«ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը տարեվերջյան ասուլիսով ու դրան հաջորդած հայտարարություններով փաստացի նշեց՝ այո, ես պետական դավաճան եմ, կարող եք՝ ինձ հանեք»,- Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում հրավիրված ասուլիսի ժամանակ կարծիք հայտնեց Ազգային անվտանգության ծառայության (ԱԱԾ) նախկին տնօրեն, հատուկ հանձնարարություններով դեսպան Դավիթ Շահնազարյանը:
Ըստ նրա՝ Նիկոլ Փաշինյանի հայտարարություններին ի պատասխան՝ ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանի հայտարարությունը խիստ մտահոգիչ էր: Իսկ ԱՀ ԱԺ հայտարարությունը բովանդակային առումով տարբերվում էր: Դավիթ Շահնազարյանը պարզաբանեց. «Արայիկ Հարությունյանը նշել էր, որ Արցախի անունից կարող են խոսել միայն ԱՀ-ի պաշտոնական ներկայացուցիչները: Թվում է՝ հայրենասիրական հայտարարություն է, բայց իրականում շատ վտանգավոր: Այսինքն՝ սա Փաշինյանի երազանքն է, ինչին իսկապես ձգտել է գործընկերներ Ադրբեջանի և Թուրքիայի հետ՝ տապալել Մինսկի խումբը: Սա ուղղակի հարված է ԵԱՀԿ Մինսկի խմբին: Խնդրում եմ չտրվել Արայիկ Հարությունյանի կեղծ հայրենասիրական կոչին»:
Արցախի ԱԺ-ի հայտարարության առիթով Դավիթ Շահնազարյանը նշեց՝ այնտեղ հստակ նշվում են պահանջներ, որոնք ԱՀ-ն դնում է Փաշինյանի առաջ, թե ինչպես պետք է նա ներկայացնի Արցախի շահերը և բանակցի ինչ սահմաններում. «Հայտարարությունում նշված է, որ ԱՀ-ն երբեք չի կարող լինել Ադրբեջանի կազմում, հիշատակվում էր նաև ԳԽ որոշում-օրենքը: Ես դեռևս հույս ունեմ, որ Արայիկ Հարությունյանը հանդես կգա նոր հայտարարությամբ և արդեն կբերի այն հիմքերը, որոնք կան ԱՀ ԱԺ հայտարարության մեջ: Արայիկ Հարությունյանի հայտարարությունը լրջագույն վտանգ է և հերթական, այսպես ասած, նվերը Ադրբեջանին վերջնականապես ջախջախել Մինսկի խումբը, քանի որ առ այսօր այն մնում է միակ միջազգային հարթակը, որտեղ պետք է որոշվի ԱՀ-ի քաղաքական կարգավիճակը»:
Կարդացեք նաև
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ