Լրահոս
Օրվա լրահոսը

«Մեզ ասում են՝ այսինչ պաշտոնյան շեշտը ճիշտ չի դնում, ինչո՞ւ չեք դիմում դատարան». Դավիթ Գյուրջինյան

Հունվար 11,2022 14:23

«2021 թ առանձնահատուկ նորություն չեղավ Լեզվի կոմիտեի համար, որովհետեւ համավարակին եւ պատերազմին հաջորդող տարի էր, մենք զբաղվել ենք մեր գործունեությամբ, որը կարող ենք բաժանել երկու հիմնական ուղղությունների, առաջին ուղղությունը վերահսկողությունն է, մյուսը՝ լեզվական վերահսկողությունը»,-«Արմենպրեսի» մամուլի կենտրոնում նշեց Լեզվի կոմիտեի նախագահ Դավիթ Գյուրջինյանը:

«ՀՀ օրենքների՝ հատկապես Լեզվի մասին ՀՀ օրենքի պահանջների համաձայն, դրանց կատարումը ապահովելու նպատակով Լեզվի կոմիտեն 2021 թ հարուցել է վարչական իրավախախտման 76 դեպք: Մեզ կարող են ասել, որ խախտումներն ավելի շատ են՝ նկատի ունենալով այն, ինչ տեսնում ենք Հայաստանի տարբեր բնակավայրերում ցուցանակների, եւ վահանակների վրա: Բայց 76-ն էլ երկար ընթացք ունեն, արձանագրում, հետո դիմում ենք դատարան: Դա տեւական գործընթաց է, որոշ գործեր տեւում են տարիներ, իսկ հասարակությունն անհամբեր է: Հասարակության ակտիվ մասը, որը հայերենի շահով է ապրում, անհանգիստ է եւ ասում է՝ ինչո՞ւ է սա այսպես եւ ոչինչ չի փոխվում: Պատճառն այն է, որ սպասում ենք դատարանի որոշմանը»,-պարզաբանեց Լեզվի կոմիտեի նախագահը:

Համեմատություն անցկացնելով 2019-ի հետ՝ Գյուրջինյանը նշեց. «Դա նախապես պայմանավորված մի թիվ է, որ 70 գործ պետք է ներկայացվեր վարչական դատարան: Այս տարվա հայցերից 8-ը բավարարվել է, 19-ը մերժվել, մնացած 2-ը՝ կարճվել, 43 գործ դեռ քննվում է դատարանում: 76 գործիչ դեռ այսպիսի փոքր թիվ ունենք, ինչը մտահոգիչ է: Մենք ակնկալում ենք, որ Հայաստանի արտաքին տեսքը նախ պիտի հայերեն լինի, հետո՝ օտար լեզվով: Հայաստանում պիտի գրագրությունը լինի հայերեն: Կուզենայի կոչ անել եւ հորդորել մեր տնտեսվարողներին՝ այո, զբոսաշրջիկներ շատ են գալիս Հայաստան, բայց մենք չենք ապրում նրանց համար, սա մեր երկիրն է, եւ այստեղ հայերենը պետական լեզվի կարգավիճակ ունի: Ամենուրեք պիտի լինի նախ հայերենը, հետո, համեցեք՝ ոմանց սիրելի ռուսերենը, կամ ոմանց շատ սիրելի անգլերենը եւ այլն»:

Նա ընդգծեց, որ մերժված գործերը «գնում» են նաեւ Վերաքննիչ եւ Վճռաբեկ դատարան, եւ կոմիտեն հետեւողական է դրանց ճակատագրով:

«Մեզ երբեմն մեղադրում են, թե անգործության մեջ ենք, իրականում այդպես չէ, երբեմն լինում են նաեւ հանիրավի պահանջներ, օրինակ` ասում են՝ այսինչ պաշտոնյան շեշտը ճիշտ չի դնում, ինչու չեք դիմում դատարան: Դա շատ զվարճալի է»,-նշեց Դավիթ Գյուրջինյանը:

Նա անդրադարձավ նաեւ լեզվական վերահսկողությանը, որի շրջանակում մշտադիտարկում են անցկացնում հայաստանյան հեռուստաընկերությունների, տպագիր եւ առցանց ԶԼՄ-ների շրջանում եւ բոլորին ամփոփագրեր են ուղարկում նրանց լեզվական սխալների վերաբերյալ: Անցյալ տարի ուղարկվել է 37 այդպիսի ամփոփագիր, եւս 3-ը պատրաստվում են ուղարկել:

Դավիթ Գյուրջինյանն ասաց, որ մի հնար են կիրառում՝ ամփոփագրերն ուղարկելուց որոշ ժամանակ անց կրկին ուսումնասիրում են՝ արդյոք լրատվամիջոցները շտկել են լեզվական սխալները, արդյոք նպատակային աշխատանք են կատարել. «Որոշ դեպքերում մեզ լսում են, շտկում սխալները, որոշ դեպքերում էլ դժբախտաբար լրագրողները, հատկապես հեռուստահաղորդավարները համառորեն շարունակում են արտառոց լեզվական սխալներ թույլ տալ»:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31