Լրահոս
Օրվա լրահոսը

«Պետք է ապահովագրված լինենք նրանից, որ անբարեխիղճ տնտեսվարողները կօգտվեն օրենսդրական բացից եւ կխուսափեն պետական տուգանքների վճարումից»

Հունվար 11,2022 14:55

ՀՀ կառավարությունն առաջարկում է լրացումներ եւ փոփոխություններ կատարել Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում:

Ծովինար Սողոմոնյան

Ըստ նախագծի հիմնական զեկուցող, ՊԵԿ նախագահի տեղակալ Ծովինար Սողոմոնյանի, նախագծի ընդունմամբ կսահմանվի ՀՀ պետական եկամուտների կոմիտեի կողմից վարչական վարույթը կասեցնելու կամ երկարաձգելու իրավունքը եւ կհստակեցվի կասեցված կամ երկարաձգված վարչական վարույթներով վարչական տույժ նշանակելու ժամկետը, ինչպես նաեւ վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերով հարկային մարմնի կողմից քննվող գործերով վերջինիս վերապահված իրավասությունների շրջանակը:

Արամ Վարդեւանյան

Ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդեւանյանը կարգավորումը համարում է խստացնող: Նրա հարցին՝ ի՞նչ պրակտիկա ունենք, որ կառավարությունում նման առաջարկի են հանգել, ՊԵԿ նախագահի տեղակալը պատասխանեց, որ մեկ տասնյակից ավելի դատական գործեր ունենք, որ հնարավոր չի եղել տույժ նշանակել, քանի որ օրենքով սահմանված երկամսյա ժամկետը լրանալուց հետո է տուգանքը նշանակվել:

Վլադիմիր Վարդանյան

Հարակից զեկուցող, ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանի գնահատմամբ, սրանով իրավական որոշակիություն է մտցվում վարչական վարույթի եւ վարույթի արդյունքում անձին տույժի ենթարկելու ինստիտուտների միջեւ: Ըստ նրա, անթույլատրելի է, որ ձգձգելով գործընթացները՝ փորձ է արվում խուսափել պետական տույժի վճարումից:

Արամ Վարդեւանյանը մնաց իր կարծիքին՝ նկատելով, որ նախագծի հիմնավորումներից տպավորություն է, որ վարչական մարմինը մի քիչ դանդաղ է աշխատել, որովհետեւ Վարչական դատարանը, մի քանի գործերով անվավեր է ճանաչել տույժերի նշանակումը, քանի որ ժամկետների խախտում է եղել՝ երկամսյա ժամկետի ավարտից հետո է տույժը նշանակվել: Ըստ ընդդիմադիր պատգամավորի, մեղավորը մարդը չի եւ այստեղ վարչական մարմնի արագ գործելու հարցն է առաջ գալիս:

Միակ հանգամանքը, որը նախագծում խնդրահարույց չէ, Արամ Վարդեւանյանի գնահատմամբ, կասեցումն է, երբ անձը հայտնի չէ: Մինչդեռ մյուս դեպքում, երբ փորձաքննություն է իրականացվում կամ միայն գործողություն ու դրանով պայմանավորված ժամկետներն ավելի անորոշ են դարձվում, դա իրավունքից նահանջ է, մանավանդ, որ սա համակարգային խնդիր չէ ու դժբախտություն չէ, որ մի քանի գործերով, քանի որ ժամկետներ են բաց թողնված, ՊԵԿ-ը հաղթանակ չի տոնում: Այս պարագայում նա լուծում է համարում ներսում ժամկետների խստացումը, այլապես այլ տեսանկյունից են խնդիրներ առաջանալու, մասնավորաբար, որ փորձաքննությունների ՊՈԱԿ-ը շատ ծանրաբեռնված եւ հնարավոր չէ կանխատեսել փորձաքննությունների ժամկետները, փորձաքննությունները տեւելու են երկար եւ մարդը լինելու է մշտապես այն ռեժիմում, որ ՊԵԿ-ն իր հետ վեճ ունի, իսկ ՊԵԿ-ի զանգերից ու հաղորդագրություններից, մարդիկ մեծ ոգեւորություն չեն ապրում՝ ամբողջ աշխարհում: Արդյունքում, ըստ նրա, ստացվում է, որ հին կարգավորումն ավելի առաջադեմ եւ մեղմ է, քան առաջարկվողը:

Հիմնականում համամիտ լինելով ընդդիմադիր գործընկերոջ կարծիքի հետ, Վլադիմիր Վարդանյանն ասաց, որ սա խստացում չէ, այլ հստակեցում է եւ պետք է ապահովագրված լինենք նրանից, որ անբարեխիղճ տնտեսվարողները կօգտվեն օրենսդրական բացից եւ կխուսափեն պետական տուգանքների վճարումից: Նա կարեւորեց ժամկետային վերին շեմերի հստակեցումը, այդ թվում նաեւ փորձաքննությունների: Բացթողումները, հավաստիացրեց, կլրացվեն առաջինից-երկրորդ ընթերցման հատվածում:

Վիգեն Խաչատրյան

ՔՊ-ական պատգամավոր Վիգեն Խաչատրյանն էլ առաջարկեց, բայց չպնդեց, որ ՏԻՄ-երի մասով ձեռնպահ մնան, քանի որ խոշորացման համատեքստում լուրջ փոփոխություններ են նախատեսվում ոլորտում՝ ընթացիկ տարվա ընթացքում:

3 դեմ, 6 կողմ ձայների հարաբերակցությամբ նախագիծն ընդունվեց եւ ընդգրկվեց ԱԺ խորհրդի նիստի օրակարգում:

Մանրամասները՝ քիչ ուշ՝ տեսանյութում

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31