44-օրյա պատերազմում զոհված հարազատներից Կարինե Մելքոնյանը, որը խնդրեց չնշել իր զոհված հարազատի անուն ազգանունը՝ մեր զրույցի ընթացքում ասաց. «Գիտե՞ք զոհվածների հարազատները հոգնել են ամեն թեմայի շահարկումից, բայց քանի որ այսօր շնորհակալություն հայտնելու օրն է՝ չէի կարող անտարբեր անցնել»։
Դեկտեմբերին Կարինեի բարեկամը, որը զոհված զինվորի մայր է, չէր կարողացել կոմունալ վճարումները անել։ «Գիտեք, էս եղանակին ինչքան գազ են սպառում, լույս, ջուր։ Մի խոսքով, Ամանորի շեմին պիտի անջատեին ինչ կար-չկար: Դիմել էր մի քանի հոգու՝ չէին աջակցել: Նույնիսկ պարտքով գումար էր խնդրել՝ թոշակը ստանալուն պես՝ վերադարձնելու պայմանով, բայց մերժել էին»,-պատմում է տիկին Կարինեն։ Վերջինս էլ զանգահարել էր անծանոթ գործարարի՝ Գարիկ Ղազարյանին։ «Լսել էի նրա մասին, որ Քաջարանում է բնակվում, միշտ օգտակար է լինում իրեն դիմողներին։ Ամաչեցի, որովհետեւ չէի ճանաչում։ Նույնիսկ զարմացա, որ պատասխանեց հեռախոսազանգիս ու ներկայացրի իրավիճակը։ Անմիջապես արձագանքեց»,-ասում է Կարինեն։
Մեր զրուցակիցը իր եւ զոհվածի մոր անունից երախտագիտություն հայտնեց։ «Գիտե՞ք, անգամ մի բառն այդ մարդկանց սփոփում է, եթե մերժում են նրանց ցանկացած խնդրանք, դա էլ ձեւ ունի, խնդրում եմ՝ չնեղացնենք մարդկանց»,-բոլորին դիմում է Կարինե Մելքոնյանը։
Aravot.am-ը կապ հաստատեց գործարարի հետ։ Գարիկ Ղազարյանը իմանալով խոսակցության թեման՝ խնդրեց չանդրադառնալ։ «Մենք բոլորս պարտավոր ենք սատար կանգնելու մեր հերոսների հարազատներին։ Ու չեմ կարծում կլինի որեւէ մեկը, որ հնարավորություն ունենա ու չաջակցի նրանց։ Ես եմ շնորհակալ տղերքին, նրանց ծնողներին, հարազատներին»,-ասաց Գարիկ Ղազարյանը։
Կարդացեք նաև
Արմեն ԴԱՎԹՅԱՆ
Լուսանկարը՝ Գարիկ Ղազարյանի ֆեյսբուքյան էջից