, որ ունեցել են վարկեր: Մարդիկ կան, որոնք հիփոթեքայյին վարկեր են վերցրել՝ հուսով, որ իրենց որդին բանակից վերադառնալու է ու բնակարանում ապրելու է: Մենք թվերին ենք նայում՝ զիջե՞նք զոհվածի ընտանիքին, թե՞ չզիջենք, այնպիսի տպավորություն է, որ որոշել են հողմաղաց կառուցել, քամին քշել, տարել է ու հիմա բանկը որոշում է՝ ներե՞լ պարտքը, թե՞ չներել: Սա բանկերի խնդիրը չի, պետության խնդիրն է: Ես իմ օրինակով ասեմ, այնքան տարօրինակ էր իմ համար, երբ պարզվեց, որ մեր տան անդամներից մեկը բանկերից մեկում ունեցել է սպառողական վարկ, եւ հետո, երբ գնացինք, որ վարկը մուծենք, ասեցին՝ ձեզ կորոնավիրուսային զեղչման համակարգի մեջ կգցենք, որ քիչ տաք: Գիտեք, այնքան վիրավորական է, որ հայրենիքի համար կյանքը տված մարդու համար չկա ինչ-որ որոշում եւ նրան ընդգրկում են կորոնավիրուսային ծրագրի մեջ: Դա էլ է չէ՞ պետության վերաբերմունքը այս մարդկանց նկատմամբ: Բանկեր կան ու վարկային կազմակերպություններ, որոնք առանց քննարկման զրոյացրել են պարտքերը, ահագին զիջումների են գնացել, բանկեր էլ կան, ասել են՝ թքած ունենք, թե ինչ է եղել, ականատես եմ եղել»:
Գեղամ Նազարյանը բանկերի ներկայացուցիչներին հանձնեց իր մոտ եղած ցուցակը, թե ինչ խնդիրներ են գույքագրվել. «Կին կա, ունի 3 երեխա, ամուսինը զոհվել է, վարկը ինչպե՞ս տա: Բա եթե մենք մեզ հարգում ենք, կենացներ ենք ասում, մեկը չի՞ ասում՝ այս 3 երեխա ունեցող կինը ո՞նց է փակելու վարկը, պետությունը մտածե՞լ է: Ես անհարմար եմ զգում, երբ ինձ զանգում են ու ասում՝ գոնե սեւ ցուցակից հանեն, երեխայի համար վարկ վերցնեմ, ես հետո մի կերպ կվճարեմ»:
Քննարկման ընթացքում որոշվեց բոլոր դեպքերը գույքագրել ու նոր լուծման տարբերակներ մտածել:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ